Արևմտյան Եվրոպայից ներշնչված ազատության գաղափարների ներմուծումը դարձավ ՀՅԴ քաղաքական գաղափարախոսության առանցքը։ Ֆրանսիական հեղափոխությունից սկսած՝ ազատության, հավասարության և ազգային ինքնության գաղափարները տարածվում էին Արևելյան Եվրոպայով և Կովկասով։ Մինչև ՀՅԴ-ի ստեղծումը, այս գաղափարները ներթափանցել էին հայ մտավորական միջավայր՝ մասնավորապես՝ հայ ուսանողների, ընթերցողների, թերթերի և խմբակների միջոցով։
Արայիկ Մկրտումյան
Գաղափարի ներուժը՝ ճնշման և անկայունության խաչմերուկում
Հայ Յեղափոխական Դաշնակցության ծնունդը պատահականություն չէր։ Այն առաջացավ պատմական անհրաժեշտության, քաղաքական փնտրտուքի և գոյաբանական ճնշման խաչմերուկում։ Նրա հիմքում դրված էին միաժամանակ և՛ գաղափարական ազդակներ՝ ներմուծված Եվրոպայից, և՛ գործնական հակազդեցություն՝ Օսմանյան կայսրության և Ռուսական կայսրության նկատմամբ հայության ենթարկած ճնշումներին։ ՀՅԴ-ի ձևավորումը 1890 թվականին Թիֆլիսում՝ մի խումբ ուսանողների, ուսուցիչների և երիտասարդ մտավորականների կողմից, պարզապես մի «կուսակցություն ստեղծելու» ակտ չէր։ Դա շատ ավելի խոր գործընթաց էր՝ հայ քաղաքական միտքը փորձում էր ձևավորել իր առաջին կազմակերպված պատասխանն արտաքին մահվան և ներքին քաոսի դեմ։ ՀՅԴ ստեղծման հիմնական պատճառնները մեծ մասամբ նույնն էին, ինչ և ՍԴՀԿ և Արմենականների ստեղծումը, թեև միջավայրը՝ Թիֆլիսը, ի տարբերություն Եվրոպայի ու Օսմանյան Կայսրության, ընդգծված տարբերություններ ուներ։
Առաջին ու կարևոր պատճառներից մեկը Օսմանյան կայսրությունում հայության նկատմամբ համակարգային բռնաճնշումն էր։
1880-ականների վերջին Օսմանյան կայսրության արևելյան նահանգներում հայերը ենթարկվում էին վարչական անարդարության, հարկային ճնշման, սոցիալական ապաստանազրկման և հարձակումների։ Քրդական խմբավորումների և համիդյան գնդերի կողմից հայ գյուղերի կողոպուտն ու կոտորածները մնում էին անպատիժ։ Հայը չուներ ո՛չ ոստիկանություն, ո՛չ դատարան, ո՛չ իրավունքներ։ Ինքնապաշտպանության միակ միջոցը՝ ֆիդայական շարժումն իր ընթացքի երկրորդ փուլում այլևս չուներ այն արդյունավետությունը, ինչ և առաջին փուլի ժամանակ։ Քրդերն ու թուրքերը, տասնապատիկ անգամ գերազանցելով հայկական փոքրիկ զինված ջոկատներին, արդեն կարողանում էին նրանց դեմ պայքարել ավելի կազմակերպված ու կատարելագործված ձևով։ Բայց ֆիդայական պայքարը դադարեցնել և ոչինչ չձեռնարկելն անհնար էր։ Դա նշանակում էր ժողովրդին թողնել առանց կամքի ու զենքի։ Միաժամանակ կարիք կար նաև վերաձևավորել այդ նույն պայքարը, այն դարձնել ավելի կազմակերպված, համախմբված։ Ըստ էության, բոլորն էլ արդեն քիչ թե շատ հասկանում էին, որ մանր, առանձին ջոկատներով կարճաժամկետ հաջողությունը սկսում է փոխվել անհաջողության։ Եվրոպական երկրներից և ոչ մեկը ոչ մի պարագայում չէր բանակցի ու չէր աշխատի հայկական մանր զինված խմբերի հետ, որոնք Բարձր Դռան կողմից ներկայացվում էին որպես ահաբեկիչներ և անջատողականներ։ Հարկավոր էր ռազմական ներկայությունն ապահովագրել և ներկայացնել, հիմնավորել քաղաքականապես, այն սկզբունքների մեջ, որը եվրոպացիները ևս հասկանում էին։
ՀՅԴ-ն ձևավորվեց՝ որպես այս անարդարության դեմ զինված կազմակերպված պատասխանի մարմին։ Նրա հիմնադիրները վստահ էին՝ առանց զինված ինքնապաշտպանության և կազմակերպված ահաբեկչական գործողությունների՝ այս կոտորածները շարունակվելու են մինչև հայը վերանա, բայց նրանք նաև հասկանում էին որ այդ զինված պայքարը պիտի լինի կազմակերպված, քաղաքականորեն հիմնավորված(Միայն զենքով կա հայոց փրկություն)։
Արևմտյան Եվրոպայից ներշնչված ազատության գաղափարների ներմուծումը դարձավ ՀՅԴ քաղաքական գաղափարախոսության առանցքը։ Ֆրանսիական հեղափոխությունից սկսած՝ ազատության, հավասարության և ազգային ինքնության գաղափարները տարածվում էին Արևելյան Եվրոպայով և Կովկասով։ Մինչև ՀՅԴ-ի ստեղծումը, այս գաղափարները ներթափանցել էին հայ մտավորական միջավայր՝ մասնավորապես՝ հայ ուսանողների, ընթերցողների, թերթերի և խմբակների միջոցով։ Այս մտավոր-գաղափարական դաշտը սնվում էր եվրոպական սոցիալիզմից, ազգայնականությունից, անարխիզմից և լիբերալիզմից։ ՀՅԴ-ն իր առաջին իսկ ծրագրում համադրում էր սոցիալիստական գաղափարներ՝ ազգային ազատագրության դիսկուրսով(հետագայում, շատ ավելի ուշ ազգային այս շարժումները բոլշևիկյան ուժերի կողմից սկսեցին ներկայացվել որպես հայկական ազգային սոցիալիզմ՝ նույնացվելով իտալական ֆաշիզմի, գերմանական նացիզմի և ճապոնական իմպերիալիզմի հետ)։
Ինչպես և նշել էինք ավելի վաղ, հայ ժողովուրդը բաժանված էր մի քանի կայսրությունների միջև։ Արևմտյան Հայաստանը՝ Օսմանյան կայսրության, Արևելյանը՝ Ռուսական կայսրության, իսկ մի մասը՝ Պարսկաստանի կազմում։ Այդ բաժանումը ստեղծում էր միասնական քաղաքական ռազմավարության անհնարինություն։ ՀՅԴ-ն՝ ի տարբերություն նախորդ փորձերի, նպատակ ուներ՝ գործել համահայկական ծավալով՝ միաժամանակ մի քանի կայսրությունների ներսում։ Կուսակցության անվանումն իսկ՝ «Դաշնակցություն» հենց այդ միտումն ուներ՝ ոչ թե պարզապես քաղաքական կուսակցություն, այլ ազգային-ազատագրական ուժերի դաշինք, դաշնակցություն։ Բայց քաղաքական ու տնտեսական, գաղափարական մասնատվածությունը թույլ չտվեց նման հսկայածավալ ծրագիրն իրականություն դարձնել, ուստի ստեղծումից ընդամենը 2 տարի անց՝ 1892թ․նորաստեղծ դաշնակցական-գաղափարական հարթակը, այլ ելք չունենալով և խոշոր հաշվով միայնակ մնալով, վերաձևակերպվեց՝ Հայ հեղափոխականների Դաշնակցությունից դառնալով Հայ հեղափոխական Դաշնակցություն։
ՀՅԴ անվան փոփոխությունը՝ «Հայ հեղափոխականների դաշնակցությունից» (1890)դեպի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» (մոտավորապես 1892-1893), առաջին հայացքից կարող էր թվալ ձևական, բայց իրականում այն բացահայտում է խորքային գաղափարական, կառուցվածքային ու քաղաքական շրջադարձ։ Այդ անցումը կարելի է համարել ոչ թե կոսմետիկ ուղղում, այլ՝ ինքնաճանաչողության ակտ, որի միջոցով նորաստեղծ շարժումը ձգտում էր կոնկրետացնել իր ինքնությունը, հստակեցնել գործելաոճը, և առավել համակարգված դառնալ։
«Հայ հեղափոխականների դաշնակցություն» – ի՞նչ էր այս անունը նշանակում
Երբ ՀՅԴ-ն հիմնադրվեց 1890-ին՝ Թիֆլիսում, նրա ձևակերպումը որպես «Հայ հեղափոխականների դաշնակցություն»ցույց էր տալիս մի բան՝ դեռևս խոսքը չէր գնում մեկ միասնական կուսակցության մասին, այլ ենթադրում էր տարբեր անձանց ու խմբերի միություն, ովքեր ունեին ընդհանուր նպատակ՝ հեղափոխական պայքար։
Այս անունը շեշտում էր միավորման գաղափարը, ոչ թե կազմակերպվածության։ Այսինքն՝«հեղափոխականներ»՝ բազմազան անհատներ, «Դաշնակցություն»՝ միություն, միասնական ցանց։ Այդ մտքին էր հանգեցնում այն, որ դեռևս չկար կուռ կառուցվածք, կենտրոնական ղեկավարություն, միասնական ծրագիր։ Հիմնադիրները՝ Ռոստոմը, Զավարյանը և Քրիստափոր Միքայելյանը միտում ունեին ավելի լայն շարժում ձևավորել, քան մեկ գաղափարական հենարան։
Այս փուլում՝ ՀՅԴ-ն միտում ուներ համախմբվել մի գաղափարի շուրջ․
«Եթե ամեն տեղ կան հայ հեղափոխականներ, ապա լավագույն տարբերակը դաշնակցելն է՝ միմյանց չխանգարելու, ոչ թե՝ պարտադրելու սկզբունքով»։
Ինչո՞ւ դա չաշխատեց։
Գործնական անհրաժեշտության ճնշումը սակայն միանգամից սկսեց խոչընդոտների հանդիպել այն նույն քաղաքական-գաղափարական սոսկալի մասնատվածության, ինչպես նաև հայության առջև ծառացած սարսափելի ծանր խնդիրների պատճառով։ Անթիվ խնդիրները նաև զրկում էին երկարատև ժողովների, համաժողովների ու համահայկական կառույց ստեղծելու հնարավորությունից։ Դա իրականություն դարձնելու համար հեղափոխականների դաշնակցությունը պիտի երկարատև աշխատանք կատարեր ու փորձեր Պարսկաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի հայ քաղաքական, ռազմական, մտավորական, բիզնես-կապիտալը համախմբել մեկ միասնական, հիրավի «Հայկական Դաշնակցության» գաղափարի ու դրոշի տակ։ Անթիվ պատճառներով դա տեղի չունեցավ։ Չէր էլ կարող տեղի ունենալ։ Չափից ավելի շատ խնդիրներ կային այդ ամենը խոչընդոտելու առումով։ Գաղափարը չափից ավելի իդեալական էր իրականություն դառնալու առումով, բայց պետք է արժանին մատուցել Զավարյանին, Զորյանին ու Միքայելյանին՝ հայ քաղաքական կյանքի այդ հզոր շարժումը ստեղծելու համար, մի բան, որ հետո այլևս չկրկնվեց։ Այս առումով թերևս բացառություն էր կազմում հայ անվանի ֆիդայի, հայդուկապետ Հրայր Դժոխքը(Արմենակ Ղազարյան), ով միակն էր, որ առաջարկում էր մասնակի ու փոքր խմբային պայքարը դադարեցնել, պատրաստվել համահայկական ապստամբության՝ իրենց կողմը գրավելով նաև շահագրգիռ քրդական և այլ ցեղերի։
Շատ շուտով պարզ դարձավ՝ այս խզված և դաշնային կառուցվածքը չի աշխատում։
Բուն Արևմտյան Հայաստանում իրավիճակը մոլեգնում էր 1890-ականներին Արևմտյան Հայաստանում սկսվեցին արևմտահայերի կոտորածները, որի հետևանքով ծրագրային աշխատանքների ժամանակ ու հնարավորություն չկար։ Ստեղծված իրավիճակում ընդունվում է գործողությունների հետևյալ տրամաբանություն՝ գյուղերի արագ պաշտպանության կազմակերպում, անհատական ահաբեկչություններով պատժել կոտորածների կազմակերպիչների ու կենտրոնական դեմքերի(այդ մեթոդը նաև կիրառվեց ավելի ուշ՝ 1905-1907թթ․ հայ-թաթարական կռիվների ժամանակ, ինչպես նաև որպես հիմք Նեմեսիսի իրականացման համար)։ Ինչպես նաև հարկավոր էր ուժերի մոբիլիզացիա, զենքի և գումարի հայթայթում՝ գործողությունների վայր տեղափոխում։ Բացի հիմնական դժվարություններից էական բարդություն առաջացրին նաև ռուսները՝ արգելափակելով հայերի տեղափոխությունը Թուրքիա։
Ի վերջո պարզ դարձավ, որ այս ամենը անհնար էր անել առանց կուռ կառույցի, առանց հրամանատարական կենտրոնի և ծրագրավորված գործողությունների։Դաշնակցային մոդելն անշուշտ դեմոկրատական էր, բայց գործնականում այն հանգեցնում էր խառնաշփոթի, միմյանց չիմացության ու անտեղյակության, շրջաններից մեկը կարող էր անտեղյակ լինել մյուսի գործողություններից, կենտրոնի բացակայությունը առաջ էր բերում նաև «ինքնագործունեության, հաշվետվողականության բացակայության», որը վտանգում էր ամբողջ շարժումը։ Սա ազդակ էր, որ հետագայում ամեն ինչ ավելի ծանր ու քայքայիչ վիճակում է հայտնվելու։ Այս բոլոր պատճառներով՝ մոտ 1892-1893 թվականներին ներքին փաստացի որոշում կայացվեց, որ նհրաժեշտ է ստեղծել կենտրոնացված, հիերարխիկ և կարգապահ կուսակցություն, որը կունենա միասնական գաղափարախոսություն,կենտրոնական մարմին (Բյուրո), կկառուցի խիստ ցանցային համակարգ՝ խմբակներ, շրջաններ, մարզային կոմիտեներ։
Այսպես ծնվեց «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» անունը և այժմ շարժման նպատակն էր դառնալ գործողություն իրականացնող ինքնաբավ կազմակերպություն, այլ ոչ թե համագործակցող անհատների խումբ։ Անունը դարձավ գործող մարմին, ոչ թե գաղափարական հրավեր։ Գաղափարական փոփոխության առումով սա հանգեցրեց նրանց, որ Դաշնակցությունը գաղափարից վերածվեց կազմակերպության։ Ընդունվեց միասնական ծրագիր(1892թ․) սկսվեց անդամագրման երդման ձևաչափը, սկսեցին կազմավորվել տեղական կոմիտեությունները, ռազմական ու քաղաքական ստորաբաժանումները։ Կուսակցության որոշումներն արդեն պարտադիր են դառնում բոլորի համար։ ՀՅԴ-ն դառնում է ռազմականացված կուսակցություն՝ իր սեփական զինված ջոկատներով(ևս մի երևույթ, որ հետագայում մանիպուլացվեց բոլշևիկների կողմից՝ՀՅԴ-ն ու իր զինված ջոկատները համեմատելով գերմանական նացիստական NSDAP կուսակցության ու նրա զինված ջոկատների ԷՍԷՍ-ի հետ)։
Տեղի ունեցավ բազմակենտրոն ռոմանտիկ շարժումից անցում կենտրոնացված կուսակցական համակարգի։ Անվան ու կառուցվածքի այս անցումըցույց է տալիս ինչպես է ազգային գոյաբանական պայքարը տեղափոխվում է մտքի, կարգապահության, ենթակայության համակարգ։ Դաշնակցությունը սկսում է իրեն ընկալել որպես ոչ թե ուղղակի արձագանք մղձավանջին, այլ՝ պատրաստված և գիտակցաբար ստեղծված գործիք ապագայի համար։ Բազմության միավորումը դառնում է կազմակերպված ուժի փոխակերպում։ Դա հայ քաղաքական միտքի համար հեղափոխություն էր՝ բառի ուղիղ իմաստով։ Առանց կենտրոնի դաշնային շարժումը վերածվեց կուսակցության ծրագրի՝ հիերարխիկ միասնականության։
Այս անցումը փաստացի ցույց տվեց ՀՅԴ-ի հասունացումը։ Նա այլևս ոչ միայն պատասխան էր ճնշման, այլ՝ ինքնակազմակերպման փորձ էր՝ առանց պետության պետություն դառնալու ճանապարհին։
Իսկ հնարավո՞ր էր այլ կերպ
Կարո՞ղ էր արդյոք 1890թ․ՀայՀեղափոխականների Դաշնակցությունըմիավորող կամրջի դեր տանել հայ ռազմականխմբերի, քաղաքական նախաձեռնությունների, մտավորական էլիտայի ու հայկական բիզնես-կապիտալի միջև։ Ո՛չ, դա անհնար էր բազմաթիվ օբյեկտիվ պատճառներով, որոնցից ամենածանրը խիստ մասնատվածությունն ու կտրտվածությունն էր հայ ազգաբնակչության շերտերի միջև, ինչպես նաև այն ծանր խավարամտությունը, որ թագավորում էր Երեք Կայսրություններում էլ։
Բայց, եթե փորձենք ավելի ընդհանուր նայել, ապա ի՞նչ էր ցանկանում, նախատեսում ՀՅԴ-ն իր սկզբնական փուլում։ Այդ ամենը կարելի է բաժանել երկու փուլի՝ Ազգային ազատագրություն՝ Արևմտյան Հայաստանում և Սոցիալական արդարություն։
Առաջին նպատակի համար ՀՅԴ-ն ծրագրում էր քաղաքական և ազգային ազատություն ապահովել Օսմանյան կայսրության հայ բնակչության համար։ Դա պետք է իրականանար զինված ջոկատների կազմակերպմամբ, հարձակումներով բռնապետական գործիչների վրա(ինչը գրեթե ունիվերսալ կերպով կիրառվում էր նաև ավելի ուշ ժամանակաշրջանում, նաև մյուս երկու հայկական կուսակցությունների կողմից), գյուղերի ինքնապաշտպանությամբ(այս առումով իր ժամանակի համար հրաշալի ձեռնարկ էր Նիկոլ Դումանի կողմից թողարկված ինքնապաշտպանական ուղեցույցը, որում հմուտ կերպով նկարագրվում է, թե առհասարակ գյուղական ու քաղաքային վայրերում ինքնապաշտպանությունը, հարձակումն ու նահանջը ինչպես է պետք կազմակերպել։ Ռազմական հարցերի այս տեսաբանական բարձր մակարդակը վկայում էր այն մասին, թե որքան լուրջ էին մոտենում դաշնակցական գործիչներն իրենց առջև դրված խնդիրներին), արտաքին աշխարհում հարցի բարձրացմամբ։
ՀՅԴ-ն այստեղ գործեց որպես ազգային-ազատագրական շարժման կազմակերպված ուժ՝ փորձելով ոչ միայն պայքարել կայսերական ճնշման դեմ, այլ նաև ստեղծել ազգային պատվություն և դիմադրության հոգեբանություն, ինչ աննախադեպ էր ժամանակի հայկական իրականության համար։ Դաշնակցության հետ մեկտեղ գրեթե նույն աշխատանքը կատարում էին նաև հայկական մյուս կուսակցությունները, բայց անհնար դարձած միաբանությունը խորտակեց նրանց երեքի պլաններն էլ՝ ստիպելով գործել միայնակ՝ հազվադեպ դաշնակցելով իրար հետ։ Ավելին, հայկական միջավայրի ու հայ գործիչների միջև առկա սուր գաղափարաբանական տարաձայնություններն այնքան ուժեղ էին, որանգամ 1896թ․ ներսից՝ պառակտեցին Հնչակյան կուսակցությանը։ Այս և այլ բազմաթիվ երևույթները վկայում էին այն բանի մասին, որ հայ քաղաքական գործիչները հաճախ չափից ավելի իդեալիստական էին մոտենում ծառացած խնդիրներին՝ երբեմն հստակ քաղաքական ծրագիր չունենալով բոլոր դեպքերի համար։
ՀՅԴ-ի ստեղծման համատեքստում այն բնական համեմատական ենթադրություն է առաջացնում՝ այլ ազգերի անկախության և ինքնության համար մղվող պայքարի օրինակների հետ։ Լեհական ազգային շարժումները՝ ուղղված Ռուսական կայսրության դեմ (հատկապես՝ 1830-31 և 1863-64 թվականների ապստամբությունները), իռլանդական շարժումները՝ Բրիտանական կայսրության դեմ (մինչև և ներառյալ 1916 թ․Easter Rising), և ֆիննական շարժումը՝ նույնպեսՌուսական կայսրության սահմաններում, ունեն մի շարք կառուցվածքային նմանություններ ՀՅԴ-ի հետ՝ սակայն միևնույն ժամանակ, կտրուկ տարբերություններ։ Լեհական շարժումը կրում էր հստակ ռոմանտիկ ու ծիսական բնույթ՝ կապված պատմական պետականության հիշողության հետ։ Լեհերը գործածում էին ազգային պատմությունը՝ որպես հավակնության հիմք, և տիրապետում էին համեմատաբար ավելի զարգացած կրթական ու ինտելեկտուալ ռեսուրսի։ ՀՅԴ-ն՝ ի տարբերություն այդ շարժումների, չուներ նմանատիպ պետության պատմական հիշողություն՝ թարմացված քաղաքական գիտակցությամբ, ոչ էլ ուներ համատարած կրթված, միջին դասակարգ, որի վրա կարելի էր հիմնվել։ Իռլանդական շարժման մեջ ազգային ինքնությունը խարսխված էր լեզվի, կաթոլիկության և ազգային ռոմանտիզմի վրա։ Սակայն իռլանդացիներն ունեին խիստ հստակ սոցիալական հենարան՝ գյուղացիներ, որոնք բացահայտ իրենց տեսնում էին որպես ազգ-շարժման մաս։ ՀՅԴ-ի պարագայում գյուղացիների համատարած ներառումը գաղափարական և կազմակերպչական հենքում, խիստ սահմանափակ էր՝ ոչ միայն գրագիտության ցածր մակարդակի, այլ նաև ազգային ինքնագիտակցության մասնատվածության պատճառով։
Ֆինները, իրենց հերթին, կենտրոնացան մշակութային ինքնության ձևավորման վրա՝ լեզվական, կրթական և ինստիտուցիոնալ պայքարի միջոցով։ Այս շարժման մեջ հիմնական գործիքը դարձավ «հանգիստ դիմադրությունը» (passive resistance), այնինչ ՀՅԴ-ն ստիպված էր շեշտել ֆիզիկական դիմադրությունը՝ ինքնապաշտպանության ու ֆիդայականության միջոցով։ Այս համեմատությունը ցույց է տալիս, որ ՀՅԴ-ն հայտնվել էր սեղմված հակասությունների մեջ. չունենալով հստակ ազգային միասնություն, ձգտում էր համահայկական ծրագիր ձևավորել՝ միաժամանակ տարբեր կայսրություններում գործող խմբերի միջև ստեղծելով դաշնակցային կազմակերպություն։ Մի բան, ինչը ո՛չ լեհերն էին փորձել, ո՛չ իռլանդացիներն, ո՛չ ֆինները։
Հաջորդ ծանր հարցը, որի լուծմանը նաև ՀՅԴ-ն էր ձեռնամուխ եղել՝ Սոցիալական արդարության հարցն էր։
Սկզբնական շրջանում ՀՅԴ-ն իր ծրագրում ամրագրեց սոցիալիստական դրույթներ։ Սա ցույց է տալիս, որ կուսակցությունը փորձում էր միաժամանակ պատասխանել և՛ ազգային ճնշմանը, և՛ սոցիալական անհավասարությանը՝ հատկապես գյուղական և արհեստավոր խավերի շրջանում։ Դա շատ կարևոր ու գաղափարական առումով բարձրարժեք, սակայն շատ հատվածներում անիրականանալի էր՝ հաշվի առնելով այն միջավայրը, որում փորձում էր գործել ՀՅԴ-ն։ ՀՅԴ ծրագրերում, մասնավորապես ընդգրկված էին․ հողի վերադարձ գյուղացիներին, աշխատավորի իրավունքների պաշտպանություն, կրթության, դպրոցի, մայրենի լեզվի պաշտպանություն։ Բայց, թե ինչպես պիտի կատարվեր սոցիալական արդարությանն ուղղված օրինակ հողի վերադարձը գյուղացուն, ոչ միայն անհնար էր պրակտիկորեն, այլ շատ մութ ու խճճված էր օրենսդրական առումով, քանի որ երեք կայսրություններում էլ կային սեփականության մասին տեղական պետական օրենքները, որոնք սոցիալիզմից շատ հեռու էին։ Մի բան է, երբ գերմանացի հանքափորները պահանջում էին «երեք ութերի հաստատում»՝ ութ ժամ աշխատանք, ութ ժամ հանգիստ, ութ ժամ քուն, ու դա մի իրավիճակում, երբ տնտեսական ու քաղաքական դրությունը գոնե տեսական մակկարդակով թույլ էր տալիս պահանջել ու մեկ այլբան է, երբ հակակայկական Օսմանյան մթնոլորտում հայն էր նման բան պահանջում։ Օսմանյան, ինչպես նաև Ռուսական կայսրություններում, Շահական Պարսկաստանում դեռ կար պետությունը պաշտոնական մակարդակով օրենսդրական դարձնելու հարց, որից պիտի բխեին և՛ ազգային, և՛ տնտեսական հարցեր, և առանց դրա անհնարին կլիներ նման գաղափարների տեղայնացումը։
Սոցիալիստական դրույթները, որոնք ՀՅԴ-ն ներառել էր իր սկզբնական ծրագրերում, ունեին բարձր բարոյական և գաղափարական արժեք, բայց շատ դեպքերում խիստ սահմանափակ գործնական հնարավորություն։ Դրանց բախումը իրականության հետ սկսվում էր հենց տեղանքից․ գյուղերում ոչմիայն գրագիտություն չկար, այլև հիմնականումազգային ինքնության ձևավորված պատկերն էրբացակայում։ Հայ գյուղացության մեծ մասը ապրում էր կրոնական, համայնքային և ընտանեկան շրջանակում։ «Սոցիալական արդարություն» և «ազատություն» հասկացությունները կամ մերժվում էին՝ որպես «հպարտություն Աստծու դեմ», կամ ընկալվում էին որպես վտանգավոր այլաբանություններ։ Երբ կուսակցական գործիչները փորձում էին բացատրել՝ «Հողը պետք է տրվի գյուղացուն», շատերն ուղղակի չէին հասկանում՝ ումից է այդ հողը պետք վերցնել՝ բեկի՞ց, պետությա՞նից, թե՝ Աստծուց։ Այդպիսի գաղափարների ճակատում կանգնած էր նախ՝ հավատը, հետո՝ վախը։ Բացի այդ, կուսակցական գործիչները հիմնականում քաղաքային միջավայրից էին, և գյուղական իրականության սոցիալ-հոգեբանական կառուցվածքը խորը անծանոթ էր նրանց։ Նրանք կրում էին եվրոպական, մասամբ ռուսական ինտելեկտուալ փորձ, բայց այդ փորձը երբեմն չէր անցնում հայկական համայնքի փակ դռները։ Գյուղացին հաճախ չէր ուզում ներգրավվել․«մեր գործը խոտն է, ջուրը, հացը» – և ոչ քաղաքականությունը։
Այստեղից էլ՝ ճնշման տակ ընկնող կուսակցությունը ստիպված էր հաճախակի գաղափարական մաքուր գծերից շեղվել, որ ավելի պրագմատիկ ճանապարհով ապահովի շարժման գոյությունը։ Սա միայն ՀՅԴ-ի հարցը չէր, այլ ամբողջ հայկական քաղաքական միջավայրի՝ որի մեջ գաղափարական իդեալները միշտ պարտվում էին քաղաքական ռեալպոլիտիկին։
Սոցիալիզմն իհարկե ՀՅԴ-ի համար միայն տնտեսական մեթոդ չէր, այլ նաև՝ հակակշիռ կապիտալիստական շահառու գավառապետերի, բեկերի, և օսմանյան ֆեոդալների դեմ։ Մի բան, որը գաղափարական առումով կարելի է մեծ վերելք համարել, թեև պրակտիկորեն կիրառման անհնարինությունը ստիպում էր կուսակցությանը մերթ ազգային հարցը մի կողմ դնել, մերթ՝ սոցիալական արդարության։ Նախադեպ ու հնարավորություններ պարզապես չկային։
Համահայկական համախմբում և կառույցի ստեղծում
ՀՅԴ-ն առաջին կազմակերպությունն էր, որը մտադիր էր ստեղծել համահայկական կազմակերպված ցանց՝ կապ ունենալով և՛ Կովկասում, և՛ Արևմտյան Հայաստանում, և՛ Պարսկահայաստանում, և՛ սփյուռքում։
Այս միասնականությունը պետք է ապահովերտեղեկատվության փոխանակում, մեթոդների միասնականացում, դրամահավաքներ ու զինամթերքի փոխադրում, գաղափարական միասնություն։ Սա թերևս ՀՅԴ-ի այն ֆենոմենն էր, որը թույլ տվեց ապակենտրոնացման կառավարում ունենալով հանդերձ՝ պահպանել կուսակցության ֆունկցիոնալությունը։ Այս վերջին կետերը ապացույցն էին այն բանի, որ առնվազն տեսական մակարդակում ՀՅԴ-ում լավ էին պատկերացնում մեթոդաբանական միասնակացման, ցանցային կառավարման ու գաղափարական ընդհանրականության կենսական անհրաժեշտությունը։ Այս ամենը ՀՅԴ-ին դարձրեց այն ժամանակաշրջանի ամենաուժեղտեխնոլոգիական կուսակցությունը, որն ուներ ստորաբաժանումներ, գաղտնիություն, կոդավորված հաղորդակցություն և սփյուռքային հենակետեր։
Անկախությունը ՀՅԴ ծրագրերում
ՀՅԴ ծրագրերի առաջին փուլի մասին խոսելիս պետք է հասկանալ նաև անկախության ու ազգային պետության հարցը։ Ճի՞շտ է արդյոք ասել, որ ՀՅԴ-ն սկզբում անկախ Հայաստանի ծրագիր չուներ
Եթե կարճ՝ այո, սկզբնական շրջանում ՀՅԴ-ի ծրագիրը բացահայտ չէր հռչակում անկախություն, այլ խոսում էր Արևմտյան Հայաստանի ինքնավարության մասին՝ Օսմանյան կայսրության շրջանակներում։ Բայց խորքային վերլուծությամբ պարզ է դառնում, որ սա ոչ թե գաղափարական ընտրություն էր, այլ՝ պատմա-քաղաքական իրատեսություն, տակտիկա և գոյաբանական հաշվարկ։ Դաշնակցությունը, ինչպես և մյուս քաղաքական ուժերը երազում էին անկախ պետության մասին, բայց պետք էր հաշվի առնել դրա հնարավորությունն ընդհանրապես։
Ինչու ՀՅԴ-ն չէր հռչակում անկախության պահանջ 1890-ականներին, շատ պարզ այն պատճառով, որ Անկախ պետություն ստեղծելու պատմական նախադեպ չկար։
Հայ ժողովուրդը 19-րդ դարում չուներ պետականության կենդանի փորձ։ Վերջին անկախ պետական հիշողությունը գնում էր դեպի Միջնադար՝ Բագրատունիներ։ Դա նշանակում էր, որ նույնիսկ գաղափարական դաշտում «անկախություն» հասկացությունը չուներ ձևակերպված կառուցվածք։ Իսկ աշխարհում նորաստեղծ պետությունների օրինակները դեռ շատ հազվադեպ էին։ Միջազգային իրավունք՝ ինքնորոշման մասին՝ չկար։ Անկախ Հայաստան պատկերացնելը 19-րդ դարում՝ ֆանտաստիկ մի բան էր, որն անհնար էր թվում։
Եվրոպական տերությունները, որպես գաղափարական լեգիտիմատորներ, չէին աջակցում անկախությանը։ Լինելով գաղութային պետություններ, նրանք սկզբունքորեն դեմ ցանկացած անկախական շարժման, քանի որ դա կարող էի վարակիչ լինել ու խնդիրներ հարուցել հենց իրենց համար։ Եվրոպական սոցիալիզմը դեռ շարունակում էր մնալ բուրժուական սոցիալիզմ՝ պաշտպանելով գաղութատերերի ու նվաճողների արդարությունն ու հավասարությունը, իսկ լայն զանգվածներին տրվող արտոնությունները փոքր էին ու չէին տարածվում գաղութների վրա։
Հայ գործիչները շատ լավ հասկանում էին, որ անկախության պահանջը կարող է ընկալվել որպես սեպարատիզմ, իսկ Եվրոպան այն ժամանակ միայն պաշտպանողական հռետորաբանությամբ էր հանդես գալիս՝ «ռեֆորմներ Օսմանյան կայսրությունում», ոչ թե նրա մասնատում։ Սրա ամենավառ օրինակը 1878-ի Բեռլինի վեհաժողովն է, ուր հայերի շահերը սահմանափակվեցին՝ վերածվելով ընդամենը մի կետի «վարչական բարեփոխումների» մասին։
Կարևոր է հասկանալ նաև, որ ՀՅԴ-ն նախ և առաջ ձևավորվել էր որպես պաշտպանական շարժում, ոչ թե՝ պետականաշինական կառույց
Կուսակցության գործունեության առանցքում դրված էր հայ ժողովրդի ֆիզիկական գոյատևումը, ոչ թե քաղաքական դարի շրջանափոխությունը։ Արևմտյան Հայաստանում խոսքը գնում էր՝ սպանդըկանգնեցնելու, ինքնապաշտպանությունն ապահովելու, ապրելու մասին։ Դա հենց այն ռեալպոլիտկն էր, որ կարելի էր հասկանալ ու պաշտպանել մեծ քաջության գնով։ Իսկ դա չէր կարող համարվել պետության ստեղծման նախահայոց։ Դրա ոչ ռեալ հնարավորություններ կային, ոչ էլ անգամ տեսական հիմքերը։ Դա գաղութային աշխարհ էր՝ նվաճողի հոգեբանությամբ ու նվաճողի շահերը պաշտպանող հռետորաբանությամբ։ Հակընդդեմները կարող էին օրինակ բերել հունական 1820-30թթ․ համընդհանուր ապստամբությունն ու Հունաստանի անկախությունը, բայց դա ոչ թե ներքին տարերային ցույց էր, այլ Օսմանյան պետության դեմ իրականացված ռազմական ու քաղաքական դիվերսիա, որը պաշտպանվում էր Եվրոպացիների ու ռուսների կողմից, ինչը և հաջողությամբ պսակվեց։
Բայց մի՞թե նրանք չէին երազում անկախության մասին
Այո՛, երազում էին։ Նույնիսկ եթե դա ծրագիր չէր, դա ենթադրյալ հեռանկար էր։ ՀՅԴ-ի ներսում շատ շուտով ձայներ սկսեցին բարձրանալ, որ Ինքնավարությունը ընդամենը միջանկյալ կայան է, իսկ նպատակը՝ ազատ, անկախ Հայաստան է։ Դա իհարկե տեղի ունեցավ աստիճանաբար՝ արձագանքելով համաշխարհային իրադարձություններին։ ՀՅԴ գաղափարական մի շերտ տեսնում էր Արևմտյան Հայաստանի ինքնավարությունը որպես քաղաքական դիրքավորման տեքստ՝ որը պետք է հասկանալի լինի դրսի դաշնակիցների համար։ Մյուս շերտը՝ հստակ հավատում էր, որ ի վերջո, պետությունը պետք է անկախ լինի, բայց դա հասանելի է միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը լինի պատրաստ, տարածաշրջանը՝ համապատասխան, և համաշխարհային հանրությունը՝ պատրաստ ընդունելու այդ իրողությունը։
Ահա թե ինչու արդեն 1907-ից սկսած, ՀՅԴ ներսում սկսվում է հստակ՝ անկախության կողմնակիցների ակտիվացում, հատկապես երիտասարդների մոտ, որոնք անհամբեր էին տեսնել իրական արդյունք։ Այդ լարվածությունը որոշ փուլերում վերածվում է ներքին բախման՝ միջինացված ծրագիր ունեցող «ծերերի» և արմատական «երիտասարդների» միջև։ Դրա հետևանքները իրենց երկար ժամանակ սպասեցնել չտվին։ Այս հակասությունները թույլ չտվեցին ՀՅԴ-ին ժամանակին կառուցել հստակ պետական տեսլական։ Երբ 1918-ին իրական հնարավորությունն առաջացավ անկախ պետականություն հռչակելու, Դաշնակցությունը՝ որպես ամենամեծ կազմակերպություն, ունեցավ ժողովրդական ուժ, բայց ոչ ամբողջական պետական ծրագիր։ Նրանք ստիպված եղան ստեղծել՝ ընթացքի մեջ։ Նրանց «անկախության» ծրագիրն իրական դարձավ ոչ թե գաղափարախոսական հասունությամբ, այլ՝ քաղաքական ճգնաժամի ճնշման տակ։
ՀՅԴ հիմնադիրների միջև գաղափարական խմորումները, խորհրդաժողովային լռության պահերը, կասկածը, հուսահատությունը՝ հաճախ ավելի մեծ էին, քան պաշտոնական հաղորդագրությունները ցույց էին տալիս։ Ռոստոմի, Զավարյանի ու Քրիստափորի նամակներում հաճախ են հանդիպում հիասթափության նշաններ. նրանք չէին հավատում, որ ամբողջ հայ ազգը կարող է «ձևավորվել որպես կազմակերպված ուժ»։ Նրանք գրում էին՝ «մենք չենք ստեղծում կուսակցություն, մենք փրկում ենք մի տեսլական, որից մարդիկ հրաժարվել են»։ ՀՅԴ ներսում գոյություն ուներ անընդհատ լարում՝ «կենտրոնացվածություն» և «դաշնակցություն», «զինվածություն» և «քաղաքականացում», «միջազգային հաշվարկ» և «պայթյունավտանգ ռոմանտիզմ»։ Հատկապես դրամահավաքների և զինված պայքարի կազմակերպման հարցում ակնառու էին գործնական տարբերությունները։ Երբեմն շրջանները գործում էին առանց կենտրոնի իմացության։ Իսկ հոգեբանական մակարդակում դա նշանակում էր՝ մի բան ստեղծել, որը կործանվում է հենց իր մասնատվածության պատճառով։ Նույնիսկ առաջին ծրագրերի գրառման ժամանակ՝ հայտնի է, որ Քրիստափորը կտրականապես դեմ էր սոսկ սոցիալիստական հռետորաբանությանը՝ ահաբեկվելուց՝ որ գյուղացիների շրջանում այն հասկացվող չէ։ Ռոստոմը՝ իր հերթին, փորձում էր ձևակերպել ծրագրեր ավելի «ընտելացնող», մինչդեռ Զավարյանը կողմնակից էր ավելի հեղափոխական մոտեցման։ Նման հոգեբանական ճնշման ներքո միտքը չէր կարող դառնալ միաձույլ։ Դա կործանիչ հակասությունների լաբիրինթոս էր։
ՀՅԴ-ն անկախ Հայաստան ուզո՞ւմ էր։ Այո։ Բայց ի տարբերություն ազգայնական շարժումների, որոնց նպատակը սկզբից հստակ սահմանվում է որպես պետություն, ՀՅԴ-ն ձևավորվեց պաշտպանության, կազմակերպման, դիմադրության և սփյուռքայնության հաղթահարմանպայմաններում։Հետևաբար՝ նրա անկախության ձգտումը ոչ թե բացակայում էր, այլ՝ հետաձգված էր։ Դա մի տեսլական էր, որ պետք է ժամանակի ընթացքում դառնար հրամայական։ Այս դանդաղ ընթացքը երբեմն ՀՅԴ-ի դեմ օգտագործվեց՝ իբր թե «դաշնակները չեն ուզում անկախ Հայաստան»։ Իրականում՝ նրանց գործողությունների կոդը հստակ էր՝ առաջինը՝ փրկել հային, հետո՝ կերտել Հայաստանը։
Միաժամանակ պետք է հաշվի առնել ևս մի կարևոր բան։ ՀՅԴ-ն գործում էր ոչ միայն Օսմանյան Կայսրությունում, այլև Պարսկաստանում ու Ռուսաստանում։ Հայ հեղափոխականների ծրագրում գրված, ելույթում հնչած ցանկացած «անկախություն» միաժամանակ ուղղվում էր այդ երեք կայսրությունների դեմ էլ։ Ռուսական կայսրությունում անկախությունն անհնար էր՝ առաջին հերթին կենտրոնացված ուժեղ պետական համակարգի պատճառով։ Ընդ որում, եթե խոսքը գնար անկախության մասին, ապա այն չէր կարող վերաբերել մի ժողովրդի և անտեսել մյուսներին։ Պաշտպանելով ազգերի ինքնորոշման իրավունքը, ՀՅԴ-ն, ըստ էության, դատավճիռ էր կարդում Ռուսական և Օսմանյան կայսրություններին, հեռավոր վտանգ արթնացնում աշխարհակարգի համար։ Դրանով իսկ հայ ժողովրդի ազատագրությունը, հայոց անկախությունը սկզբունքորեն հակառակ էր անմիջապես այն պետություններին, որոնցում ՀՅԴ-ն ապրում էր։ Դա հասկանում էին նաև Դաշնակցությունում և չէին կարող պարզապես գոչել անկախություն, երբ ոչ միայն օրենսդրական հնարավորություն չկա, ռազմական ու տնտեսական գործոնները թույլ չէին տալիս, այլև բնակչությունն ինքը պատրաստ չէր։
Միաժամանակ հարկավոր է հասկանալ ևս մեկ հար․ եթե անկախություն, ապա որտե՞ղ։ Որտե՞ղ կարող էր ՀՅԴ-ն անկախության ձգտել։ Արդյո՞ք դա պիտի լիներ Ռուսաստանում կամ Օսմանյան Կայսրությունում։ Կամ մի՞թե ՀՅԴ-ն կարող էր միաժամանակ երկու կայսրությունների մարտահրավեր նետել։ Բացի ուժի և հնարավորություների հարցից, ՀՅԴ-ն կարող էր հայտնվել նաև կուսակցական մեկուսացման մեջ՝ դառնալ ինտելեկուտալ մարգինալների խումբ։ Եթե ազգամիջյան ու սոցիալական արդարությունների հետ կապված ՀՅԴ-ն հարաբերություններ ուներ ռուս սոցիալիստների հետ, եթե ՀՅԴ-ին(ինչպես նաև մյուս հայկական կուսակցություններին) որպես Ինտերնացիոնալի ծնունդ՝ ընդունում էին նաև եվրոպական սոցիալիստները, ապա անկախության հայտարությունները կարող էին հակադրվել նրանց բոլորի հետ։ Ռուսական կադետական կուսակցությունը կարող էր աջակցել ՀՅԴ-ին ազգամիջյան հարցերի խաղաղ լուծման համար, էսեռները կարող էին աջացել սոցիալական արդարության ձգտման գործում, բայց նրանցից ոչ մեկը պատրաստ չէր մասնատել Ռուսաստանը՝ հանուն հայկական անկախության։ Անկախության հարցի բաձրացումը կարող էր լինել մի արկածախնդրություն, որը շատ ծանր կարող էր նստել հայերի վրա։
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝
