ՄԵՐ ՈՒՂԻՆ

Մի՞թե Քաղաքական Սիներգիայի Համար Այլ Առիթ Եվ Գործիքակազմ Չկա

Պետական կամ պալատական հեղաշրջմամբ ԼՂ կարգավորման փուլային տարբերակի ձախողման պատասխանատվությունը վերագրել ԼՂՀ ղեկավարությանը, նշանակում է խարանել նրան, իսկ ՀՀ իշխանության հայտնի մարմինների ներկայացուցիչներին սրբադասել:

Վահրամ Աթանեսյան

«Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը 1998 թվականի փետրվարի  4-ի հերթական համարում հրապարակել է ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հայտարարությունը: 

«Սիրելի հայրենակիցներ,

Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ։

Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում Նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը եւ հայտարարում իմ հրաժարականը։

Զերծ եմ մնում որեւէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ իրադրությունը չսրելու նպատակով։ Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, եւ ով է իրականում ծախում այն»։

Մեջբերում եմ փաստաթղթի էական, ներքին եւ արտաքին քաղաքական կարեւորագույն նշանակություն ունեցող հատվածը, որտեղ նա փաստում է.

-իրեն հրաժարականի պահանջ ներկայացրել են ՀՀ իշխանության՝ հանրությանը հայտնի մարմինները

-ինքը չի գործադրում նախագահի սահմանադրական լիազորությունները, քանի որ դա հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով. կարելի է կամ պետք  է հասկանալ, որ խոսքը քաղաքացիական պատերազմի սպառնալիքի մասին է

-ուստի ընդունում է ՀՀ իշխանության հայտնի մարմինների կողմից իրեն ներկայացված պահանջը եւ հայտարարում հրաժարականի մասին

-պնդում է, որ Հայաստանում իշխանության ճգնաժամ է, եւ Արցախի հարցն ընդամենը իրեն հեռացնելու համար պատրվակ է

-արձանագրում է, որ Հայաստանում խաղաղության կուսակցությունը պարտվել է

-կանխատեսում է, որ ապագայում Արցախը ծախվելու է, պարզ է լինելու, թե իրականում դա ով է անում, այսինքն, հանրությանը տեղեկացնում է, որ ՀՀ իշխանության հայտնի մարմիններն իրեն հեռացնում են որպես «Արցախը ծախողի»:

Շարքային տրամաբանության հետ խնդիր չունեցող յուրաքանչյուր ոք մեջբերված տեքստը կընկալի եւ կգնահատի այնպես, ինչպես փորձեցի մի քանի կետերով մեկնաբանել:

Հիմա, եթե նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքում ակնարկ իսկ չկա, որ պաշտոնից հեռանում է, քանի որ ԼՂՀ-ն մերժել է ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը, ինչպե՞ս կարելի է այսօր հանրային խոսույթ գեներացնել, որ ԵԱՀԿ ՄԽ կողմից 1997 թվականին ներկայացվել է ԼՂ կարգավորման փուլային տարբերակ, որը Հայաստանը եւ Ադրբեջանը ընդունել են, ԼՂՀ-ն՝ մերժել:

Այսինքն, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնեցված կարգավորումը տապալել է ԼՂՀ-ն, այո՞: Ինչպես ասում են՝ պարդոն. նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պարկեշտ քաղաքական գործչի եւ բծախնդիր գիտնականի ճշտապահությամբ հրապարակել է ՀՀ Անվտանգության խորհրդի 1998 թ. հունվարի 7-8-ի նիստի բոլոր մասնակիցների ելույթների սղագրությունը եւ իր ամփոփիչ ելույթը: Ըստ այդմ, փուլային տարբերակի դեմ արտահայտվել են ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը: 

Ստացվում է, որ ՀՀ իշխանության հայտնի մարմինների երեք հենասյուների մերժումը ոչ մի նշանակություն չի ունեցել, ամեն ինչ խառնել են Արկադի Ղուկասյանը, Լեոնարդ Պետրոսյանը եւ Օլեգ Եսայա՞նը: Զավեշտ էլ չես ասի, տրագիկոմեդիա է սա: Մանավանդ որ Արկադի Ղուկասյանը, Լեոնարդ Պետրոսյանը եւ Օլեգ Եսայանը ՀՀ Անվտանգության խորհրդի անդամ չէին: 

Պետական կամ պալատական հեղաշրջմամբ ԼՂ կարգավորման փուլային տարբերակի ձախողման պատասխանատվությունը վերագրել ԼՂՀ ղեկավարությանը, նշանակում է խարանել նրան, իսկ ՀՀ իշխանության հայտնի մարմինների ներկայացուցիչներին սրբադասել: Գուցե դա օրվա քաղաքական նպատակահարմարությու՞ն է, բայց այն սպասարկելու համար ինչու՞ անեծքի արժանացնել հանգուցյալ Լեոնարդ Պետրոսյանին, Բաքվի բանտում գտնվող Արկադի Ղուկասյանին եւ կյանքի ութերորդ տասնամյակը հայրենիքից հազարավոր կիլոմետրերով հեռու բոլորող Օլեգ Եսայանին: 

Մի՞թե քաղաքական սիներգիայի այլ առիթ եւ գործիքակազմ չկա: 

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *