Հայաստան

ԵՄ֊ին Միանալը Կենսական Է

Մեր պետությունը կարող է երկարաժամկետ հեռանկարում ապահովագրվել ռուսական օկուպացիայից՝ ԵՄ-ին անդամակցելու պրոցես սկսելու և հաջողությամբ շարունակելու պարագայում։ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհը ինչքան էլ երկար ու դժվար լինի, սակայն դա մեզ կտա ինստիտուցիոնալ գործընթաց՝ ժողովրդավարական աշխարհի մասը դառնալու։

Ռոբերտ Անանյան

USAID-ի հնարավոր փակումը ևս մեկ կարևոր փաստարկ է, թե ինչու է անհրաժեշտ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհով գնալ։ Պրոռուսական տարրերը հրճվանքի մեջ են, քանի որ արևմտյան այս հիմնադրամի փակման հետևում փոքրիկ հույս են տեսնում, որ Հայաստանն ավելի հեշտ կդարձնեն ռուսական գաղութ։ Նրանք ռուսական ազդեցության խորացման հույսեր ունեն, սակայն երազախաբ են լինելու։ Քաղհասարակությունը, մեդիաները մշտապես պաշտպանել են Հայաստանի անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարական զարգացման հեռանկարը։ Ես հիշում եմ, որ այսօր USAID-ի հավանական փակումով հրճվող «Զախարովայի պրոպագանդիստները» անցած տարիներին սակարկելի էին համարում Հայաստանի անկախության գաղափարը, կողմ էին ռուսական ռազմաքաղաքական ազդեցության խորացմանը։ Նրանք վստահ էին, որ ռուսները կպահեն Արցախը։ Նրանք վստահ էին, որ եթե Ռուսաստանին միջանցք տանք, Արցախը կպահի։ Նրանք վստահ են, որ Հայաստանի դեմ պատերազմի կանխարգելման միակ շանսը Ռուսաստանին և Ադրբեջանին միջանցք տալն է։

Իրականում՝ պատերազմից մեր ունեցած վախն օգտագործում են՝ Ռուսաստանին միջանցք տալ հարկադրելու նպատակով։

Այս մարդիկ չէին ընդդիմանում, երբ հարցը վերաբերվում էր Հայաստանը «Ռուսաստան-Բելառուս» Միութենական պետությանը միացնելու հեռանկարին։ Բոլորդ հիշվում եք։ Երբ մեր պետությունը վիրավոր էր՝ 2020-2021-ին, դուք հավանական սցենար էիք համարում ռուսական գաղութ դառնալը։ Այսօր հույս ունեք, որ արևմտյան այս հիմնադրամի փակումը թուլացնելու է Հայաստանի քաղհասարակությանը, ազատ մեդիային, և ձեր պրոռուսական խաղի տեղը մեծանալու է։

Բայց ուզում եմ հիասթափեցնել ձեզ։ USAID-ն ինչքան էլ կարևոր հիմնադրամ է, և Հայաստանի, Արցախի քաղաքացիներին շատ մեծ աջակցություն է հատկացրել, ինչի համար մեծագույն շնորհակալություն, միևնույնն է՝ այս հիմնադրամը միակը չէ, որն աջակցում է մեր զարգացմանը։ Ձեզ հիասթափություն է սպասվում՝ ռուսական օկուպացիա չի լինելու, և դուք շարունակելու եք տգետ դատարկախոսությամբ զբաղվել՝ ընդամենը բավարարելով ձեր փոքրիկ էգոն։ Գոռոզությունը, որն ուղեկցվում է նաև տգետ ինքնավստահությամբ, հասարակական չարիք է բերում, հատկապես, երբ այս անձինք ձեռքներին բարձրախոսներ ունեն։

Ողբերգականն այն է, որ այդ բարձրախոսները սրանց ձեռքին հայտնվում է հաճախ հենց արևմտյան ֆինանսական աջակցությամբ։ Արևմուտքը ունի «հաջողության պատմություններ», երբ ֆինանսավորել է ռուսական շահերի սպասարկուներին և զորեղացրել նրանց՝ Ռուսաստանի շահերը պաշտպանելու պրոցեսում։

Սակայն եթե հարցին ռազմավարական ապագայի տեսնկյունից մոտենանք, ահա թե ինչ եմ մտածում։ Կարծում եմ, մեր պետությունը կարող է երկարաժամկետ հեռանկարում ապահովագրվել ռուսական օկուպացիայից՝ ԵՄ-ին անդամակցելու պրոցես սկսելու և հաջողությամբ շարունակելու պարագայում։ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհը ինչքան էլ երկար ու դժվար լինի, սակայն դա մեզ կտա ինստիտուցիոնալ գործընթաց՝ ժողովրդավարական աշխարհի մասը դառնալու։ Հաջողությունն այդտեղ երաշխավորված չէ և մեծ ցնցումներ ու ռիսկեր են սպասվում։ Սակայն ԵՄ-ի ուղղությամբ չգնալն ընդամենը երկարաձգելու է մեր երկրի անկումը, և չի բացառելու ռուսական օկուպացիայի պահը։

Հայաստանն ինչքան մերձենա ԵՄ-ին՝ Ռուսաստանի օկուպացիայի վտանգն այդքան կնվազի։ Ադրբեջանը երկար կմտածի՝ Հայաստանի դեմ ռուսական գործիք դառնալուց առաջ։ Ալիևը կհարձակվի՞ ԵՄ անդամության թեկնածու կամ ԵՄ-ի անդամ Հայաստանի վրա․ հավանականությունն էականորեն փոքր կլինի, քան այսօր կա։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի բացասական խաղի տեղը կփակվի, եթե մենք ԵՄ-ին անդամակցելու ճանապարհով գնանք և վերջում անդամակցենք։ Հայաստանի մասնատման ռուս-թուրք-ադրբեջանական ծրագիրը կանխվել է՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցության շնորհիվ։ Սակայն առաջիկայում ևս Ռուսաստանն իր ունեցած ամենափոքր շանս օգտագործելու է՝ մեզ օկուպացնելու, անկախությունից զրկելու համար։ Ուրախ կլինեմ լսել, թե ի՞նչ ուրիշ այլընտրանքներ ունի Հայաստանը, «Զախարովայի պրոպագանդիստներին»՝ հանած։

Աղբյուրը` Facebook

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *