Ուկրաինան կանգնած է բարդ ընտրության առաջ՝ շարունակե՞լ դիմադրել ռուսական առաջխաղացմանը՝ արտաքին աջակցման էական նվազման ռիսկի պարագայում, թե՞ ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից պարտադրվող խաղաղության պայմանը, որոնք կարող են ներառել տարածքային զիջումներ, քաղաքական ապագայի պարտադրանք և ընտրությունների անցկացում։ Սա դժվար որոշում է։ Դժվար է ոչ միայն Ուկրաինայի, այլև հենց Զելենսկու համար։ Պարտություն բառը Ուկրաինայի համար մի բան է նշանակում, Ռուսաստանի համար մեկ ուրիշ։
Արայիկ Մկրտումյան
Ուկրաինայի իրավիճակը շարունակում է ծանրանալ, քանի որ ռուսական ուժերը, չնայած իրենց զգալի կորուստներին, շարունակում են առաջխաղացումը։ Ինը շաբաթների ընթացքում ռուսական բանակը ակտիվացրել է հարձակումները Ուկրաինայի ռազմավարական օբյեկտների վրա, ինչը հանգեցրել է զգալի ավերածությունների և մարդկային կորուստների։ Ըստ «Reuters»-ի հաղորդման՝ փետրվարի 1-ին ռուսական օդային հարձակման հետևանքով զոհվել է 15 մարդ, վնասվել են բնակելի շենքեր և գազային ենթակառուցվածքներ։
Միաժամանակ վստահություն չեն ներշնչում ուկրաինական ու ռուսական կողմերի հայտարարած տվյալները զոհերի ու վիրավորների մասին։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին Փիրս Մորգանին տված իր հարցազրույցում նշել է, ու ուկրաինացիները ընդհանուր առմամբ ունեն 45 հազար զոհ, իսկ ահա ամերիկյան աղբյուրներն ավելի հակված են, որ ուկրաինացիները ունեն մոտ 70-80 հազար զոհ, ինչ վերաբերում է վիրավորներին, ապա Կիևը խոսում է մոտ 400 հազար վիրավորի մասին, որոշ աղբյուրներ այդ թիվը հասցնում են անգամ մեկ մլն-ի։ Ռուսական կողմն ավելի փակ է տվյալների հարցում ու այստեղ ևս թվերը ահռելիորեն տատանվում են։ Կարող ենք հնդիպել տվյալների, որ ընդհանուր առմամաբ սպանվել և վիրավորվել են 400 հազարից ավել մարդ, իսկ ահա Լլոյդ Օսթինի և Էնթոնի Բլինկենի 2025 թվականի հունվարի գնահատականների համաձայն՝ռուսները տվել են ավելի քան 700,000 սպանված ու վիրավոր, 48 000 անհետ կորած, Ուկրաինա՝ 400,000 զոհ ու վիրավոր։ Կարելի է հստակ ասել միայն մի բան․ այս պատերազմը սարսափելի է երկու կողմի համար էլ և սրանից ծանր կարող է լինել միայն մեկ բան՝ պարտվել այդ պատերազմը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նոր նախագահի վարչակարգը, ի տարբերություն նախորդ դեմոկրատական կառավարության, պատրաստ չէ լիարժեք աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է, որ ԱՄՆ ռազմական օգնությունը Ուկրաինային պետք է պայմանավորված լինի հազվագյուտ հողային մետաղների մատակարարմամբ։ Նա ընդգծել է, որ այս մետաղները կարևոր են բարձր տեխնոլոգիական արտադրության համար և կարևորել է դրանց մատակարարման անվտանգության ապահովումը։
Այս առաջարկը, սակայն, Ուկրաինայի համար ընդունելի չէ, և Կիևը մերժել է այն։ Այժմ Ուկրաինան փորձում է այլ ուղիներ գտնել ԱՄՆ-ի աջակցության համար։ Ըստ New York Times-ի՝ Կիևը նախատեսում է մասնակցել կրոնական ընթրիքի ԱՄՆ-ում՝ նպատակ ունենալշագրգռել Թրամփի պահպանողական քրիստոնյա կողմնակիցներին և այդ կերպ ստանալ նրանց աջակցությունը։
Այս քայլը վկայում է Ուկրաինայի անելանելի վիճակի մասին, երբ ստիպված է դիմել հումանիզմի և քրիստոնեական արժեքների խաղարկմանը՝ հույս ունենալով աջակցություն ստանալ։ Սակայն, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, հումանիզմը, քրիստոնեական արժեքները հաճախ անտեսվում են, երբ խոսքը վերաբերում է պետությունների շահերին։
Տարբեր իրավունքներ հաճախ խախտվում են, և հումանիտար լոզունգները չեն կարողանում կանխել այդ խախտումները և դա ընդգծում է, որ միջազգային հարաբերություններում շահն ավելի կարևոր է, քան արժեքները։ Իհարկե Կիևը հասկանում է դա, ու հենց դա էլ ցույց է տալիս, թե իրականում ինչպիսի ծանր վիճակում են ուկրաինացիները գտնվում։
Ուկրաինայի քայլը կարելի է համեմատել խեղդվողի հետ, ով փորձում է փրկվել՝ բռնվելով փրփուրներից։ Սակայն, միջազգային քաղաքականության դաժան իրականությունը ցույց է տալիս, որ առանց իրական շահերի համընկնման, նման ջանքերը հազվադեպ են հաջողության հասնում։ Նման օրինակները բազմաթիվ են, մենք նման օրինակների հանդիպել ենք Արցախում 2020, 2022-23թթ, ներկայումս Գազայի հատվածում և այլուր։
Ուկրաինան կանգնած է բարդ ընտրության առաջ՝ շարունակե՞լ դիմադրել ռուսական առաջխաղացմանը՝ արտաքին աջակցման էական նվազման ռիսկի պարագայում, թե՞ ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից պարտադրվող խաղաղության պայմանը, որոնք կարող են ներառել տարածքային զիջումներ, քաղաքական ապագայի պարտադրանք և ընտրությունների անցկացում։ Սա դժվար որոշում է։ Դժվար է ոչ միայն Ուկրաինայի, այլև հենց Զելենսկու համար։ Պարտություն բառը Ուկրաինայի համար մի բան է նշանակում, Ռուսաստանի համար մեկ ուրիշ։
Իհարկե դեռևս կա ԵՄ գործոնը ու չի կարելի ասել, որ պատերազմն արդեն ավարտված է, բայց, հաշվի առնելով ԱՄՆ-ԵՄ հարաբերությություններում առկա տարաձայնությունները, կարելի է ենթադրել, որ Ուկրաինայի համար իրավիճակի բարդացումը գնալով շարունակվում է։ Դեռ ինչքա՞ն կդիմանա Կիևը։