Մաս Բ
Ակնհայտ էր, որ Գորբաչովն այդ հարցում ահռելի ճնշումներ է գործադրում Երեւանի նկատմամբ: Մոսկվայի ռազմա-քաղաքական որոշումը սադրիչ էր հատկապես այն առումով, որ «ապօրինի զինված խմբավորումները կազմալուծելու» որոշումը մասնակիորեն ընդգրկում էր նաեւ Հայաստանի տարածքը:
Վահրամ Աթանեսյան
Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովը թուրք պաշտոնակից Թուգութ Օզալի հետ հանդիպումից երկու օր հետո ընդունել է Ադրբեջանի կոմունիստական առաջնորդ Այազ Մութալիբովին: Վերջինս տարիներ անց խոստովանել է, որ հանդիպման է մեկնել՝ իր հետ ունենալով ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվեի արդյունքները: Նա Գորբաչովին ասել է, որ քվեարկության այդ արդյունքները, որ լիովին համապատասխանում էին խորհրդային իշխանության ցանկությանը, «գին ունեն»:
1991թ. հունվարի 15-ին Գորբաչովն ստորագրել էր Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում «ապօրինի զինված խմբավորումները ցրելու» մասին հրամանագիր: Մութալիբովը հասկացրել է, որ ժամանակն է, որպեսզի կենտրոնական իշխանություններն իրեն աջակցեն՝ «զինաթափելու հայ գրոհայիններին»: Այդ առանձնազրույցից հետո, ինչպես բազմաթիվ աղբյուրներ են վկայում, Գորբաչովը պաշտպանության նախարար Յազովին, ՊԱԿ-ի նախագահ Կրյուչկովին եւ ՆԳ նախարար Պուգոյին հանձնարարել է մշակել Լեռնային Ղարաբաղում, Շահումյանի շրջանում եւ Գետաշենում «հակահաբեկչական գործողության» ծրագիր:
Ապրիլի առաջին օրերին լիովին բռնատեղահանվել է Գետաշենի ենթաշրջանը: Ավելի քան երեք հազար մարդ ռազմական ուղղաթիռներով եւ ավտոտրանսպորտային միջոցներով տեղափոխվել է Հայաստանի հետ սահման: Մոսկվայում մշակված ռազմագործողությանը տրվել է «Կոլցո»/«Օղակ» պայմանական անվանումը, ինչը խորհրդանշում է ծրագրի բուն էությունը՝ ռազմա-ոստիկանական օղակի մեջ առնել Լեռնային Ղարաբաղը, «ապօրինի զինված խմբավորումների կազմալուծման» անվան տակ ձերկալել մարտունակ տղամարդկանց, իսկ այլեւս անպաշտպան մնացած կանանց, երեխաներին եւ ծերերին բռնատեղահանության ենթարկել:
Քաղաքական առումով դա ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվե չանցկացնելու, փոխարենը ԽՍՀՄ-ից անկախություն հռչակելու հարցով համաժողովրդական քվեարկություն անցկացնելու մասին Հայաստանի իշխանությունների որոշման պատասխանն էր: Ակնհայտ էր, որ Գորբաչովն այդ հարցում ահռելի ճնշումներ է գործադրում Երեւանի նկատմամբ: Մոսկվայի ռազմա-քաղաքական որոշումը սադրիչ էր հատկապես այն առումով, որ «ապօրինի զինված խմբավորումները կազմալուծելու» որոշումը մասնակիորեն ընդգրկում էր նաեւ Հայաստանի տարածքը:
Խորհրդային պատժիչ զորքերը հատկապես դաժան եւ արյունալի հաշվեհարդար տեսան Ղազախ-Իջեւան սահմանային հատվածում պարեկություն իրականացնող հայկական միլիցիայի աշխատակիցների նկատմամբ՝ կազմակերպելով Ոսկեպարի սպանդը: Հայաստանի ՆԳՆ տասնյակ աշխատակիցներ զոհվեցին կամ գերեվարվեցին: Ծանր եւ անհավասար բախումներ արձանագրվեցին հայ-ադրբեջանական սահմանի Խոզնավար-Տեղ հատվածում, ինչպես նաեւ Սյունիքի հարավում, որտեղ խորհրդային զինված ուժերը տեղաշրջանի «ադրբեջանական բնակչության անվտանգությունն ապահովելու» պատրվակով սկսեցին հայկական ինքնապաշտպանական ուժերի դեմ բացահայտ պատերազմ մղել:
Մոսկվայի ծրագիրն, ըստ երեւույթին, այն էր, որ ԼՂ եւ սահմանամերձ հայ բնակչության դեմ բռնությունները Երեւանում քաղաքական դիմակայության առիթ կհանդիսանան, Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը կթուլանա, իսկ նրան փոխարինելու բերված ուժերը չեղյալ կճանաչեն անկախության հանրաքվեն, կպաշտպանեն ԽՍՀՄ պահպանման քաղաքականությունը:
Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ամենածանր, բայց պատվաբեր շրջանը Գետաշենի բռնատեղահանումից մինչեւ Մոսկվայում պետական հեղաշրջման փորձն ընկած ամիսներն են: Ի պատիվ քաղաքական բոլոր ուժերի, այդ թվում՝ ՀՅԴ-ի եւ կոմունիստների, ոչ ոք նախ Հայաստանի անկախության հանրաքվեն մերժելու քարոզչություն չծավալեց, ապա գրեթե համախոհ՝ ամեն ինչ արվեց, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայաթափումը կանխվի: Դա այն շրջանն էր, երբ սակաթիվ եւ թույլ զինված, բայց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտտպանական ջոկատները, Հայաստանից օգնության եկած կամավորականները միասնական էին, միակամ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «մի հոգի, մի մարմին»: Այդ միասնականության շնորհիվ էլ Հայաստանի իշխանությունը համարձակորեն միջազգայնացրեց Լեռնային Ղարաբաղում խորհրդային իշխանության ռազմական հանցագործությունների հարցը:
Ի պատիվ Ռուսաստանի ժողովրդավարական ուժերի, այդ փուլում նրանք կանգնած էին Հայաստանի, հայ ժողովրդի, ԼՂ հայության կողքին, պաշտպանում էին նրա արդարացի դատը:
(Շարունակելի)