Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց. «Եվրամիության կամ ընդհանրապես վերպետական կազմակերպությանն անդամագրվելու որոշում մեր Սահմանադրության համաձայն կարելի է կայացնել միայն ու միայն հանրաքվեի միջոցով և եթե հանրաքվեին սահմանված չափով կողմ ձայներ ստացվեն»։
Անահիտ Ադամյան
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ը
Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին, որ առաջին օրինագիծն է՝ իբրև քաղաքացիական նախաձեռնություն ԱԺ քննարկմանը ներկայացված:
Ի՞նչ փաստարկներ ներկայացրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը.
1.Վերջին տարիներին ՀՀ-ի և ԵՄ-ի դինամիկ և զարգացող հարաբերությունները։
2.ԵՄ-ն տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանը:
3.ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել և ներգրավվել է ՀՀ-ի շուրջ անվտանգային միջավայրի ապահովմանը:
4.ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ-ի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը:
5.Արարատ Միրզոյանը կոնկրետ չասաց, բայց ԵՄ դիտորդներն են ՀՀ տարածքում դարձել ագրեսիաների կանխման գործոն:
6.Արարատ Միրզոյանը չասաց, բայց ԵՄ-ն սկսել է ՀՀ-ի հետ առանց վիզային ռեժիմի երթուդարձի գործընթացը:
7.Արարատ Միրզոյանը դարձյալ կոնկրետ չասաց, բայց 2024-ի ապրիլի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի, ԵՄ ԱԳ նախարար Ժոզեպ Բորելի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ՀՀ տնտեսական դիմակայունության ծրագիր է ներկայացվել՝ ֆինանսավորումով:
8.Արարատ Միրզոյանը չէր կարող ասել և չասաց, որ ԵՄ անդամ Ֆրանսիան Հայաստանին զենք է վաճառում և Հայաստանի հետ կոնկրետ պայմանագրեր է կնքում:
9.ԱԳ նախարարը չէր կարող ասել և չասաց, որ ՀՀ-ն պարտավոր էր ռազմավարական և ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրեր կնքել Հունաստանի, Կիպրոսի, Լեհաստանի հետ, բայց հայտնի պատճառներով չի կարողացել ու չի կարողանա, քանի դեռ սառեցված է ՀԱՊԿ-ում:
10.ԱԳ նախարարը չէր կարող ասել և չասաց, որ 2024-ին հայտնի պատճառներով կրճատվել է ԵՄ-ի հետ ապրանքաշրջանառությունը:
Փոխարենը Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց. «Եվրամիության կամ ընդհանրապես վերպետական կազմակերպությանն անդամագրվելու որոշում մեր Սահմանադրության համաձայն կարելի է կայացնել միայն ու միայն հանրաքվեի միջոցով և եթե հանրաքվեին սահմանված չափով կողմ ձայներ ստացվեն», իսկ մինչ այդ «Այս օրենքի ընդունումից հետո մենք Եվրամիության հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որն իրենք են պատկերացնում և որը մենք ենք պատկերացնում, և մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք։ Իմ ընկալմամբ, մինչև ճանապարհային քարտեզի ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկը Հայաստանի Հանրապետությունը, գոնե այս պահին որևէ այլ գործողություն չունի անելու։ Եվ սա ինչի եմ ասում՝ հանրության շրջանում ակնկալիքները ճիշտ ձևակերպելու համար»:
ՙՀանրության շրջանում ակնկալիքները ճիշտ ձևակերպելու՚ նույն նպատակով ճշտեմ.
1.Անգամ հանրաքվեի անցկացումը և անգամ հանրաքվեում 100 տոկոսի արդյունքի հասնելը ԵՄ անդամակցության բավարար պայման չէ, կան չափանիշներ, որոնց պետք է բավարարի ԵՄ անդամ դառնալ ցանկացող ցանկացած երկիր:
2.ԵՄ-ի հետ ճանապարհային քարտեզ քննարկելը իմաստ ունի օրինագիծն Աժ-ում ընդունելուց հետո:
3.Օրենքի ընդունունից հետո ու հընթացս ճանապարհային քարտեզի ձևավորման՝ Հայաստանում պետք է ստեղծվի աշխատանքները համակարգող կառույց՝ նախարարություն, որը կզբաղվի ՍԵՊԱ-ի կատարմամբ և ԵՄ-ի հետ ծրագրերի մշակմամբ, և դա պետք է լինի հստակ ժամանակացույցով գործող մեխանիզմ:
Հ.Գ.
Պատահականություն է, թե ոչ, բայց հարցը ՀՀ կառավարությունը քննարկեց հունվարի 9-ին՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակի օրը: Հենց այդ օրը փակելով որոշակի էպոխա ու բացելով որոշակի էպոխայի նախադուռը, ու դա նաև խորհրդանշական է…
Պատահակա՞ն էր, թե՞ օրինաչափ, որ ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշման առաջին շահառուն իրեն համարեց… ՌԴ-ն՝ անմիջապես արձագանքելով, որ դա ՀՀ ներքին գործն է, իհարկե, բայց հնարավոր չէ համատեղել ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն: Միանշանակ է, որ հիմա ՌԴ-ում որոնում են քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, ռազմական տարբերակներ՝ իրենց չվնասելով՝ Հայաստանին պահելու ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, ոչ զարգացում, ոչ անվտանգություն շրջագծում: Իսկ դա այսօրվա Ռուսաստանում դժվար է: Բազմիցս քննարկված հակահարվածների բոլոր տարբերակներում տուժելու են նաև իրենք: Երկրորդ շահառուն, իհարկե, Ադրբեջանն է, որ սպասարկում է ռուսական ու սեփական շահերը՝ տարածաշրջանում խաղաղության ու զարգացման հնարավորությունները սպանելով: Ռուս-ադրբեջանական շահերի բացարձակ համընկնումը թելադրում է, որ Հայաստանը չպիտի լինի ինքնիշխան, զինվելու ու բանակ վերականգնելու հնարավորություն չպետք է ունենա՝ չունենալով անվտանգություն, և գլխավորը՝ տնտեսության զարգացման շանս չպիտի ունենա՝ փակ ճանապարհներով ու միայնակ: Ու այս կետում նրանք ունեն ընդհանրական թշնամի՝ ԵՄ-ն ու հավաքական Արևմուտքը, որ բնականորեն ու տրամաբանորեն դարձել են ՀՀ դաշնակից ու բարեկամ՝ ելնելով իրենց և ՀՀ շահերի համընկնումից: Ու սա արդեն աքսիոմա է:
Իսկ ընդհանրապես՝ նաև ՀՀ-ում դեռ պետք է հասկանան, որ Արևմուտքի հետ համագործակցությամբ է հնարավոր ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ զարգացնելը՝ թե տեխնոլոգիաների, թե ներդրումների առումով, բայց պետք է նախ՝ քաղաքական կամք, հետո՝ ծրագիր: Ռուսաստանը այդ խնդրի լուծման ոչ միայն ցանկություն, այլև հնարավորություն չունի: Սա ևս աքսիոմա է, բայց նաև իշխանությանն է թվում ապացուցման կարիք ունեցող թեորեմա, այլապես ՀԱՊԿ-ին վաղուց հրաժեշտ տված կլինեինք և նախադրյալներ կստեղծեինք ԵԱՏՄ-ից դուրս գալու՝ տնտեսության կառուցվածք ու տրամաբանություն փոխելով, դիվերսիֆիկացնելով, արդյունաբերություն աշխատացնելով, աշխատատեղեր ստեղծելով, ժողովրդագրություն փոխելով, ռուսական մոնոպոլիաները վերացնելով, մրցունակ ապրանքներ արտադրել-արտահանելով, նոր լոգիստիկա ձևավորելով… Ու սա այն ճանապարհային քարտեզն է, որ մեր առաջ ոչ թե ԵՄ-ն պետք է դնի, այլ՝ հենց մենք, եթե ուզում ենք Ադրբեջանը ինքը խաղաղության համաձայնագիր խնդրի մեզնից, իրական խաղաղություն հաստատվի ու կենսամակարդակի այն նորմերը, որոնց պարագայում Հայաստանից չեն հեռանա՝ տուն պահելու: Ու քանի դեռ այս աքսիոման իշխանության համար մնում է թեորեմա, ոչ ռուսները, ոչ ադրբեջանցիները անհանգստանալու պատճառ չունեն՝ իրենց համատեղ ծրագրերը իրականացնելու ճանապարհին: Թերևս մինչև 2026-ը…
Գրառումը՝ Անահիտ Ադամյանի ֆեյսբուքյան էջից։