Հայաստան

Բաքվի Կեղտոտ Սադրանքը

Նույնիսկ ատելության քարոզը՝ ազգակերտման ճանապարհին պետք է սահմաններ ունենա, բայց սեփական ժողովրդին պատանդի վիճակում պահող Ադրբեջանի իշխանությունը ոչնչի առաջ կանգ չի առնում, այդ թվում՝ հանցագործության գայթակղության առաջ:

Արամ Փոլադյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արամ Փոլադյանը

– Պարո՛ն Փոլադյան, օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանական իշխանությունը ազգությամբ հայ Կարեն Սիմոնյանին կարգել է որպես ահաբեկիչ: Արժանահավատ համարո՞ւմ եք տարածված այդ տեսանյութը, ի՞նչ հեռահար նպատակներ է հետապնդում Ադրբեջանն այսպիսով:

– Պետք է փաստել, որ տեղեկությունը դեռ շատ սեղմ է՝ թե՛ անձի ինքնության, թե՛ այն գործողությունների վերաբերյալ, որ կատարվել են, հետևապես բուն իրողությանը գնահատական տալը բարդ է այդ պարագայում: 

Ինչ վերաբերում է Ադրբեջանի արձագանքին, ապա դա ամենևին էլ զարմանալի չէ, ընդհակառակը՝ ավելի քան սպասելի է, որովհետև Ադրբեջանում, բազմիցս եմ ասել, հայատյացությունը ահռելի չափաբաժնի է հասել՝ այն էլ պետական մակարդակով: 

Բնականաբար Ադրբեջանի վարչախումբը որևէ դեպքում բաց չէր թողնի ամենաաննշան առիթը, որպեսզի շեշտեր, թե հայը ահաբեկիչ է: Նույնիսկ ատելության քարոզը՝ ազգակերտման ճանապարհին պետք է սահմաններ ունենա, բայց սեփական ժողովրդին պատանդի վիճակում պահող Ադրբեջանի իշխանությունը ոչնչի առաջ կանգ չի առնում, այդ թվում՝ հանցագործության գայթակղության առաջ: 

Ադրբեջանը հատկապես վերջին երկու տարիներին փորձում է սեփական ժողովրդին ու միջազգային հանրությանը ցույց տալ իրականության հետ աղերս չունեցող այն միտքը, որ Հայաստանը պատրաստում է ահաբեկիչների հնարավոր գործողությունների համար: Նրանց պնդմամբ՝ ՀՀ սահմաններին արդեն տեղակայվել են տասնյակ հազարավոր ահաբեկիչներ, որն իհարկե իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է: Ադրբեջանը փորձում է սերմանել այն գաղափարը, թե հայ ազգը պատրաստվում է պատերազմի և պետք է դիմագրավել դրան՝ հասնելով ազգային նպատակների: Ադրբեջանն այսպիսով փորձում է կերտել թշնամու վառ կերպար՝ զարգացնելով պանթուրքիզմի գաղափարը: 

Կոնկրետ դեպքը, վայրկյան իսկ կասկած չունեմ, ադրբեջանական մեդիայում դարձնելու են թոփ թեմա ու շաբաթներ շարունակ շրջանառելու են այն միտքը, որ հայի կերպարը հավասարազոր է ահաբեկչի, մինչդեռ զուգահեռ իրականության մեջ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս ճիշտ հակառակը․ Ադրբեջանում ահռելի չափերով տարվում է հայատյացության քարոզչություն՝ մանկապարտեզից սկսած, շարունակում են ուսուցանել գիտության հետ ոչ մի աղերս չունեցող պատմություն, իսկ այս պարագայում կայուն խաղաղության հույս ունենալն անհնար է: 

– Կարո՞ղ ենք ասել, որ այս դեպքը ադրբեջանցիները օգտագործելու են, որպեսզի այսպես ասած ապացուցեն, թե իրենք ճիշտ են, որ ասում են՝ հայերն ահաբեկիչներ են:

– Միանշանակ, դա անհերքելի փաստ է: 

– Պարո՛ն Փոլադյան, իսկ հնարավո՞ր է, որ Ադրբեջանն այս ամենն օգտագործի նաև պայմանագիր կնքելուց հրաժարվելու համար, քանի որ դուք բազմիցս եք ասել, որ Ադրբեջանն իրականում պայմանագիր կնքելու նպատակ չունի:

-Ես հիմա էլ եմ դա պնդում, բազմիցս եմ ասել, որ Ադրբեջանն ավելի հեռագնա ու ծավալապաշտական նպատակներ ունի Հայաստանի հետ կապված: Կոնկրետ այս գործողությունը չի ներկայացնելու հիմք՝ պայմանագրի ստորագրումից հրաժարվելու համար, բայց սա հերթական կաթիլն է, որ Ադրբեջանը լցնում է այն օվկիանոսի մեջ, որտեղ հայերը ներկայացվում են որպես ահաբեկիչներ: 

Քրիստինե Աղաբեկյանռ

Աղբյուրը՝ MediaLab.amhttps://medialab.am/305385/

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *