Հայաստանի միջին-վիճակագրական քաղաքացու ընկալմամբ՝ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը Հեյդար Ալիեւի հետ խոսեր Ռուսաստանի նախագահ Ելցինի կամ ԱՄՆ նախագահ Քլինթոնի հետ «եղբայրության» դիրքից, ապա Լեռնային Ղարաբաղի խնդիրը բացառապես հայանպաստ լուծում կստանար:
Այդպես ենք մտածել եւ կողմնորոշվել հարյուրամյակներ:
Վահրամ Աթանեսյան
Ղրղզստանի խորհրդարանի նախագահի երեւանյան այցը չափազանց կարեւոր է
Ֆեյսբուքի հայ օգտատերը լուսանկարային «կոլաժ» է հրապարակել, որին տվել է «Ախպերներով» անվանումը: Առաջին լուսանկարում պատկերված են Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Հեյդար Ալիեւը՝ Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովի հետ: Երկրորդը պատկերում է Ռոբերտ Քոչարյանին եւ Հեյդար Ալիեւին, ամենայն հավանականությամբ՝ քիուեսթյան բանակցությունների օրերին, հաջորդում Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւն են՝ Ժնեւի վերջին հանդիպումից հետո, իսկ չորրորդում Նիկոլ Փաշինյանն է, Իլհամ Ալիեւը եւ Մեհրիբան Ալիեւան:
«Կոլաժն», այսպիսով, արտացոլում է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի պատմությունը, որի վերջին էջը մեզ համար ողբերգական էր. չկա Լեռնային Ղարաբաղ, նրա հայ բնակչությունը բռնատեղահանված է, այնտեղ մշակութային ցեղասպանություն է իրականացվում, իսկ հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագիրն» այսպես էլ չի ստորագրվում:
Բայց ֆեյսբուքի հայ օգտատերն իր «տքնաջան ստեղծագործական աշխատանքի» արդյունքն ինչու՞ է անվանել «Ախպերներով», ի՞նչ է ասում կամ կուզենար, որ մարդիկ լուսանկարային այդ պատմությունից ի՞նչ եզրակացության գային: Ըստ երեւույթին, նրա մտահղացումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի բոլոր իշխանություններն էլ Ադրբեջանի հետ «եղբայրական» են եղել, ինչից ենթադրվում է, որ Երեւանը «գտնվել է Բաքվի ազդեցության տակ»:
Լեռնային Ղարաբաղում ողբերգության եւ Հայաստանի բավական բարդ վիճակի պատճառների միջին-վիճակագրական ընկալումը, ցավոք, գրեթե լիովին համապատասխանում է ֆեյսբուքյան այս «կոլաժի» ենթատեքստային հղումներին եւ ի վերջո հանգում է նրան, որ առաջին պատերազմից հետո Հայաստանը կարող էր Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրել, բայց ընդամենը հրադադար է հաստատել, հետագա երկու տասնամյակներին կար բանակը հզորացնելու, նոր պատերազմում Ադրբեջանին ջախջախիչ պարտության մատնելու հնարավորություն, որ չի իրացվել, դե իսկ Նիկոլ Փաշինյանին էլ «բերել են, որպեսզի հողերը հանձնի, քանի որ դա որոշված էր Լեւոնի օրոք»:
Ընդ որում, թե «կոլաժի» հեղինակը, թե Հայաստանի միջին-վիճակագրական քաղաքացին ու Արցախից բռնատեղահանված հայը սկզբունքորեն դեմ չէ «ախպերությանը», ավելին՝ նա համարում է, որ հենց դա է «ամենաճիշտ ճանապարհը»: Նա պարզապես դեմ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հեյդար Ալիեւի միջեւ, նրանց թեւանցում՝ կանգնել է Թուրքմենստանի նախագահ Նիյազովը, Քիուեսթում Ռոբերտ Քոչարյանը Հեյդար Ալիեւի հետ է հյութ խմել, Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը Ժնեւում դեմ առ դեմ են նստել, իսկ Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել, որ Իլհամ Ալիեւի հետ ոտքի վրա խոսակցությանը մասնակցի նաեւ Մեհրիբան Ալիեւան:
Հայաստանի միջին-վիճակագրական քաղաքացու ընկալմամբ՝ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը Հեյդար Ալիեւի հետ խոսեր Ռուսաստանի նախագահ Ելցինի կամ ԱՄՆ նախագահ Քլինթոնի հետ «եղբայրության» դիրքից, ապա Լեռնային Ղարաբաղի խնդիրը բացառապես հայանպաստ լուծում կստանար:
Այդպես ենք մտածել եւ կողմնորոշվել հարյուրամյակներ: Նախընթաց երկու-երկուսուկես տասնամյակների մեր հույսը մեկն է եղել՝ «Ռուսաստանը մեզ երբեք մենակ չի թողնի»: Այսօր շնորհակալություն ենք հայտնում Ֆրանսիային: Որպես քաղաքական ակցիա՝ դա ոչ միայն գեղեցիկ է, այլեւ՝ անհրաժեշտ: Պարզապես չի կարելի, չպետք է անտեսել, որ նույն օրը Երեւան է ժամանել թուրքախոս Ղրղզստանի խորհրդարանի խոսնակը: Եւ այդ այցի նշանակությունը չափազանց բարձր է:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Աղբյուրը՝ tiv1.am https://tiv1.am/251912.html?fbclid=IwY2xjawKjofFleHRuA2FlbQIxMQABHkgY2wjF7thOSgXBAnCKql6E_0F663cmZmRhJOtl0mi6sNSiCy6M30zuDyy7_aem_tViI6ZLV6gTnOTnnqzdU0g
