Մաս 57
Սամվել Բաբայանի հրավիրած հանրահավաքի տեսագրությունից պարզվում է, որ հարթակում նրա հետ էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Նա այդ պաշտոնում ընտրվել էր որպես «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի, այսինքն՝ նախագահ Արայիկ Հարությունյանի թեկնածու:
Վահրամ Աթանեսյան
2023 թվականի մայիսի 18-ին, ավելի քան երկամսյա ներքին քննարկումներից, հանրության տարբեր խավերի ներկայացուցիչների, առանձին խոշոր համայնքների բնակչության հետ Ազգային ժողովի ՀՅԴ, «Արդարություն» եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների պատգամավորների մասնակցությամբ հանդիպումներից հետո «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» շարժումը հրապարակեց իր «Հռչակագիրը»:
Այդ փաստաթուղթը ստեղծված իրավիճակում գերխնդիր առաջադրեց «Արցախի հայկականության, սուբյեկտայնության եւ ամբողջականության պահպանումը», իսկ նպատակին հասնելու միջոց՝ «հայության բոլոր հատվածների, առաջին հերթին Արցախի հանրային, քաղաքական, մտավորական, մասնագիտական եւ այլ շրջանակների համախմբումը»:
Շարժումը հանրայնացրեց, որ մարտ-ապրիլ ամիսներին աշխատանքային խումբը մշակել է Արցախի անվտանգության ու զարգացման ռազմավարության հիմնական դրույթները եւ ներկայացրել իշխանություններին, բայց եւ միաժամանակ նշեց, որ քառասունչորսօրյա պատերազմից հետո ձեւավորվել է անվստահության մթնոլորտ, իսկ վատթարացող պայմանները հուշում են, որ առանց հանրային լայն համախմբման «անհնար է լինելու Արցախի ժողովրդի առջեւ ծառացած գոյաբանական խնդիրների լուծումը»:
Շարժման ուժերը, որոնց քաղաքական միջուկը կազմում էին ՀՅԴ Արցախի կառույցը, «Արդարություն» եւ «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունները, քառասունչորսօրյա պատերազմից հետո առաջին անգամ հստակ ձեւակերպեցին, որ Արցախի անվտանգության եւ զարգացման իրենց տեսլականի շուրջ հանրային լայն համախմբվածությանը «մեծապես խոչընդոտում է Արցախի հարցում Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների դիրքորոշումը»:
Շարժումն, ըստ էության, ոչ այլ ինչ էր, քան՝ «խորքային կառավարություն», որ ձեւավորվել էր նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի շուրջ՝ նրա մարդկային կերպարի, հեղինակության եւ այլ ռեսուրսների շուրջ: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Շարժումը ձեւավորել է նաեւ «գործադիր մարմին», որի անդամների ինքնությունը, սակայն, հանրությանը չներկայացվեց:
Փաստացի այդ «Հռչակագիրը» հակադրվում էր Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի առաջարկած պրագմատիկ ծրագրին: Ամենեւին էլ պատահական չէ, որ Շարժումը մամուլի ասուլիս հրավիրեց եւ մոտեցումները հնչեցրեց Վերածննդի հրապարակում Սամվել Բաբայանի կազմակերպած հանրահավաքից ընդամենը երեք օր հետո:
Չնայած հորդառատ անձրեւին եւ իշխանության ստեղծած խոչընդոտներին, այդ օրը մոտ երեք հազար մարդ ներկայացել էր Բաբայանի հանրահավաքին: Հանդես գալով որպես խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ, Սամվել Բաբայանը հակիրճ ներկայացրեց ստեղծված էքզիստենցիալ իրավիճակը, անդրադարձավ պատճառներին, իշխանության կողմից պատասխանատվությունից խուսափելու հանգամանքին եւ ամփոփեց, որ Արցախը հայկական պահելու միակ հնարավորությունը Բաքվի հետ երկխոսությունն է: «Հակառակ դեպքում պետք է կապել ճամպրուկները եւ գնչուական թափառախմբի բախտին արժանանալու պատրաստ լինել»,- կոշտ հայտարարեց Բաբայանը՝ վստահեցնելով, որ պատասխանատվություն վերցնելու դեպքում կարողանալու է Լեռնային Ղարաբաղի եւ նրա հայ բնակչության համար անվտանգություն եւ քաղաքացիական ու քաղաքական իրավունքներ ապահովել:
Սամվել Բաբայանի հրավիրած հանրահավաքի տեսագրությունից պարզվում է, որ հարթակում նրա հետ էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Նա այդ պաշտոնում ընտրվել էր որպես «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի, այսինքն՝ նախագահ Արայիկ Հարությունյանի թեկնածու: Այդուհանդերձ, խորհրդարանի թվաքանակով ամենամեծ խմբակցությունը չպաշտպանեց ԼՂ կարգավորման այն ծրագիրը, որ ներկայացնում էր Սամվել Բաբայանը:
Դա քաղաքական համոզմունքի դրսեւորու՞մ էր, թե՞ Արայիկ Հարությունյանը ենթարկվում էր ՀՅԴ-«Արդարություն»-«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» եռյակի ճնշումներին՝ բարդ է ասել: Իրականություն է, որ Ռուբեն Վարդանյանի նախաձեռնած, նրա հովանավորությամբ ձեւավորված՝ «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատի» դիրքորոշմանը սատարում էին նաեւ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, պաշտոնաթող մի քանի բարձրաստիճան զինվորականներ, բացառված չէ՝ նաեւ ուժային կառույցների ղեկավարները: Այսպիսով, 2023 թվականի մայիսի 18-ին բացահայտվեց, որ Ստեփանակերտում ձեւավորվել է «կոնսենսուս՝ մինուս Սամվել Բաբայան» քաղաքական դասավորություն: Դա ներքի՞ն, զուտ ստեփանակերտյան որոշում էր, թե՞ մշակվել էր այլուր եւ ներդրվել՝ հնարավոր չէ պարզել, քանի դեռ դերակատարների մեծ մասը գտնվում է Բաքվի բանտում:
(Շարունակելի)
