Սակայն ցուցադրական ինքնավստահության տակ թաքնված է ռուս իրականության ավելի նուրբ վերլուծություն։ Այդ մասին վկայում են վերջին ամենամյա նիստի քննարկումների հրապարակված ամփոփագրերը։
Neue Zürcher Zeitung․
Neue Zürcher Zeitung․ Ռուսաստանը հոգնել է, պառակտված է և բավարար արդյունավետություն չի ցուցաբերում արտաքին քաղաքականության ոլորտում։ Կրեմլին մոտ կանգնած փորձագետները խոսում են թաբուների մասին։
Մաս 1/3
«Ներկայիս տնտեսական մոդելով մենք չենք հաղթի պատերազմում և հետագայում չենք կարողանա հաստատել խաղաղություն»։
Ռուսական տնտեսական քաղաքականությունը սպառնում է երկիրը տանել քայքայման։ Կարևոր է,որ դեռևս 2022 թվականին հակառակորդը թերագնահատվել էր, և այս միտումը պահպանվում է, հատկապես ռազմական տեխնոլոգիաների ոլորտում։
Սովորաբար նման անողորմ քննադատությամբ Ռուսաստանի տնտեսական քաղաքականությանը հանդես են գալիս ռեժիմի ընդդիմադիր տնտեսագետները։ Սակայն այս մեջբերումները վերցված են Կրեմլին հավատարիմ մարմնի՝ Արտաքին և պաշտպանության քաղաքականության խորհրդի նիստի արձանագրություններից։ Խորհրդում ընդգրկված են անվտանգության հարցերով ազդեցիկ ռուս փորձագետներ՝ այդ թվում Ֆյոդոր Լուկյանովը և Սերգեյ Կարագանովը։
Ուկրաինայի դեմ պատերազմի չորրորդ տարում ռուս քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները շարունակում են ձևավորել տնտեսական, քաղաքական և սոցիալական առումներով կայուն պետության պատրանք։ Մարտական գործողությունները շարունակվում են, և բացառապես հաղթանակն է հայտարարվում որպես ելք։ Միայն հազվադեպ այս չափազանց հղկված աշխարհընկալման մեջ ճեղքեր են ի հայտ գալիս։ Իհարկե, «հատուկ գործողության» հանդեպ ոգևորությունը մեծ չէ, և լայն զանգվածների զրկանքներն անժխտելի են, սակայն այս մասին պաշտոնական աղբյուրները գրեթե չեն խոսում։
Հասարակությունը միասնական պատկերացում չունի ապագայի վերաբերյալ
Սակայն ցուցադրական ինքնավստահության տակ թաքնված է ռուս իրականության ավելի նուրբ վերլուծություն։ Այդ մասին վկայում են վերջին ամենամյա նիստի քննարկումների հրապարակված ամփոփագրերը։
Խոսքը Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները կասկածի տակ դնելու մասին չէ։ Ավելի շուտ մատնանշվում են այն խնդիրները, որոնց բախվում է երկիրը։ Անկասկած, այս ամենի նպատակը ավելի արդյունավետ կերպով դրված նպատակներին հասնելն է։
Նիստին հրավիրված էին իշխանամետ սոցիոլոգներ և տնտեսագետներ, հասարակական գործիչներ, քաղաքական վերլուծաբաններ և քարոզիչներ։ Նրանք, ինչպես նաև Խորհրդի փորձագետները, չունեն պատրանքներ․ ռուսական հասարակությունն առավել պառակտված է, քան նախագահի՝Վլադիմիր Պուտինի հայտարարություններն են թելադրում։ Իրական մոբիլիզացիա պատերազմի պայմաններում տեղի չի ունեցել։ Բացակայում է միասնական պատկերացում այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ապագան։
Խորհրդի նիստում ձևակերպված հասարակության հոգեբանական հոգնածության և սպառվածության ախտորոշումը հաստատապես ճշմարիտ է։ Ամեն ինչ սկսվել է ոչ թե «հատուկ գործողությունից» և ոչ էլ համավարակից, այլ Սահմանադրության փոփոխություններից, գրում են քննարկման մասնակիցները՝ փաստելով ցավալի իրողություն՝ Պուտինը այն ժամանակ պահանջեց ևս երկու ժամկետ երկրի ղեկավարի պաշտոնում, ինչը մինչ այդ արգելված էր, և այդպիսով սպանեց շատերի հույսը փոփոխությունների հանդեպ։
Ռուսական հասարակությունը ոչ միայն հոգնած է, այլև պառակտված․ մի կողմից՝ նրանք, ովքեր կռվում են ռազմաճակատում կամ առնվազն անմիջական շփում ունեն դրա հետ, մյուս կողմից՝ նրանք, ովքեր պաշտպանված են պատերազմական սարսափներից և չեն ցանկանում հրաժարվել կյանքի հաճույքներից։
Այս պառակտման մասին բացահայտ քիչ է խոսվում, բայց հենց մարտական գործողությունների մասնակիցներն են դրա պատճառով լուրջ դժվարություններ ապրում։ Խորհրդի նիստի արձանագրության մեջ նշվում է, որ որքան խորանում է հասարակության սպառվածությունն ու փոփոխությունների ձգտումը, այնքան ավելի մեծ է անդունդը այդ երկու աշխարհների միջև։
Քննադատության է ենթարկվում նաև մեդիայի վարքագիծը, որը խթանում է պատերազմի շուտափույթ ավարտի հույսերը։ Մոսկվայում տիրում է մի «հաղթանակի նախօրյա տրամադրություն»։ Սակայն, ինչպես նշում են քննարկման մասնակիցները, սա հանգեցնում է կեղծ ակնկալիքների․ մի կողմից՝ ռազմաճակատում պատերազմը մոտալուտ ավարտի որևէ նշան չունի, դիվանագիտական ջանքերը միայն առաջընթացի պատրանք են ստեղծում, իսկ մյուս կողմից՝ նույնիսկ եթե մարտերը մի օր դադարեն, հակամարտությունը Արևմուտքի հետ կշարունակվի։
Բացի այդ, ռազմական քրոնիկան ներկայացնում է իրականության գեղեցկացված պատկերը։ Պատերազմի արագ ավարտի սպասումը բացասաբար է անդրադառնում նաև այն կամավորների վրա, ովքեր անձնական նախաձեռնությամբ աջակցում են «հատուկ գործողությանը»։ Նրանց ակտիվությունն, ըստ ամենայնի, կտրուկ նվազել է։
Սակայն պետությունը սկզբից ի վեր երկիմաստ վերաբերմունք է ունեցել կամավորների նկատմամբ․մի կողմից՝ նրանք կարևոր դեր են խաղում՝ գործում են քողարկման ցանցեր, գործում գուլպաներ, գումար են հավաքում անօդաչուների, զրահաբաճկոնների, սննդի ու հիգիենայի համար, մյուս կողմից՝ իշխանությունները վերահսկողություն չունեն այս հորիզոնական ցանցերի նկատմամբ։
Փորձագիտական խորհրդում այս կամավորական միավորումները բացեիբաց կոչվում են լուրջ սպառնալիք՝ դրանց մեջ տեսնելով հասարակության ինքնուրույն հորիզոնական կազմակերպման հանդեպ վախ։
Ինչպե՞ս պետք է Ռուսաստանը կառուցի իր հարաբերությունները արտաքին աշխարհի հետ։
Քննարկումներից պարզ է դառնում մեկ խոստովանություն՝ Ռուսաստանն արդեն երկար տարիներ չի կարողանում արդյունավետ օգտագործել իր «փափուկ ուժը»։ Տնտեսական փոխկախվածության վրա արված խաղադրույքը չի արդարացել. Ուկրաինայի օրինակը դա հատկապես ցույց տվեց․ նրա տնտեսությունն ինտենսիվ կապերով կապված էր Ռուսաստանի հետ։
Մասնակիցներն ապագա հարաբերությունների հեռանկարները գնահատում են առանց պատրանքների․ նույնիսկ «հատուկ գործողության» ամենաբարենպաստ ավարտի դեպքում Ուկրաինան երկարաժամկետ հեռանկարում կմնա Ռուսաստանի համար լուրջ սպառնալիք և անկայունության գործոն։
Կրեմլյան փորձագետները մտահոգված են նաև Ռուսաստանի ազդեցության թուլացմամբ հետխորհրդային տարածքում։ Առայժմ այնտեղ դեռ արձագանք է գտնում ԽՍՀՄ-ի հանդեպ նոստալգիան, հատկապես՝ 1945 թվականի համատեղ հաղթանակը։ Սակայն այդ արժեքները կրող սերունդները աստիճանաբար հեռանում են։
▪️«Սովետական հայրենիքի հանդեպ սերը աշակերտներին նոութբուք չի տա՝ հատկապես որ դրանք կարող է նաև Թուրքիան նվիրել», — նշվում է զեկույցում։ Չի կարելի մի կողմից խոսել ժողովուրդների եղբայրության մասին, իսկ մյուս կողմից միգրանտների երեխաներին Ռուսաստանում կրթություն ստանալու հնարավորությունից զրկել։
Արտաքին քաղաքականության բաժնում արված է հետևյալ եզրակացությունը․
Ռուսաստանը պետք է որոնի նոր եղանակներ՝ հասանելիություն ստանալու այն երկրներին, որոնց վրա ցանկանում է ազդեցություն ունենալ։ Միայն պետական կառուցվածքներին ու էլիտաներին հենվելը՝ ինչպես ժամանակին փորձեցին Ուկրաինայում, ապագա չունի։
«Եթե իսկապես ցանկանում ենք ազդեցություն ունենալ՝ այդ թվում Եվրոպայում, պետք է որդեգրել առավել հարձակողական դիրքորոշում և աշխատել քաղաքացիական հասարակության ու ընդդիմության հետ», — ասվում է փաստաթղթում։
Արտաքին և պաշտպանության քաղաքականության խորհուրդը իրական իշխանություն չունի։ Սակայն պայմաններում, երբ պաշտոնական քարոզչությունից ցանկացած շեղում կասկած է հարուցում, իսկ քաղաքական գործընթացները դառնում են գնալով ավելի անթափանց, նման տեսակետները արժանի են ուշադրության։
Դրանք վկայում են, որ նույնիսկ ռեժիմին մոտ շրջանակներում չկա կարծիքների լիակատար համահնչություն։ Եվ գուցե դա նույնիսկ ձեռնտու է Կրեմլին․ իշխանության պահպանումը պահանջում է հարմարվելու ունակություն։
Աղբյուրը՝
