Այսօր 2019 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացրած առաջարկությունը մերժելու համար Նիկոլ Փաշինյանին, ղարաբաղցու ասած՝ «կիզ հանողներն» ինչու՞ հենց 2019-ին այդ մասին Հայաստանի եւ Արցախի հանրությանը ոչինչ չեն ասել: Տեղյակ չէի՞ն, իսկ պատերազմից հետո ումի՞ց եւ ինչպե՞ս տեղեկացան:
Վահրամ Աթանեսյան
Հինգ տարի առաջ, երբ պետական հեռուստատեսության եթերից Ադրբեջանի նախագահը Հայաստանի վարչապետի հասցեին բռի արտահայտություն թույլ տվեց՝ «դու ո՞վ ես, որ մեզ հետ նախապայմաններով խոսես»,- տողերիս հեղինակը, որ ոչ պետական պաշտոն, ոչ քաղաքական որեւէ դիրք ուներ, մամուլում գրեց, որ «Ալիեւը հատել է կարմիր գիծը, իրավիճակը գնում է ճակատագրական սրացման» եւ զգուշացրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների «զսպման մեխանիզմները մի պահի կարող են չաշխատել»:
Այդ օրերին նաեւ գրել եմ «Մեր դուռը բախող աղետի դեմ՝ միայն ազգային միասնություն» հոդվածը, որտեղ խնդրել եմ, որպեսզի Հայաստանի եւ ԼՂՀ նախկին նախագահները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԼՂՀ գործող նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՅԴ Բյուրոն, Ամենայն հայոց եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսները հավաքվեն կլոր սեղանի շուրջ եւ քննարկեն մի հարց՝ մենք ընդունու՞մ ենք պատերազմի մարտահրավերը, թե՞ հակառակորդի կողմից առաջարկվող պայմաններով գնում ենք կարգավորմա՞ն:
Թվարկածս անձանցից Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Արայիկ Հարությունյանը պատանդառված են եւ ներհայաստանյան դիսկուրսի մասնակից չեն: Հայաստանի նախկին նախագահները, ՀՅԴ Բյուրոն, Ամենայն հայոց եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսները, Նիկոլ Փաշինյանի, կարելի է անվարան ասել, ոչ թե ընդդիմախոսները, այլ քաղաքական եւ անձնական հակառակորդներն են:
Ես, անշուշտ, մարգարե չէի, ոչ էլ՝ բացառիկ տեղեկատվության կրող: Համոզված եմ, որ Երեւանում եւ Ստեփանակերտում տասնյակ, հարյուրավոր մարդիկ, առաջին հերթին՝ Հայաստանի եւ ԼՂՀ նախկին նախագահները, ՀՅԴ Բյուրոն, Ամենայն հայոց եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսները նույնպես գիտեին, որ պատերազմը մոտ է: Իշխանությունների մասին չեմ խոսում: Նրանք տեղեկացված էին. 2020 թվականի սեպտեմբերի 15-ին Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ եւ բաց տեքստով ասել, որ «պետք է պատրաստվել պատերազմի»:
Հայտնի չէ՝ Հայաստանի նախկին երեք նախագահներն այդ ճակատագրական օրերին գործող վարչապետին հանդիպելու խնդիր ներկայացրե՞լ են, փորձե՞լ են նրա հետ քննարկել պատերազմի եւ հնարավորինս արժանապատիվ համաձայնության հարցը: Այդ մասին հրապարակային տեղեկություն չկա: Մենք նաեւ չգիտենք՝ Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներից խորհրդատվություն ստանալու քայլ արե՞լ է, Ամենայն հայոց եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսները եւ ՀՅԴ Բյուրոն տագնապ ունեցե՞լ են:
Բայց սա խնդրի մի կողմն է: Երկրորդն այն է, թե ինչու՞ Հայաստանի եւ ԼՂՀ նախկին նախագահները պատերազմի մոտեցող սպառնալիքի մասին հրապարակային հայտարարություն չեն արել, ժողովրդին Նիկոլ Փաշինյանին հեռացնելու եւ բանակցունակ իշխանություն ձեւավորելու կոչ չեն արել: Եթե նրանց համար գերակա էր Հայաստանը պատերազմից զերծ պահելը եւ Արցախի հայկականության պահպանումը, ապա ինչու՞ պատերազմից քսան օր հետո Հայաստանի երեք եւ ԼՂՀ երկու նախկին նախագահների հանդիպումը հնարավոր էր, իսկ պատերազմից մեկ ամիս առաջ գոնե նույն ձեւաչափի քննարկումները՝ ոչ:
Այս հարցի պատասխանը որեւէ մեկն ունի՞: Բանակցությունների ձախողման, պատերազմի, պարտության պատասխանատուն, անշուշտ, գործող իշխանությունն է: Բայց այսօր 2019 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացրած առաջարկությունը մերժելու համար Նիկոլ Փաշինյանին, ղարաբաղցու ասած՝ «կիզ հանողներն» ինչու՞ հենց 2019-ին այդ մասին Հայաստանի եւ Արցախի հանրությանը ոչինչ չեն ասել: Տեղյակ չէի՞ն, իսկ պատերազմից հետո ումի՞ց եւ ինչպե՞ս տեղեկացան:
Հարցե՜ր, հարցականնե՜ր, որոգայթնե՜ր… Ահա թե ինչու Նիկոլ Փաշինյանի հակառակորդները հավատ չեն ներշնչում: Դրանից չի հետեւում, թե նրանք Փաշինյանին քննադատելու, նրա դեմ քաղաքական պայքար մղելու, նրան իշխանությունից հեռացնելուն ուղղված օրինական գործունեություն ծավալելու իրավունք չունեն: Ամենեւին: Պարզապես այդ պայքարում նրանք պետք է պատրաստ լինեն ոչ միայն իրենց դեմ հակաքարոզչության, այլեւ անհարմար հարցեր լսելու:
