Լիազորությունների մեջ գտնվելով՝ Արցախի Ազգային ժողովը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու մասին Սամվել Շահրամանյանի հրամանագիրը չեղյալ ճանաչելու որեւէ քայլ չի արել։
Վահրամ Աթանեսյան
Մաս 72
Վերջերս հայտնի դարձավ, որ Սամվել Շահրամանյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման մասին հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի ոչ թե 28-ին, ինչպես ավելի վաղ ծանուցվել է, այլ՝ 26-ին: Սեպտեմբերի 20-ին, Ադրբեջանի կողմից ահաբեկչական պատերազմից մեկ օր հետո, Ստեփանակերտում ընդունվել է հայտարարություն, որտեղ Արցախի իշխանության մարմինների լուծարմանը վերաբերող դրույթ չկա:
Նույն օրն Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Մարտիրոսյանը, ով մինչ այդ ի պաշտոնե ադրբեջանական կողմի հետ մի շարք հանդիպումների է մասնակցել, մեկնել են Եվլախ: Եվլախի եւ հաջորդ օրն ռուսական զորախմբի հրամանատարության նստավայրում շարունակված «բանակցությունների» արդյունքում կողմերը որեւէ փաստաթուղթ չեն ստորագրել: Համենայն դեպս, այդ մասին բաց աղբյուրներում տեղեկատվություն չկա:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման մասին հրամանագրի ստորագրումը բացատրվում է մեկօրյա պատերազմից հետո ստեղծված ռազմա-քաղաքական ծանրագույն իրավիճակով: Անցած ավելի քան մեկուկես տարում Արցախի նախագահը, Ազգային ժողովում նրա հենարան հանդիսացող կուսակցությունների ներկայացուցիչները բազմիցս հավասստիացրել են, որ այդ որոշումն ընդունվել է, որպեսզի ապահովվի խաղաղ բնակչության անվտանգ տարհանումը:
Կարելի է ենթադրել, որ Եվլախի եւ հաջորդ օրվա «բանակցություններում» Բաքվի ներկայացուցիչները պահանջել են, որպեսզի Արցախի պետական ինստիտուտները լուծարվեն: Վերջերս մամուլում վարկած է տարածվել, որ Ադրբեջանը պահանջել է նաեւ Արցախի Ազգային ժողովի լուծարումը, բայց «քննարկումների արդյունքում հաջողվել է խուսափել դրանից»:
2023 թվականի տարեվերջին, երբ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի պետական կառույցների գործունեությունը վերջնականապես դադարեցնելու մասին, Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Թովմասյանը հարցազրույց է տվել եւ պնդել, որ ի տարբերություն գործադիր իշխանության՝ խորհրդարանը մնում է լիազորությունների մեջ:
Արթուր Թովմասյանը մանրամասնություններ չի բացահայտել, բայց եթե Ադրբեջանը չի պահանջել, որ Արցախի Ազգային ժողովը վերջին նիստը գումարի եւ հայտարարի ինքնալուծարման մասին, ապա ֆորմալ առումով նրա գնահատականը ճիշտ է բնութագրում իրավա-քաղաքական կացությունը:
Այդուհանդերձ, լիազորությունների մեջ գտնվելով՝ Արցախի Ազգային ժողովը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու մասին Սամվել Շահրամանյանի հրամանագիրը չեղյալ ճանաչելու որեւէ քայլ չի արել:
Լրատվամիջոցներից մեկի խնդրանքով անդրադառնալով այդ խնդրին, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանն արդարացիորեն ասել է, որ ԼՂՀ լուծարման մասին Սամվել Շահրամանյանի հրամանագիրը չեղյալ ճանաչելու իրավական գործընթաց չի սկսվել, մինչդեռ հարցի կարգավորման միակ օրինական ճանապարհը դա է:
Արցախի սահմանադրությունը նախատեսում է նախագահին ձայների պարզ մեծամասնությամբ անվստահություն հայտնելու նորմ: Դա իմպիչմենթ չէ, քվեարկություն կազմակերպելու համար Գերագույն դատարանի սահմանադրական ատյանի իրավական եզրակացություն այդ դեպքում չի պահանջվում: Անհրաժեշտ է, որ պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդը, այս դեպքում՝ ընդամենը 11 պատգամավոր, նախաձեռնի ԱԺ արտահերթ նիստ՝ նախագահին անվստահություն հայտնելու հարցով, եւ հարցը դրվում է քվեարկության:
Մամուլում նման տեսակետ մի քանի անգամ շրջանառվել է, բայց Արցախի Ազգային ժողովից արձագանք չի հետեւել: Կարելի է, թերեւս, ենթադրել, որ ԼՂՀ լուծարման մասին հրամանագիր ստորագրելու որոշում Սամվել Շահրամանյանը կայացրել է Արցախի Ազգային ժողովի առնվազն իր թեկնածությունը պաշտպանած խմբակցությունների հետ եւ ստացել նրանց համաձայնությունը: Եւ այդ հանգամանքն է, որ նույն խմբակցություններին կաշկանդում է Սամվել Շահրամանյանին անվստահություն հայտնելու հարցում: Արցախի պետականության լուծարման պատասխանատվությունն այդ դեպքում ծանրանում է նաեւ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի, ՀՅԴ, «Արդարություն» եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների, այդ կուսակցությունների առաջնորդների խղճի վրա: Երբեւէ նրանք այդ մասին հրապարակային մեկնաբանություններ կանե՞ն: Ո՞վ է նրանց արտոնում խոսել, ո՞վ՝ արգելում: Այս գաղտնիքը, հավանաբար, տեւական ժամանակ չի բացվի:
(Շարունակելի)
