Տեղեկություններ կան, որ Արթուր Մկրտչյանի մահվան օրը զինված ջոկատներից մեկը փորձ է արել մտնել Ստեփանակերտ եւ «պատվիրատուների հետ հաշվեհարդար տեսնել», որը, բարեբախտաբար, հաջողվել է անարյուն կանխել:
Վահրամ Աթանեսյան
մաս 25
1992 թվականի ապրիլի 14-ին Ստեփանակերտի իր բնակարանում զոհվեց ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը: Պաշտոնական վարկածով մահվան պատճառ է հանդիսացել իրեն ամրակցված «Մակարով» ատրճանի հետ «անզգույշ վարվելը»: Արթուր Մկրտչյանի մահվան առթիվ Հայաստանի տարածքում սուգ է հայտարարվել: Լրագրող Թաթուլ Հակոբյանի վկայությամբ՝ նրա մահվանն անդրադարձել են ԱՄՆ-n եւ Ֆրանսիան: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը դատապարտել է այդ «անմարդկային արարքը», այն համարել «Ղարաբաղում հայ եւ ադրբեջանցի մարդկանց անիմաստ մահվան հերթական դրսեւորում»:
Այս պաշտոնական հայտարարությունը բավական երկիմաստ է. մի կողմից՝ «անմարդկային արարք», որ կասկածի տակ է դնում «զենքի հետ անզգույշ վարվելու» պաշտոնական վարկածը, մյուս կողմից՝ «անիմաստ մահ», ինչից կարող է տպավորություն ստեղծվել, թե Արթուր Մկրտչյանը «դարձել է ադրբեջանական կողմի կույր վրիժառության զոհը»: Քառասունչորսօրյա պատերազմից հետո մի հարցազրույցում ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, պատասխանելով Արթուր Մկրտչյանի մահվան հանգամանքների մասին հարցին, ասել է, որ քրեական գործով բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են: Բաբայանի իրազեկվածությամբ՝ այդ պահին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահը բնակարանում կնոջ՝ Գոհար Մկրտչյանի, հետ մենակ է գտնվել եւ թե իրականում ինչ է տեղի ունեցել՝ «կինը պատմել է»: Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն, ընդսմին, շուրջ երեսուն տարվա ընթացքում առաջին անգամ հրապարակայնացրել է փաստ, որ Արթուր Մկրտչյանին ամրակցված եւ մահվան գործիք հանդիսացած «Մակարով» ատրճանակը պատահարից հետո գտնվել է «Բալայան Վալերի մոտ»: Խոսքն, ամենայն հավանականությամբ, ԼՂՀ Գերագույն խորհրդի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական Վալերի Բալայանի մասին է: Վերջինս ղարաբաղյան Շարժման առաջին փուլի հայտնի դեմքերից է, համարվում է ինքնապաշտպանական ուժերի կազմակերպիչներից մեկը:
Թե ի՞նչ հանգամանքներում է Արթուր Մկրտչյանին ամրագրված ատրճանակը հայտնվել «Բալայան Վալերի մոտ»՝ Սամվել Բաբայանը չի մանրամասնել: Եթե այդ տեղեկությունը ճիշտ է,-իսկ ոչ ոք Սամվել Բաբայանի հայտարարությունը հրապարակային չի հերքել,- ապա փաստը, որ ԳԽ նախագահի մահվան պատճառ հանդիսացած զենքը պատկան մարմինների կողմից որպես իրեղեն ապացույց չի առգրավվել եւ ըստ էության դատաձգաբանական փորձաքննության չի ենթարկվել, այլ հայտնվել է մասանավոր անձի մոտ, արդեն իսկ կասկածահարույց է: Արթուր Մկրտչյանի մահվան կապակցությամբ ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որի ընդհանուր տոնայնությունից դատելով՝ փաստը գնահատված է որպես քաղաքական իշխանության եւ զինված ջոկատների հրամանատարության միջեւ առճակատում հրահրելու փորձ: Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն հավաստիացրել է, որ «ավելի կհամախմբվի քաղաքական ղեկավարության շուրջ»:
Այս ձեւակերպումն իր հերթին տպավորություն է թողնում, թե մինչ այդ Գերագույն խորհրդի նախագահությունն, իրոք, ռազմական ուժերի հետ տարաձայնություններ է ունեցել: Այդպես է, թե՝ ոչ, երեւի երբեք չի բացահայտվի: Փաստ է, որ Արթուր Մկրտչյանի մահը ոչ միայն նրա հարազատների եւ ընկերների, այլեւ Արցախի հանրության գերակշիռ մեծամասնության կողմից ընկալվել եւ շարունակաբար ընկալվում է որպես «քաղաքական սպանություն»: Նման գնահատական Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրել է Վանո Սիրադեղյանը, երբ քննարկվում էր պատգամավորական անձեռնմխելիությունից իրեն զրկելու հարցը: Տեղեկություններ կան, որ Արթուր Մկրտչյանի մահվան օրը զինված ջոկատներից մեկը փորձ է արել մտնել Ստեփանակերտ եւ «պատվիրատուների հետ հաշվեհարդար տեսնել», որը, բարեբախտաբար, հաջողվել է անարյուն կանխել: Մի շարք ականատեսներ, սակայն, տարիներ շարունակ պնդել են, որ ԳԽ նախագահի պաշտոնում Արթուր Մկրտչյանը «չի արդարացրել ՀՅԴ հույսերը», նրա եւ Դաշնակցության ղեկավարության միջեւ «առաջացել էին լուրջ հակասություններ»:
Որքանո՞վ են հավաստի այդ տեղեկությունները՝ չափազանց դժվար է ասել: Իրականություն է, որ ՀՅԴ-ն անգամ Հայաստանում կոալիցիոն իշխանության մաս կազմելու եւ մեկ տարի հետո Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում ինը անդամից կազմված խորհրդարանական խմբակցություն ունենալու պարագայում երբեք չի պահանջել Արթուր Մկրտչյանի մահվան գործի քննության վերաբացում: Ավելի քան քսան տարի հետո Հադրութում կանգնեցվել է Արթուր Մկրտչյանի կիսանդրին, իսկ Արցախի հերոսի կոչման նա հետմահու արժանացել է 2020 թվականի օգոստոսին՝ Արայիկ Հարությունյանի հրամանագրով: Ի դեպ, նախագահի պաշտոնն ստանձնելու օրով Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին՝ այցելելով նրա գերզմանին: Զբաղեցնելով ԼՂՀ նախագահի պաշտոնը, նման խորհրդանշական քայլ չեն կատարել ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Արկադի Ղուկասյանը, ոչ Բակո Սահակյանը:
(շարունակելի)
