Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի առաջնորդները շաբաթ օրը սպառնացել էին պատժամիջոցներով, եթե Ռուսաստանը հրաժարվի «ամբողջական և անվերապահ հրադադարից»։
Politico
Եվրոպացի առաջնորդները ցանկանում են ուժեղացնել ճնշումը Պուտինի վրա՝ Թուրքիայում բանակցությունների խափանման ֆոնին։
Ուկրաինայի եվրոպացի կողմնակիցները պատրաստվում են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ, այն բանից հետո, երբ վերջինս չմասնակցեցԹուրքիայում կայանալիք՝ Կիևի և Մոսկվայի միջև երկար սպասված բանակցություններին։
Մեծ Բրիտանիայի Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպում են Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում՝ ուրբաթ օրը, Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու ուղիներ քննարկելու համար։
Չորս եվրոպացի պաշտոնյաներ հայտնել են, որ Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, որը հանդիսանում է մայրցամաքի առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպում, ուշադրության կենտրոնում կլինի Մոսկվայի դեմ պատժամիջոցների կտրուկ խստացումը։
Երկու եվրոպացի պաշտոնյաներ նշել են, որ քննարկվում է ռուսական ներմուծման նկատմամբ պատժողական սակագների սահմանումը։ ԵՄ-ն զգալի պատժամիջոցներ է կիրառել Մոսկվայի դեմ 2022 թ․ սկսված ներխուժումից հետո, սակայն մինչև այժմ զերծ է մնացել Ռուսաստանի դեմ լիակատար առևտրային էմբարգոից։ ԵՄ մաքսատուրքերի կիրառումը նախկինում դիտարկվել է որպես Հունգարիայի հակասանկցիոն դիրքորոշումը շրջանցելու մեխանիզմ։
Չորեքշաբթի օրը ԵՄ դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ 17-րդ պատժամիջոցային փաթեթը, որը ներառում է գրեթե 200 նավի նկատմամբ սահմանափակումներ․ այսպես կոչված «ստվերային նավատորմը» օգտագործվում է նավթի և գազի արտահանման պատժամիջոցները շրջանցելու համար։
Կիևի և Մոսկվայի միջև ուղղակի բանակցությունները՝ առաջինն իրենց տեսակով 2022-ի լայնածավալ ներխուժումից ի վեր, սկսվել են անորոշությամբ՝ կապված այն հարցի հետ, թե ովքեր են մասնակցելու և արդյոք հանդիպումը իրականում կայանալու է։ Զելենսկին ժամանել է Թուրքիա՝ պատրաստ բանակցությունների, սակայն Պուտինը հրաժարվել է մասնակցել՝ փոխարենը ուղարկելով ավելի ցածր մակարդակի պատվիրակություն։ Դոնալդ Թրամփը ակնարկել է, որ պատրաստ է միանալ Թուրքիայում բարձր մակարդակի բանակցություններին, սակայն բացառել է առաջընթացի հնարավորությունը՝ Պուտինի բացակայությունը հաստատվելուց հետո։ «Լսեք, ոչինչ տեղի չի ունենա, քանի դեռ ես և Պուտինը չենք հանդիպել», – ասել է նա «Air Force One»-ում։
Բանակցություններից առաջ Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան մի պաշտոնյա նախազգուշացրել է, որ դրանց ձախողման դեպքում քննարկումները, ամենայն հավանականությամբ, «կսպասարկեն պատժամիջոցների թեման և այն, թե ինչպես կարող ենք համախմբել երկրները՝ առավել կոշտ պատժամիջոցներ կիրառելու շուրջ, ինչի մասին խոսվեց շաբաթ օրը Կիևում»։ Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի առաջնորդները շաբաթ օրը սպառնացել էին պատժամիջոցներով, եթե Ռուսաստանը հրաժարվի «ամբողջական և անվերապահ հրադադարից»։
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նուել Բարրոն հայտարարել է, որ եվրոպացիներն ու ամերիկացիները պետք է «հեռուն գնան» և «խեղդեն» ռուսական տնտեսությունը՝ ստիպելով Պուտինին դադարեցնել պատերազմը Ուկրաինայում։ «Մենք պետք է պատրաստ լինենք կիրառել կործանարար պատժամիջոցներ, որոնք կարող են մեկ անգամ ընդմիշտ խեղդել ռուսական տնտեսությունը», – ասել է նա։
ԵՄ պաշտոնյաներից մեկի խոսքով՝ նոր պատժամիջոցների նախաձեռնությունը բխում է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմից, ով առաջարկել է սահմանել 500 տոկոսի մաքսատուրք ռուսական արտահանման վրա, եթե Պուտինը չդադարեցնի հարձակումները Ուկրաինայի վրա։ «Մենք ոգեշնչվել ենք նրա առաջարկի մասշտաբայնությունից», – նշել է պաշտոնյան։
Աղբյուրը՝
