Բայց քանի որ գլխավորը, կարծես, նա համարում է «արցախահայերի երաշխավորված տունդարձը», ապա հարց է առաջանում. իսկ ինչու՞ եւ ինչպե՞ս է տեղի ունեցել արցախահայերի տնավերությունը:
Վահրամ Աթանեսյան
Անկախ Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը «ցեղասպանության մեղսակից» է որակում նրան, ով «վկայել է նախաստորագրումը կամ ընդունումը մի պաշտոնագրի, ըստ որի՝ հայ մարդու, ողջ հայության եւ Հայաստանի պետության իրավունքների իրացմանը միտված միջազգային բոլոր հայցերը պետք է չեղյալ համարել՝ առանց մեր գերիների ու պատանդների ազատ արձակման եւ առանց արցախահայերի երաշխավորված տունդարձի ու ժառանգության պահպանման»:
Ամենասկզբից նկատենք, որ նախկին արտգործնախարարի այս միտքը կառուցված է տրամաբանական հակասության վրա, քանի որ ասվածից հստակ հետեւում է, որ եթե Վաշինգտոնում մեր գերիների ու պատանդների վերադարձը, արցախահայության տունդարձը եւ ժառանգության պահպանումը երաշխավորվեին, ապա «հայ մարդու, ողջ հայության եւ Հայաստանի պետության իրավունքների իրացմանը միտված միջազգային բոլոր հայցերը կարելի էր չեղյալ հայտարարել»:
Բայց քանի որ գլխավորը, կարծես, նա համարում է «արցախահայերի երաշխավորված տունդարձը», ապա հարց է առաջանում. իսկ ինչու՞ եւ ինչպե՞ս է տեղի ունեցել արցախահայերի տնավերությունը:
2022 թվականի ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համոզված լինելով, որ ռուսական «խաղաղապահ» ուժերն Արցախը «Փառուխ առ Փառուխ հանձնելու են», առաջարկել է Ղարաբաղյան կարգավորման հարցում «նշաձողն իջեցնել» եւ միջազգային գործընկերների ներգրավմամբ ձեռնամուխ լինել Բաքու-Ստեփանակերտ ուղղակի երկխոսության կազմակերպմանը:
Ութ օր հետո Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել եւ մերժել կարգավիճակի հարցում նշաձողի որեւէ իջեցում, իսկ Հայաստանի վարչապետին զրկել Ղարաբաղյան կարգավորման հարցով Ադրբեջանի եւ միջնորդների հետ բանակցելու իրավունքից:
Հայտարարության բովանդակությունը կարելի է ամփոփել տեքստի այս նախադասությամբ. «Արցախը չի եղել եւ չի լինելու անկախ Ադրբեջանի մաս»:
Այսօր խոսել արցախահայերի տունդարձի մասին, նշանակում է հարյուր հիսուն հազար մարդու ուղարկել ապրելու Ադրբեջանում, ընդունել այդ երկրի քաղաքացիությունը, հարգել սահմանադրությունը եւ օրենքները, ճանաչել կառավարման եւ հանրային կեցության համակարգը:
Բայց չէ՞ որ ընդամենը երկու տարի առաջ ավելի քան հարյուր հազար հայ իր տանն էր, շուրջ քսան հազարը սպասում էր Լաչինի ճանապարհի բացմանը, որպեսզի վերադառնա, բայց Արցախի Ազգային ժողովը պաշտոնական հայտարարությամբ սահմանեց մի պայման. «Արցախում կամ ապրում ենք որպես ազատ եւ անկախ երկրի քաղաքացի, կամ չենք ապրում»:
Ստացվում է, որ հայտնի ֆիլմի հերոսի ասած՝ «Նաջարյանը փոշմանել է»: Ասվածից չպետք է հետեւություն անել, թե մենք դեմ ենք արցախահայերի տունդարձին: Ոչ: Պարզապես արձանագրում ենք, որ տունդարձ ապահովելու համար նախ պետք է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր ստորագրվի, հաստատվեն միջպետական հարաբերություններ, բացվեն հաղորդուղիները, սկսվի տնտեսական նվազագույն համագործակցություն:
Արցախահայերի տունդարձի իրավունքը դարձնել նախապայման, նշանակում է միակողմանիորեն դուրս գալ խաղաղության բանակցություններից: Անկախ Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարարը, համոզված ենք, դա գերազանց գիտի: Եւ եթե «Նաջարյանը փոշմանել է», ապա թող նախ հայցի Արցախից բռնատեղահանվածների ներողամտությունը: Մնացածը կանեն Հայաստանի գործող եւ գալիք իշխանությունները:
