Տարիներ հետո Ադրբեջանի պաշտպանության նախարար Ռահիմ Գազիեւը հարցազրույցներից մեկում պատմել է, որ այդ հարձակումից օրեր առաջ գաղտնի հանդիպում է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովի հետ: «Ես նրան ծնկաչոք խնդրեցի. «Պաշա, օգնիր ինձ եւ մենք առատորեն վարձահատույց կլինենք»»,- վկայել է Գազիեւը:
Վահրամ Աթանեսյան
Մաս 29-րդ
Ոչ ոք առայսօր չգիտի, թե ի՞նչ նկատառումներով է ԼՂՀ Գերագույն խորհրդի 1992 թվականի հունիսի 6-8-ը տեւած նստաշրջանը հրավիրվել Ստեփանակերտի թատրոնի դահլիճում եւ ինչու՞ Հայաստանի պաշտոնական պատվիրակությունից զատ դրան մասնակցել են քաղաքական տարբեր ուժերի, առանձնապես՝ ՀՅԴ ազդեցիկ ներկայացուցիչներ, կամավորական զինված ջոկատների հրամանատարներ: Քաղաքական այդ ակնհայտ «ներկայացման» գլխավոր ինտրիգը, երեւի, կապված է Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Շահեն Մեղրյանի հետ: Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրելով նրա թեկնածությունը, ՀՅԴ-ն, որ ուներ պատգամավորական կազմի բացարձակ մեծամանություն, նրա ընտրությունը չի ապահովել: Բազմաթիվ ականատեսների վկայությամբ, երբ հրապարակվել են փակ-գաղտնի քվեարկության արդյունքները եւ պարզվել է, որ Մեղրյանը չի ընտրվել, նա Շահումյանի շրջանը ներկայացնող պատգամավորներին հրահանգել է իր հետ լքել դահլիճը եւ ի լուր ամենքի հայտարարել, որ այլեւս Ստեփանակերտ ոտք չի դնելու:
Մեկ շաբաթ հետո՝ 1992 թվականի հունիսի 13-ին, Ադրբեջանը համաժամանակյա հարձակման է անցել Շահումյանի եւ Խաչենի կամրջի ուղղությամբ: Այդ ռազմագործողությանը ներգրավվել է ԱՊՀ Միացյալ զինված ուժերի Գյանջայի դեսանտային դիվիզիան՝ իր զրահատեխնիկայով եւ օդուժով: Հաշվի առնելով իրողությունը, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններում հաղթել էր «երդվյալ պանթուրքական եւ հակառուս» Աբուլֆազ Էլչիբեյը՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական լայնածավալ հարձակմանը Գյանջայի դեսանտային դիվիզիայի մասնակցությունը քաղաքական առումով թվում է բացարձակապես անտրամաբանական:
Տարիներ հետո Ադրբեջանի պաշտպանության նախարար Ռահիմ Գազիեւը հարցազրույցներից մեկում պատմել է, որ այդ հարձակումից օրեր առաջ գաղտնի հանդիպում է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովի հետ: «Ես նրան ծնկաչոք խնդրեցի. «Պաշա, օգնիր ինձ եւ մենք առատորեն վարձահատույց կլինենք»»,- վկայել է Գազիեւը: Ո՞վ է կազմակերպել Գրաչով-Գազիեւ հանդիպումը, այդ պայմանավորվածություններին Ռուսաստանի նախագահ Ելցինը տեղյա՞կ էր: Ամեն դեպքում անհավանական է, որ Ադրբեջանի ժողովրդական ճակատի ներկայացուցիչն առանց ազդեցիկ մարդու միջնորդության կարող էր արժանանալ ՌԴ պաշտպանության նախարարի ընդունելությանը եւ նրանից ռազմական լուրջ աջակցություն ստանալ:
Շահումյանի շրջանում ինքնապաշտպանական ուժերն անհավասար մարտ են մղել երկու-երեք օր: Հունիսի 15-ին ադրբեջանական զինված ուժերն արդեն Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածում էին՝ Թալիշ-Չյալու գծում: Հունիսի 14-15-ին ինքնապաշտպանության ուժերին հաջողվել է Խաչենի կամրջի ուղղությամբ հակառակորդի հարձակումը կասեցնել, ապա նրան ստիպել, որ նահանջի ելման դիրքեր: Դա հնարավորություն է տալիս վերականգնել Ստեփանակերտ-Մարտակերտ հաղոդակցությունը եւ լրացուցիչ ուժեր հասցնել ռազմաճակատի հյուսիսային հատված: Երկօրյա ծանր մարտերի ընթացքում չպարզված հանգամանքներում խոցվել է հայկական օդուժի ուղղաթիռ: Մարտակերտի ուղղությամբ հունիս-հուլիս ամիսների մարտական գործողությունների ընթացքում զոհվել են Վագիֆ Գալստյանը, Վլադիմիր Բալայանը եւ Լեոնիդ Ազգալդյանը: Երեք հրամանատարի կորուստը ոչ միայն ռազմա-քաղաքական, այլեւ հոգեբանական ծանր ազդեցություն է թողել: Առայսօր հիմնավորապես ցրված չեն կասկածները, որ նրանք «խարդավանքի զոհ են դարձել»: Հատկապես խնդրահարույց է Վագիֆ Գալստանի զոհվելու հանգամանքը. նրա մեքենան ականի վրա պայթել է հակառակորդի հսկողությունից դուրս տարածքում: Ըստ հավաստի տեղեկությունների, Մարտակերտի ուղղությամբ ռազմական գործողությունների պատասխանատուն մինչեւ 1992թվականի օգոստոսի 6-ը հանդիսացել է Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադեւոսյանը:
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մի շարք հարցազրույցներում վկայել է, որ այդ օրը՝ 1992 թվականի օգոստոսի 6-ին, Արկադի Տեր-Թադեւոսյանը հիվանդության պատճառաբանությամբ թողել է ռազմաճակատը եւ մեկնել Հայաստան: Որոշ տեղեկություններով՝ նա Երեւանում մի քանի օր մնալուց հետո մեկնել է Ջերմուկ՝ վերականգնելու առողջությունը: Շահումյանի անկումից եւ Մարտակերտի շրջանի տարածքի գրեթե կեսի օկուպացիայից հետո Երեւանում ՀՅԴ-ն եւ Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն ու մի քանի այլ խմբավորումներ կազմակերպել են բազմամարդ ցույցեր եւ հանրահավաքներ՝ պահանջելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Շրջանառվել է տեսակետ, որ «ՀՀՇ-ն հանձնել է Շահումյանը եւ Մարտակերտը»: Նույն օրերին Ստեփանակերտում տեղեկություն է տարածվել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը «համաձայնության են եկել, նախկին ԼՂԻՄ-ի տարածքը Խաչեն գետով պետք է բաժանվի երկու հատվածի, հյուսիսը՝ մնա Ադրբեջանին, հարավը՝ Հայաստանին, որի դիմաց Հայաստանը պետք է Ադրբեջանին հանձնի Մեղրին»:
(Շարունակելի)
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝
