ՔՊ-ը չի բողոքում ընտրությունների օրինականության դեմ, ստիպված ճանաչում է արդյունքները, բայց չի մասնակցում նիստերին։ Բոյկոտում է իբր ի՞նչ։ Երևի ՔՊ-ում չգիտեն կամ մոռացել են, որ ավագանի լինելն ու իշխելը տարբեր բաներ են, որ այնտեղ լինելը նշանակում է բարդ ու քրտնաջան աշխատանք, այլ ոչ թե անպայման ղեկավար։
Հովսեփ Խուրշուդյան
SHANT NEWS-ը զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Գյումրու ավագանու ընտրությունները, ինչպես նաև արտաքին քաղաքականության հետ կապված որոշ դրույթներ։
Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ այս ընտրություններում Վարդան Ղուկասյանի ընտրվելու գլխավոր պատասխանատուն գործող իշխանությունն է, որը և՛ անցնող տարիների, և՛ քարոզարշավի ընթացքում դրսևորել է անլուրջ մոտեցում։ 2016-ին ՔՊ-ը հասկանալի պատճառներով քիչ քվեներ էր ստացել, իսկ հաջորդ ընտրությունների ժամանակ էլ պարտվեց Բալասանյան դաշինքին և ստիպված կոալիցիա կազմեց նրանց հետ։ Այս ընտրությունների ժամանակ ՔՊ-ը դեռ «հեղափոխական հովերի» տակ էր՝ կարծելով, թե ում էլ բերեն միևնույն է ընտրվելու է։ Կարծում էին, թե Նիկոլ Փաշինյանը վերջում գալու է, իրենց փոխարեն քարոզարշավ անի ու ամեն ինչ ընկնի իր տեղը։
Խուրշուդյանը նշեց նաև, որ իշխանություններն այս ընտրությունների ժամանակ դրսևորել են խիստ դատապարտելի պահվածք, երբ նախապես հայտարարել էին, որ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը գալիս են թալանը պահպանելու համար՝ այդ ցանկում «ընդգրկելով» նաև Եվրադաշինքին։ Հետո արդեն իբրև փորձեցին սրբագրել իրենց ասածն ու Եվրադաշինքին առանձնացրին դրանից, ասելով որ չեն տեսել նրանց, ասես ակնարկելով, որ Եվրադաշինքը չափից ավելի թույլ է՝ նկատելի լինելու համար։ ՔՊ-ը, որ դեռ Բալասանյան դաշինքի հետ կազմած կոալիցիայի ընթացքում իր բազմաթիվ խոստումներ չկատարեց, այժմ ստիպված է լինելու վայելել այս ընտրությունների արդյունքները։
Միաժամանակ Խուրշուդյանը նաև խոսեց Գյումրի քաղաքի կառավարման ճգնաժամի մասին, քանի որ հիմա Գյումրու քաղաքապետը ոչ թե մեծամասնության, այլ փոքրամասնության քաղաքապետն է։ Կոալիցիայի դեպքում կողմերը նախօրոք պայմանավորվում են, թե ինչ հարցերի շուրջ են միասնական լինելու, իսկ հիմա ցանկացած որոշման դեպքում Վարդան Ղուկասյանը պիտի ընդիմադիր բոլոր կողմերին հատ-հատ համոզի, որ քվեարկիր կողմ և կստանաս այսինչ բանը, կամ եթե չքվեարկես՝ չես ստանա։ Նաև անհասկանալի է, թե ՔՊ-ը ինչու է բոյկոտել և չի մասնակցել նիստերին» Եվ դա այն դեպքում, երբ որևէ բողոք չի եղել ընտրությունների օրինականության հետ կապված։ Նույնը և Փարաքարում։ ՔՊ-ը չի բողոքում ընտրությունների օրինականության դեմ, ստիպված ճանաչում է արդյունքները, բայց չի մասնակցում նիստերին։ Բոյկոտում է իբր ի՞նչ։ Երևի ՔՊ-ում չգիտեն կամ մոռացել են, որ ավագանի լինելն ու իշխելը տարբեր բաներ են, որ այնտեղ լինելը նշանակում է բարդ ու քրտնաջան աշխատանք, այլ ոչ թե անպայման ղեկավար։ Ու քանի որ նաև իշխանությունը հնարավորություն չի տվել մյուս քաղաքական ուժերին, որոնք նոր են, դրսևորելու իրենց, ապա պարտվել է ընտրություններում։ Իսկ այս ընտրությունները ասես քաղաքական ռումբ լինեն 2026-ի համապետական ընտրություններից առաջ։ ՔՊ-ը եթե այն հաշվարկով է Վարդան Ղուկասյանին «թողել» հաղթի ընտրություններում, որ բոլորն էլ տեսնեն, թե նախկինների վերադարձն ինչպես է լինում իր պարտության դեպքում, ապա կարող է չարաչար սխալվել իր հաշվարկների մեջ, քանի որ 2026-ին ամեն ինչ կարող է դուրս գալ իրենց վերահսկողությունից։
Հովսեփ Խուորշուդյանը նաև անդրադարձավ Փաշինյանի այն հայտարարությանը, որ նոր Սահմանադրությունում չպիտի հղում լինի Անկախության Հռչակագրին։ Խուրշուդյան այն տեսակետն արտահայտեց, որ Փաշինյանի հայտարարությունը դա պետության ղեկավարի հայտարարություն է, ով ճնշված է արտաքին քաղաքականության մեջ ունեցած սահմանափակումներով։ Ի տարբերություն նրա՝ հասարակ քաղաքացիները չունեն այդ սահմանափակումները և Շարժման հետ կապված բոլորն էլ գիտեն, որ դա հայկական ազգային-ազատագրական պայքար էր, սուրբ մի գործ, որը մենք նվաճել ենք։ Այո ԿԳԲ-ը ամեն երպ փորձել է այդ միջոցով փոխել հայկական ու ադրբեջանական էլիտաներին, բայց հարկավոր է հաշվի առնել, որ դա նրանց վերահսկողությունից դուրս է մնացել։ Հայերը պայքարել, հաղթել են ու ազատել են Արցախը Նախիջևանի ճակատագրին արժանանալու հեռանկարից։ Եթե յադ պայքարը չլիներ, ապա Արցախում կատարվելու էր այն, ինչ Նախիջանում, այսինքն դանդաղ հայաթափում։ Բայց չի կարելի նաև ասել, որ էլ ինչո՞ւ մտանք այս բեռի տակ, եթե ամեն ինչ այսպես էր վերջանալու, որովհետև այսպես վերջանալու պատճառը մեր երեսուն տարվա ապիկար կառավարումն էր, որ չկարողացանք հարստացնել Հայաստանն ու Արցախը ու պաշտպանել այն, դրա փոխարեն ղեկավարությունը զբաղված էր հարստանալով ու կղզիներ գնելով։
Հովսեփ Խուրշուդյանը միաժամանակ նշեց, որ Անկախության Հռչակագրի որոշ կետեր մենք ըստ էությամբ դրել ենք մի կողմ, երբ Արցախը հայաստանին միանալու փոխարեն իր անկախությունն է հռչակել, որով էլ Շարժման բովանդակության մեջ սկզբունքային փոփոխություններ է կատարել՝ անպիտան դարձնելով որոշ կարևոր դրույթներ։
Վերլուծաբանն ասաց, որ Փաշինյանը շտապում է Ալիևին զինաթափել։ Թեև մինչև 2027թ․՝ Սահմանադրական փոփոխությունները կա երկար ժամանակ, բայց Փաշինյանը ցանկանում է ցույց տալ, որ ինքը հիմա էլ պատրաստ է այն զիջումներին, որը անում է, այսպիսով նաև կապելով Ալիևի ձեռքերը՝ հետագա էսկալացիաները թույլ չտալու համար։ Իսկ Արևմուտքը ևս շտապում է վերջնանական պայամանագիրը ստորագրել տալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Շտապում է նաև Թրամփը, որովհետև իր խոսատացած խաղաղությունը չեղավ Ուկրաինայում, պետք է առնվազն այստեղ խաղաղություն ստորագրելով հաջողություն գրանցել։
Ամբողջական հարցազրույցը՝
