Հայաստան

Հայաստանի Կշիռը Մեծանում

Թուրքիան ավելի հասուն դիվանագիտություն ունի, բայց Ադրբեջանն էլ հույս ունենանք, որ կամաց-կամաց կհասկանա, թե ինչն է կարևոր մեր տարածաշրջանում: Եթե նրանց կողմից լինի կառուցողական մոտեցում, հնարավոր կլինի խաղաղ ապրել: Խոսքը բարեկամական հարաբերությունների մասին չէ, այլ՝ նորմալ հարաբերությունների։

Ռուբեն Սաֆրաստյան


«Երբ ծանոթանում ենք թուրքական մամուլի գնահատականներին, զգացվում է, որ թուրքերը դժգոհ են, Թուրքիան իրեն նեղացած է զգում, որ դուրս է մնացել այդ եռակողմ հանդիպումից, նրանք ձգտում էին, որ այն լիներ քառակողմ: Մյուս կողմից այդ վերլուծական շրջանակներն առանձնապես չեն խորանում, թե ինչ համաձայնություններ են ձեռք բերվել Վաշինգտոնում, ուղղակի նշում են, որ եթե կարողանան գործարկել իրենց երկաթգիծը՝ այն հնարավոր կլինի օգտագործել իրենց նպատակների համար»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով վաշինգտոնյան համաձայնությունների և «Թրամփի ուղու» վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշմանը՝ ասաց արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:

Անդրադառնալով նախագահ Էրդողանի հայտարարություններին՝ Սաֆրաստյանը նշեց. «Թուրքիայի պաշտոնական հաղորդագրություններն ավելի նուրբ էի, Էրդողանը հարցը փորձում է ներկայացնել հետևյալ կերպ, որ «Թրամփի ուղին» կնպաստի տարածաշրջանում ավելի կայունացման հաստատմանը: Նա շատ լավ օգտագործում է հռետորաբանական մոտեցումները, ինքը նշում է, որ Թուրքիան էլ այդպիսով հնարավորություն է ստանում մաս կազմելու Արևելք, Արևմուտք, Չինաստան, Եվրոպա մեծ ճանապարհի: Մենք լավ գիտենք, որ Թուրքիան, ինչպես և Ադրբեջանը ձգտում էին ստանալ էքստերիտորիալ իրավունք՝ օգտագործել այդ ճանապարհը՝ միջանցքի տրամաբանությունից ելնելով, բայց այն փաստաթուղթը, որը ստորագրվեց Վաշինգտոնում՝ հստակ արտահայտում է, որ նման բան չկա, այդ ճանապարհը պետք է գտնվի Հայաստանի հսկողության ներքո»:

Խոսելով խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին՝ թուրքագետը նշեց. «Էրդողանը մի քանի անգամ հայտարարել է, որ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագիրը չստորագրվի, իրենք քայլեր չեն ձեռնարկի: Չեմ կարծում, որ հիմա նա կսկսի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, իրենք դեռևս ժամանակ ունեն: Թուրքիայի համար, ըստ էության, Հարավային Կովկասը հիմա այդքան էլ կարևոր չի, ինչպես առաջ: Հարավային Կովկասում Թուրքիան իր հիմնական խնդիրը լուծել է՝ Ռուսաստանի դիրքերը թուլացրել է, հիմա մեր տարածաշրջանում ԱՄՆ-ն է մտնում խաղի մեջ, սա Թուրքիայի համար նոր իրադրություն է և ինքը ժամանակ է ուզելու, որ տեսնի՝ ինչ է ստացվում ԱՄՆ-ի այս ներգրավվումից: Կարևոր է նաև Ռուսաստանի դիրքորոշումը, ՌԴ-ն հավանություն տվեց այս նախագծին և որքան հասկանում եմ՝ ինքն էլ է ուզում ներգրավվել: Հարավային Կովկասում նոր իրադրություն է ստեղծվել, թուրքական դիվանագիտությունն էլ հմուտ է, նրանք ոչ մտածված քայլեր չեն անում: Հարավային Կովկասում իրադրությունը մի կետի է հասել, որ մինչև հիմա չի եղել, դրա համար խոշոր խաղացողները մի կողմից կփորձեն այն գնահատել, մյուս կողմից՝ ինչ-որ օգուտ քաղել դրանից»:

Ըստ Սաֆրաստյանի՝ չնայած Թուրքիայի համար Հայաստանը տնտեսական առումով հետաքրքրություն չի ներկայացնում, բայց Հայաստանի նշանակությունը Թուրքիայի համար կդառնա կարևոր՝ որպես տարանցիկ երկիր. «Այդ առումով Թուրքիան շահագրգռված կլինի, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորվեն, որպեսզի ինքն էլ օգուտ ստանա այդ ճանապարհից: Բայց քանի դեռ այդ ակնկալիքներն անորոշ են և պարզ չի՝ ինչ կլինի, դրա համար ասում եմ, որ դեռևս Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ որոշիչ քայլեր չի ձեռնարկի»:

Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամանքի էջը Հայաստանը չի բացել, այլ՝ նրանք. «Թուրքիան և Ադրբեջանն են ագրեսիվ քաղաքականություն վարել, փորձել Հայաստանի վրա ճնշում գործադրել, Արցախի վրա հարձակվել, մեր պատանդներին պահում են Բաքվում: Հայաստանն ու հայ ժողովուրդն այնպիսի ժողովուրդ են, որոնք կարող են իրենց ուժը ցույց տալ միայն այնպիսի պահերին, երբ անհրաժեշտություն կա, իսկ հիմա, երբ անմիջական անհրաժեշտություն չկա, կարծում եմ՝ Հայաստանն աշխարհաքաղաքական առումով հանդես է գալիս որպես խաղաղության կողմնակից և դա կարևոր հանգամանք է: Հայ ժողովուրդը պաշտպանել է իր ինքնությունը, արժանապատվությունը, տարածքը, ժողովրդին, հայ ժողովրդի մոտ թշնամաբար մոտեցում հարևանների նկատմամբ չեմ տեսնում: Հուսանք, որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից էլ նման դիրքորոշում կլինի, չնայած կասկածում եմ, որ Ադրբեջանը կհրաժարվի իր ռազմատենչ հռետորաբանությունից»:

Թուրքագետը նաև ընդգծեց, որ դեռ վաղ է խոսել խաղաղ համակեցություն հաստատելու մասին. «Այդ գործընթացը մեծապես կախված կլինի իրենցից: Հույս ունեմ, որ կհասկանան, որ այդ ագրեսիվությունը ոչ մի տեղ չի տանի, այս առումով Թուրքիան ավելի հասուն դիվանագիտություն ունի, բայց Ադրբեջանն էլ հույս ունենանք, որ կամաց-կամաց կհասկանա, թե ինչն է կարևոր մեր տարածաշրջանում: Եթե նրանց կողմից լինի կառուցողական մոտեցում, հնարավոր կլինի խաղաղ ապրել: Խոսքը բարեկամական հարաբերությունների մասին չէ, այլ՝ նորմալ հարաբերությունների»:

Աննա Բզնունի

Աղբյուրը՝https://zarkerak.am/show/135804

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *