Փաստացի Մոսկվային հաջողվեց Լեռնային Ղարաբաղի կարգավորումը պայմանավորել Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիա խնդիրներով, որ պատմականորեն հիմնավոր չէին, ծագել էին ԽՍՀՄ փլուզման հետ եւ բացառապես կառավարվում էին Ռուսաստանի կողմից:
Վահրամ Աթանեսյան
Մաս 50-րդ
ԼՂՀ ներքաղաքական վերադասավորումների առաջին փուլին՝ խորհրդարանական ընտրություններին եւ Ազգային ժողովում նախագահ Արկադի Ղուկասյանի եւ կառավարության հենարան մեծամասնության ձեւավորմանը հաջորդեց ծանր վիրավորումից հետո իր պարտականություններին նախագահի վերադարձը: Այդ շրջանում համառ խոսակցություններ շրջանառվեցին, որ Արկադի Ղուկասյանը «խորապես հիասթափված է վարչապետ Անուշավան Դանիելյանից եւ նրան պաշտոնանկելու մտադրություն ունի»:
Լավատեղյակ աղբյուրների տեղեկացվածությամբ, խնդիրն ավելի շատ վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի միջեւ հակասությունների մեջ էր: Լինելով փորձառու քաղաքական գործիչ, ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության ընդդիմախոս էր:
Հակասությունների սրման հերթական փուլում Օլեգ Եսայանը հրավիրեց մամուլի ասուլիս եւ հայտարարեց, որ հրաժարական կտա, եթե կառավարությունը շարունակի «անտեսել Ազգային ժողովի մոտեցումները»:
2001 թվականին Արկադի Ղուկասյանը կատարեց երեք սկզբունքային նշանակում: Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Բաբույրյանը, որ 1997 թվականի նոյեմբերին ազատվել էր արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից եւ մատնվել մոռացության, նշանակվեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: Նրան միաժամանակ վերապահվեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:
Նույն ամսում Բակո Սահակյանն ազատվեց ներքին գործերի նախարարի պաշտոնից եւ նշանակվեց Ազգային անվտանգության ծառայության ղեկավար: Բակո Սահակյանի փոխարեն ՆԳ նախարար նշանակվեց Արմեն Իսագուլովը, որ ԼՂՀ-ից հեռանալուց հետո զբաղեցրել էր Հայաստանի ՆԳ փոխնախարարի պաշտոնը:
Ուժային կառույցներում, նախագահի աշխատակազմում կադրային այդ փոփոխություններով, փաստացի, ամրապնդվում էր Արկադի Ղուկասյանի իշխանությունը, բայց միաժամանակ արձանագրվում էական նահանջ այն ուղեգծից, որ մեկ-երկու տարի առաջ հռչակվել էր եւ ֆորմալ առումով հետապնդում էր հանրային կյանքի ժողովրդավարացման, տնտեսական ազատականացման, ԼՂՀ միջազգային վարկանիշի բարելավման նպատակ:
Պատմական այդ փուլի արտաքին քաղաքական կողմնորոշիչ վերջնականապես դարձավ Ռուսաստանի հովանու ներքո «ԱՊՀ-2» կառույցը: Այն ներառում էր Մերձդնեստրի մոլդովական, Աբախզիայի, Հարավային Օսեթիայի եւ Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետություններին:
Կազմակերպության ֆորմալ ստեղծման հարթակ ընտրվեց Ստեփանակերտը, որտեղ հավաքվեցին Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի արտաքին գործերի նախարարները: Դա մոսկովյան հատուկ նախագիծ էր: Միջոցառումը լուսաբանելու համար Ստեփանակերտ Մոսկվայից լրագրողական պատկառելի պատվիրակություն էր ժամանել:
Փաստացի Մոսկվային հաջողվեց Լեռնային Ղարաբաղի կարգավորումը պայմանավորել Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիա խնդիրներով, որ պատմականորեն հիմնավոր չէին, ծագել էին ԽՍՀՄ փլուզման հետ եւ բացառապես կառավարվում էին Ռուսաստանի կողմից:
Այդ «համերաշխությանը» որոշակի իմաստ հաղորդելու համար ռուսաստանյան Regnum գործակալությունը ԼՂՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցներից մեկին ձեւակերպեց որպես Ստեփանակերտում իր «հատուկ թղթակից»: Ըստ էության դա մոսկովյան գործակալության կողմից Ստեփանակերտի արտաքին քարոզչության հնարավորությունները վերահսկողության տակ առնելու նպատակ էր հետապնդում: ԼՂՀ-ում քաղաքական գործընթացները մտան լճացման փուլ:
(Շարունակելի)
