Հարցին, թե ի՞նչ սկզբունքային նպատակ է հետապնդում նոր հանրաքվեն, խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը պատասխանել է. «Մենք նոր սահմանադրություն ենք ընդունում, որպեսզի ի կատար ածենք 1988 թվականի փետրվարին մեր հռչակած նպատակը»:
Վահրամ Աթանեսյան
Մաս 58-րդ
2017 թվականը ԼՂՀ քաղաքական կյանքում ճակատագրական եղավ: Նախընթաց քննարկումներում հաղթեց սահմանադրությամբ ուղղաձիգ նախագահական կառավարման անցնելու տեսակետը: Որոշակի դիմադրությունից հետո վարչապետ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որ Ազգային ժողովում թվաքանակով ամենամեծ խմբակցությունն ուներ, տեղի տվեց: Այս դեպքում, երեւի, ճիշտ կլինի ասել, որ Արայիկ Հարությունյանը ենթարկվեց ճնշումների եւ համակերպվեց իրավիճակի հետ:
Հանուն ճշմարտության պետք է արձանագրել, որ ՀՅԴ Արցախի կառույցը եւ նրա խորհրդարանական խմբակցությունը մինչեւ վերջ մնաց խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից եւ չմասնակցեց Աշոտ Ղուլյանի նախագահությամբ մշակված սահմանադրական նախագծի օգտին քարոզչությանը: Դաշնակցությունը, սակայն, նաեւ «ոչի» քարոզչություն չնախաձեռնեց:
Խորհրդարանի միակ ուժը, որ քարոզում էր «ոչ» ասել սահմանադրական բարեփոխումներին, «Արցախի վերածնունդ» կուսակցությունն էր, որ ուներ պատգամավորական մեկ մանդատ: Այն բաժին էր ընկել կուսակցության առաջնորդ Հայկ Խանումյանին: Քաղաքական շրջանակներում Հայ Խանումյանը համարվում էր Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի «քաղաքական պրոյեկտ»:
Սահմանադրության նախագիծն Ազգային ժողովում քվեարկության դնելու նախօրեին Արցախի հանրային հեռուստատեսության լրագրողի հարցին, թե ի՞նչ սկզբունքային նպատակ է հետապնդում նոր հանրաքվեն, խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը պատասխանել է. «Մենք նոր սահմանադրություն ենք ընդունում, որպեսզի ի կատար ածենք 1988 թվականի փետրվարին մեր հռչակած նպատակը»:
Ըստ էության, նույն կարգախոսն էր դրված նաեւ այսպես կոչված «հանրային քննարկումների» հիմքում: Իրականում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը Ստեփանակերտի պետական հիմնարկներում, ուսումնական հաստատություններում հանդիպումներ էր կազմակերպում եւ ներշնչում, որ «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ մենք հասնելու ենք հայկական երկու պետությունների միավորմանը»:
Ստեփանակերտի քաղաքական կուլիսներում, մինչդեռ, համառ խոսակցություններ էին տարածվում, որ Աշոտ Ղուլյանի ղեկավարած հանձնաժողովը «միայն քողածածկույթ է, իրականում փոփոխությունների հեղինակը Հրայր Թովմասյանն է, տեքստը գրված է Երեւանում, Ստեփանակերտը միայն պետք է այն օրինականացնի»:
Ավելի դիտողունակ եւ իրազեկված աղբյուրները նաեւ ի սկբանե պնդում էին, որ սահմանադրությունը փոխվում է, որպեսզի Բակո Սահակյանը երրորդ ժամկետով պաշտոնավարելու հնարավորություն ստանա: Սահմանադրության փոփոխությամբ ԼՂՀ-ն վերջնականապես վերանվանվեց Արցախի Հանրապետություն, լուծարվեց վարչապետի պաշտոնը, գործադիր իշխանությունը լիովին ենթարկեցվեց նախագահին:
Այսպիսով, «օրինականացվեց» այն փաստացի իշխանությունը, որ նախընթաց տասնամյակում ձեւավորել էր Բակո Սահակյանը: Դա ապաքաղաքական, բանակի վերնախավի, ոստիկանության եւ ԱԱԾ բարձրաստիճան սպաների հետ համաձայնությունների վրա կառուցված համակարգ էր, որտեղ երկրորդ կարծիքը բացառվում էր: Նույն տարվա սեպտեմբերին Ազգային ժողովը Բակո Սահակյանին օժտեց եւս եռամյա լիազորություններով: Արցախում վերջնականապես հաստատվեց վերսահմանադրական իշխանություն, որի առանցքը կազմում էր Բակո Սահակյանի մերձավոր շրջապատը՝ բանակի, ոստիկանության եւ ԱԱԾ գեներալիտետը:
(Շարունակելի)
