Իսկ ֆրանսիահայը մտահոգ չէ՞, որ կազմակերպած երթը, Թուրքիայի դրոշի հրապարակային հրկիզումը կարող է թուրք-ֆրանսիական լարվածության պատճառ դառնալ մի իրավիճակում, երբ հայ-ադրբեջանական կարգավորման, սահմանային խաղաղության հաստատման գործընթացում այլեւս ոչ այնքան ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի, որքան որ Թուրքիայի դիրքորոշումն է կարեւոր:
Վահրամ Աթանեսյան
Սա է իրական Հայաստանը`
Մեկը կազմակերպել՝ ուղիղ հեռարձակում է Փարիզում կազմակերպված ցույց-երթը. հանդիսավորությամբ վառում են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները, պարզում «Վրեժ» գրառումով ցուցապաստառներ, նույն պահին հայտնվում են Արցախի դրոշներով մի-երկու տասնյակ երիտասարդներ, հնչում են հայերեն-ֆրանսերեն կոչեր, հետո երթը շարժվում է: Հեռարձակման «ռեժիսորը» ջանացել է՝ միջոցառման ընթացքում Էյֆելյան աշտարակը մշտապես «հսկում է վրեժի երթը»:
Այդպես ավելի գեղեցիկ եւ, մանավանդ, ներշնչող է. Հայաստանում տպավորություն է ստեղծվում, որ Ֆրանսիան կանգնած է հայկական պահանջատիրության թիկունքին: Չէ՞ որ այդ երկրում հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացված է:
Թուրքիան պետական մակարդակով հայոց ցեղասպանությունը ժխտում է, բայց դա դույզն իսկ չի ազդում թուրք-ֆրանսիական հարաբերություններին, նախագահներ Մակրոնի եւ Էրդոանի պաշտոնական հանդիպումներին: Ինչու՞: Որովհետեւ Թուրքիան եւ Ֆրանսիան նույն ռազմական դաշինքի՝ ՆԱՏՕ-ի, անդամ են, Թուրքիան Եվրամիություն առեւտրա-տնտեսական գործընկերն է, Փարիզը եւ Անկարան Մերձավոր Արեւելքում Իսրայելի ազդեցության սահմանափակման կամ չեզոքացման հարցում ընդհանուր շահեր ունեն…
Այս թվարկումը կարելի է շարունակել, հիշել, որ ժամանակին Օսմանյան կայսրությունը եւ հանրապետական Ֆրանսիան մերձավոր դաշնակիցներ էին, որ թուրք, ի դեպ նաեւ արեւմտահայ հազարավոր երիտասարդներ կրթություն են ստացել Փարիզում, եւ նույնիսկ ժամանակակից թուրքերենում շատ բառեր փոխառնված են ֆրանսերենից:
Փարիզի կենտրոնում հակաթուրքական-հակաադրբեջանական ցույցի օգտակարությունը, գործնական-կիրառարական նշանակությունը ո՞րն է:
1915 թվականի մայիսին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը հուշագիր են ստորագրել, որտեղ հայերի դեմ օսմանյան կառավարության ձեռնարկած բռնությունները գնահատված են որպես «պատերազմական հանցագործություն»: Փարիզը, Լոնդոնը եւ Սանկտ-Պետերբուրգը պարտավորվել են պատերազմի ավարտին պատասխանատվության ենթարկել Թուրքիայի կառավարությանը:
Այդ որոշումն ի կատա՞ր է ածվել: Մասամբ՝ այո. 1919 թվականին Կոստանդնուպոլսի ռազմական դատարանը երիտթուրքերին ճանաչել է պատերազմական հանցագործ եւ նրանց նկատմամբ մահվան վճիռ կայացրել: Բայց ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությամբ եվրոպական դիվանագիտությունը թուլացրել է ազդեցությունը, եւ Անկարան քայլ առ քայլ վերականգնել է Թալեաթի, Էնվերի, Ջեմալի եւ մյուսների հեղինակությունը: Պատերազմական հանցագործները Թուրքիայում ազգային հերոս են:
Հետաքրքիր է, թե Հայ դատի գրասենյակի եւ ՀՅԴ կազմակերպած այդ ցույց-երթի նկատմամբ ի՞նչ վերաբերմունք ունի ֆրանսիացին, Ֆրանսիայի միջին-վիճակագրական քաղաքացին, որ Թուրքիայում հայերի կոտորածների, բռնատեղահանության մասին, երեւի, թռուցիկ լսել է, բայց ավելի մտահոգված է Ալժիրի հետ հարաբերությունների վատթարացմամբ, Աֆրիկայի հյուսիսում Ֆրանսիայի դիրքերի թուլացմամբ, ուկրաինական պատերազմին միջամտելու փորձերով, նախագահ Մակրոնի մտադրությամբ, որ աշնանը կարող է ցրել Ազգային ժողովը եւ նշանակել նոր ընտրություններ:
Իսկ ֆրանսիահայը մտահոգ չէ՞, որ կազմակերպած երթը, Թուրքիայի դրոշի հրապարակային հրկիզումը կարող է թուրք-ֆրանսիական լարվածության պատճառ դառնալ մի իրավիճակում, երբ հայ-ադրբեջանական կարգավորման, սահմանային խաղաղության հաստատման գործընթացում այլեւս ոչ այնքան ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի, որքան որ Թուրքիայի դիրքորոշումն է կարեւոր:
Դրոշները վառեցին, քայլեցին, հնչեցրին բողոքը եւ ցրվեցին: Հետո՞:
Օրն անցնելու հետ սոցիակայան մեդիայի հայ օգտատերը դարձյալ պիտի նույն գրառումն անի. «Խաղաղ գիշեր եւ անփորձանք ծառայություն սահման պահող մեր զինվորներին»: Սա է իրական Հայաստանը:
