Այդ տեսակետը տրամաբանությանը հակասում է, որովհետեւ եթե սպանությունն իրոք «հայ վրիժառուներն են իրականացրել», ապա Ադրբեջանն, ընդհակառակը, պետք է գործի բացահայտմամբ շահագրգռված լիներ: Չէ՞ որ այդ դեպքում Ստեփանակերտում կարող էր սկսվել «ներքին վենդետա»: Բաքուն, մինչդեռ, իրոք հակվել է գործը փակելու տարբերակին:
Վահրամ Աթանեսյան
Մաս 12
Վալերի Գրիգորյանի սպանության իրական դրդապատճառը հետագայում, ավելի քան մեկ տասնամյակ անց բավական հստակ ձեւակերպել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա գնահատմամբ՝ եթե դա տեղի չունենար, ապա «Շարժումը կստանար բոլորովին այլ ընթացք»: Ըստ էության, դա խոստովանություն է, որ սպանությունը կազմակերպվել է ոչ թե անհատական վրիժառության դրդապաճառով, այլ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, ԼՂ խաղաղ կարգավորման վերջին հնարավորությունը ձախողելու քաղաքական ընդհանուր նպատակադրվածությամբ: Վալերի Գրիգորյանը պարզապես թիրախ է ընտրվել որպես «առճակատումից՝ երկխոսություն» ուղեգծի, թերեւս, ամենառոմանտիկ-հավատավոր ներկայացուցիչ: Նույն հարցազրույցում Լեւոն Մելիք- Շահնազարյանը հիշել է, որ այդ օրերին խիստ տագնապի մեջ է գտնվել նաեւ մարզգործկոմի նախագահի պաշտոնակատար Լեոնարդ Պետրոսյանը: Նա նույնիսկ «ընդհատակի տղաներից» հետաքրքրվել է՝ «մահապատժի ենթակա» անձանց ցուցակում իր անունը կա՞:
Այս վկայությունը ցույց է տալիս, որ 1991 թվականի ամռանը Լեռնային Ղարաբաղում «չեզոքացման ենթակա» անձանց ցուցակներ ունեցել է թե ադրբեջանական Կազմկոմիտեն, թե՝ Շարժման «ընդհատակը», որի հետ ֆորմալ իշխանությունները հնարավորության սահմաններում կապ պահպանել են: Նույն մարդիկ, սակայն, որոշակի առնչություններ ունեցել են նաեւ Կազմկոմիտեի, Արտակարգ դրության շրջանի զինվորական պարետության եւ, գուցե, խորհրդային հատուկ ծառայությունների հետ: Այս դեպքում ուշագրավ է, որ ադրբեջանական Կազմկոմիտեն այդպես էլ չի կարողացել մարզային իրավապահ համակարգից եւ ՊԱԿ-ի վարչությունից հեռացնել բոլոր հայ աշխատակիցներին:
Ըստ երեւույթին, այստեղ դեր է խաղացել այն, որ խորհրդային աստիճանահարգության համաձայն՝ ինքնավար մարզի դատախազին, ՆԳ եւ ՊԱԿ-ի վարչության պետերին նշանակում էր ոչ թե Բաքուն, այլ՝ Մոսկվան: Ինքնավար մարզի իրավապահ համակարգը եւ հատուկ ծառայություններն, ըստ այդմ, միութենական ենթակայության կառույցներ էին: Բարդ է ասել, մանավանդ վկայություններ չկան, թե Լեռնային Ղարաբաղի ՊԱԿ-ի մարզային վարչության հայ սպաները, օպերատիվ աշխատակիցները եւ գործակալական ցանցն ինչպե՞ս են հաղթահարել ծառայողական պարտականությունների եւ ազգային իքնության հակադրությունը, որքանո՞վ են նրանք ենթարկվել հրամանին, որքանով՝ ոչ:
Փաստ է, որ նրանցից ոմանք այս կամ այն պատճառաբանությամբ տեղափոխվել են Ռուսաստան, մեծամասնությունը, սակայն, մնացել է Ստեփանակերտում: Վալերի Գրիգորյանի սպանության գործով, ըստ վստահելի աղբյուրների, քրեական գործ հարուցվել է: Նրա մարմինը խոցած հինգ փամփուշտ, սակայն, դատափորձաքննությանն է ուղարկվել…Բաքու: Որոշ ուսումնասիրողներ համարում են, որ դա «գործը փակելու ամենակարճ ճանապարհն էր»: Այդ տեսակետը տրամաբանությանը հակասում է, որովհետեւ եթե սպանությունն իրոք «հայ վրիժառուներն են իրականացրել», ապա Ադրբեջանն, ընդհակառակը, պետք է գործի բացահայտմամբ շահագրգռված լիներ: Չէ՞ որ այդ դեպքում Ստեփանակերտում կարող էր սկսվել «ներքին վենդետա»: Բաքուն, մինչդեռ, իրոք հակվել է գործը փակելու տարբերակին:
Ինչու՞: Մի՞թե Գրիգորյանի սպանությունը ձեռնտու էր նաեւ Ադրբեջանի իշխանություններին: Տրամաբանորեն այդպես է ստացվում: Այդ սպանությունից հետո Մութալիոբովը «հանգիստ խղճով» կարող էր պայմանավորվածությունից հրաժարվել եւ Մոսկվային ասել, որ «հայերը դեմ են խաղաղ կարգավորմանը»: Հոր սպանությունից ավելի քան մեկուս տասնամյակ անց Վալերի Գրիգորյանի որդին՝ Արթուր Գրիգորյանը մի ուշագրավ դիտարկում է արել, որ նա «իր թիկունքին զինված խմբավորում չուներ»:
Այս միտքը բացահայտում է, որ 1991թվականի ամռանը Ստեփանակերտում հրապարակային քաղաքական գործունեություն իրականացնող անձինք կամ նրանց մեծ մասն «արդեն թիկունքում զինված խմբավորում ուներ»: Խորհրդային ՊԱԿ-ն ու ՆԳՆ օպերատիվ-քննչական խումբն իր հիմնական գործն արդեն արել էր՝ Շարժման վերնախավը բաժանվել էր մրցակից խմբավորումների:
(Շարունակելի)
