Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը »

Այդ դիմակայությունը Հրանտ Մարգարյանը բացահայտել է Ստեփանակերտում հրավիրած մամուլի ասուլիսին, երբ հայտարարել է, որ Ղարաբաղյան առաջին պատերազմին Դաշնակցությունը մի քանի հարյուր զոհ է տվել, ուստի ապագա խորհրդարանում պետք է արժանվույնս ներկայացված լինի:

Վահրամ Աթանեսյան

Մաս 54-րդ

2007 թվականի ԼՂՀ նախագահական ընտրությունները բացահայտեցին երկու չափազանց արտառոց երեւույթ: Նախ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հանդես եկավ Բակո Սահակյանին նախագահի միասնական թեկնածու առաջադրելու նախաձեռնությամբ: Ամենայն հավանականությամբ, այդ հարցը համաձայնեցված էր Բյուրոյի եւ հատկապես նրա ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ:

Վերջինս երկու տարի առաջ, կապված Ազգային ժողովում Դաշնակցության «քվոտան» համաձայնեցնելու հետ՝ սուր հակասություն էր ունեցել Արկադի Ղուկասյանի հետ: Այդ դիմակայությունը Հրանտ Մարգարյանը բացահայտել է Ստեփանակերտում հրավիրած մամուլի ասուլիսին, երբ հայտարարել է, որ ղարաբաղյան առաջին պատերազմին Դաշնակցությունը մի քանի հարյուր զոհ է տվել, ուստի ապագա խորհրդարանում պետք է արժանվույնս ներկայացված լինի: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչին, սակայն, ԼՂՀ նախագահի անբարյացկամությունը հաղթահարել չէր հաջողվել:

Դաշնակցության Արցախի ԿԿ նախաձեռնությանն անմիջապես դրական արձագանքեց «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որ երկու տարի առաջ խորհրդարանական ընտրություններում Դաշնակցությունից «քվե խլող պոպուլիստական ուժի» եւ Արկադի Ղուկասյանի կողմից քաղաքական դաշտում ներդրված «տրոյական ձիու» համարում ուներ: 

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, որից կուսակիցներն սպասում էին, որ կառաջադրվի նախագահի թեկնածու, կարճատեւ տատանումից հետո նույնպես պաշտպանեց «միասնական թեկնածուի» դաշնակցական նախաձեռնությունը:

Երկրորդ ոչ պակաս արտառոց երեւույթը փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի թեկնածության առաջադրումն էր: Մայիլյանը վաղ երիտասարդության տարիքից ծառայության է անցել ԼՂՀ ԱԳՆ-ում, հասել նախարարի տեղակալի պաշտոնի եւ արատակարգ դեսպանորդ-լիազոր նախարար դիվանագիտական աստիճանի, բայց ավելի քան մեկուկես տասնամյա պետական գործունեության ընթացքում երբեք քաղաքական կողմնորոշում չէր դրսեւորել:

Նախագահի պաշտոնի համար մրցապայքարի մեկնարկին Մայիլյանը կարողացավ համախմբել բավական ազդեցիկ մտավորականների, հանրային գործիչների: Նրա թիմում ընդգրկվեցին նաեւ մի խումբ պաշտոնաթող զինվորականներ: Նրան բացահայտ աջակցություն էին ցույց տալիս երկու ավագ եղբայրները, որոնցից մեկը ծառայում էր Ազգային անվտանգության, մյուսը՝ ներքին գործերի նախարարությունում:

Քաղաքական «կողասրահներում» խոսակցություններ էին տարածվել, որ Մայիլյանի քաղաքական հովանավորը Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն է եւ «գործում է ոչ առանց նախագահ Քոչարյանի իմացության»: Այս լուրերը չեն հաստատվել, բայց եւ չեն հերքվել:

Քվեարկության արդյունքներով Մայիլյանն ստացավ բոլոր «կողմ» ձայների շուրջ տասնհինգ տոկոսը: Բակո Սահակյանի թեկնածության շուրջ քաղաքական երեք ուժերի միասնության, վարչական եւ ուժային լծակների համատարած կիրառման եւ Մայիլյանի ու նրա երկու եղբայրների դեմ ճնշումների, հակաքարոզչության պայմաններում նրա գրանցած արդյունքը բավական երիտասարդ գործչի համար տպավորիչ էր:

Ստեփանակերտում տեսակետ շրջանառվեց, որ Մայիլյանը կստեղծի նոր կուսակցություն, կգլխավորի այն եւ կնախապատրաստվի երեք տարի հետո կայանալիք խորհրդարանական ընտրություններին, բայց նա այդ հույսերը չարդարացրեց, նախընտրեց հանրային գործունեության ասպարեզը եւ հիմնեց արտաքին քաղաքական հարցերով վերլուծական կենտրոն՝ Ստեփանակերտի մամուլի ակումբի հետ համախոհությամբ: Բավական արտառոց է, որ ի հակակշիռ նրա երկու եղբայրներին համակարգից հեռացնելու որոշման՝ իշխանությունները Մասիս Մայիլյանի հանդեպ բարեհաճ էին, նրան նույնիսկ հնարավորություն էր ընձեռնվում լինել արտերկրում, մասնակցել ԼՂ հարցով միջազգային փորձագիտական քննարկումներին:

Նույն 2007 թվականին, Բակո Սահակյանի կողմից նախագահի պաշտոնն ստանձնելուց կարճ ժամանակ անց Ստեփանակերտում լուրեր տարածվեցին, որ նրան այցելել եւ շնորհավորել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով արդեն հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու բաց հայտ էր ներկայացրել: Տեր-Պետրոսյանի Ստեփանակերտ այցի մասին ոչ նրա, ոչ ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը պաշտոնական տեղեկություն չի տարածել: Հավաստի՞ է Ստեփանակերտի բավական իրազեկ աղբյուրների տեղեկացվածությունը, թե՞ ոչ՝ առայսօր պարզված չէ:

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *