Մաս 58
Շրջանառվեցին լուրեր, որ ադրբեջանցիների մոտ «հայտնվել են առաջին եւ քառասունչորսօրյա պատերազմի հերոսների ցուցակներ, անցակետը տեղադվել է, որպեսզի նրանք կալանավորվեն եւ տեղափոխվեն Աղդամի մոտ արդեն շահագործման պատրաստ համակենտրոնացման ճամբար»:
Վահրամ Աթանեսյան
2023 թ. հունիսի 15-ին Ադրբեջանը Հակարիի անցակետում իրականացրեց պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն: Դա խորհրդանշական արարողություն էր, որ նվիրված էր Հեյդար Ալիեւի իշխանության վերադառնալու երեսունամյակին: 1993 թվականի այդ օրը Նախիջեւանից Բաքու տեղափոխվելով՝ Հեյդար Ալիեւը ստանձնել է Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը, որ թափուր էր մնացել «Մուսավաթ» կուսակցության ներկայիս առաջնորդ Իսա Գամբարովի հրաժարականից հետո։ Այդբրեջանում այդ իրադարձությունը նշվում է որպես «ազգային վերածննդի օր»:
Մոտ երկու ամիս գործող անցակետում պետական դրոշի հանդիսավոր բարձրացումը խորհրդանշում էր այդ տարածքի նկատմամբ Ադրբեջանի «ինքնիշխանության վերահաստատումը»: Արարողության ընթացքում ադրբեջանական կողմը փորձեց դրոշ տեղադրել նաեւ սահմանի հայկական կողմում, ինչը Հայաստանի սահմանապահ ուժերի կողմից կանխվեց: Միջադեպի ընթացքում, ըստ ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվության, հնչել են կրակոցներ:
Բաքուն հայտնեց «սահմանապահ զորքերի մեկ զինծառայողի վրավորվելու» մասին: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հերքեց հայկական կողմից Հակարիի անցակետի ուղղությամբ կրակոցներ արձակելու մասին ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը: Նույն օրը հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կասեցրել է Հայաստան-Արցախ եւ հակառակ ուղղությամբ բոլոր տրանսպորտային միջոցների շարժը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շտապեց հայտարարել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը փակ է նաեւ ԼՂ-ում ռուսական զորախմբի տրանսպորտային միջոցների համար, որ թիկունքային ապահովության միջոցներ ներկրում էին Հայաստանից: Հայաստանը հանդես եկավ Հակարիի անցակետում «կրակոցների» համատեղ հետաքննության նախաձեռնությամբ, ինչը Բաքվի կողմից, բնականաբար, արձագանքի չարժանացավ:
Հունիսի 15-ին նախորդած գրեթե երկամսյա ժամանակահատվածում Ստեփանակերտի քաղաքական եւ իշխանական շրջանակների քննարկման առարկան ադրբեջանական անցակետով Հայաստան մուտք գործելու անթույլատրելիությունն էր: Վերստին շրջանառվեցին լուրեր, որ ադրբեջանցիների մոտ «հայտնվել են առաջին եւ քառասունչորսօրյա պատերազմի հերոսների ցուցակներ, անցակետը տեղադվել է, որպեսզի նրանք կալանավորվեն եւ տեղափոխվեն Աղդամի մոտ արդեն շահագործման պատրաստ համակենտրոնացման ճամբար»:
Մոտ մեկ շաբաթ տեւած լիակատար շրջափակումից հետո Ադրբեջանն արտոնեց, որ ռուսական զորախմբի տրանսպորտային միջոցները դեպի Ստեփանակերտ բեռնափոխադրումներ իրականացնեն, իսկ Կարմիր խաչի միջոցով կազմակերպվի ծանր հիվանդների տեղափոխումը Երեւանի մասնագիտացված բուժհաստատություններ: Հիվանդների տեղափոխման «օրինականությունը ստուգելու» նպատակով Ադրբեջանը Հակարիի անցակետում բացեց բժշկակական զննության կետ:
Ակնհայտ դարձավ, որ չնայած միջազգային հանրության կոչերին, Լաչինի միջանցքի երկու ուղղությամբ գործարկման մասին Հաագայի դատարանի վճռին, Ադրբեջանը շրջափակումը թուլացնելու ոչ մի մտադրություն չունի, ընդհակառակը՝ ավելի է մեծացնում ճնշումը: Հունիսի 21-ին Իլհամ Ալիեւը ցուցադրական այց կատարեց Լաչին, որտեղ առաջին ընտանիքներն էին հաստատվել եւ հանդես եկավ գրեթե վերջնագրային հայտարարությամբ:
Նա հիշեցրեց, որ մարտ ամսին իր աշխատակազմը «Ղարաբաղի հայ բնակիչներին երկու անգամ հրավիրել է Բաքու՝ քննարկելու ինտեգրացիայի եւ սոցիալ-տնտեսական վերականգնման հետ կապված հարցեր, բայց մերժում է ստացել»:
-Երրորդ առաջարկություն չի լինի,- հայտարարեց Ալիեւը եւ առաջին անգամ հրապարակային պահանջ ներկայացրեց, որ Լեռնային Ղարաբաղի իշխանության մարմինները «պետք է ինքնալուծարվեն»: Ալիեւը բացահայտեց, որ քառասունչորսօրյա պատերազմի զինադադարի համաձայնագրից զատ եղել է բանավոր պայմանավորվածություն, որ առնվազն հինգ տարի «Ղարաբաղում ամեն ինչ պետք է մնա՝ ինչպես կա»,- բայց «իրավիճակի փոփոխության հետ կապված» ինքը Լաչինի միջանցքում «ինքնիշխանությունը վերականգնելու խնդիր է դրել եւ հասել դրա լուծմանը»։
Հայկական կողմից Հակարիի անցակետի ուղղությամբ կրակոցներ արձակվե՞լ էին, ինչու՞ հայ-ադրբեջանական սահմանից հարյուր մետր հեռավորության վրա կանգնած ռուս զինվորականները չմիջատեցին լարվածությունը հարթելու ջանքերին եւ ինչու՞ Հայաստանի սահմանին մոտեցող ադրբեջանցիներին ռուս սպա էր ուղեկցում՝ պատասխանի սպասող հարցեր են:
(Շարունակելի)
