Հայաստան

Նկարն Ինքնություն Չէ

Ոչ մի թաքուն բան չի արվել ու պետք չէ այլ երանգներ տալ, սա հաստատ նման չէ Հանրապետականի գործելաոճին, երբ մեկ գիշերվա մեջ Արարատի պատկերը հանեցին մարզաշապիկի վրայից, երբ ֆուտբոլային դիվանագիտության օրերին Թուրքիայի պատվիրակությունը պետք է գար:

Հասմիկ Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը

– Տիկի՛ն Հակոբյան, քննարկումների թեժ թեմա է դարձել Կառավարության սեպտեմբերի 11-ին ընդունած որոշումը, ըստ որի 2025-ի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի և ելքի սահմանահատման կնիքի վրա չի լինի Արարատ լեռան պատկերը: Որոշումը դուք ինչպե՞ս եք գնահատում ու հնչող քննադատություններին ինչպե՞ս եք վերաբերվում:

– Նախ՝ ես չեմ նկատում, թե դա թեժ թեմա է մնացել, որովհետև հասարակական ցասում չեմ նկատում դրա վերաբերյալ, իսկ որոշումը պայմանավորված է ընդամենը տեխնիկական փոփոխությամբ: Կնիքի չափսը շատ մեծ էր, այսինքն՝ անձնագրերում այն տեղի խնդիր էր առաջացնում, ու փոքրացնելու միտում է առաջացել, բնականաբար Արարատի գծապատկերը փոքրացնելն անտրամաբանական կլիներ:

Երկրորդ՝ եթե ունենում ես նոր կնիք, ապա ինչի՞ համար զետեղել Արարատի պատկերը այն դեպքում, երբ ճանաչել ես քո երկրի տարածքային ամբողջականությունը և ընդունել ես դա Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա նաև հարևան երկրների սահմանները։ Արդեն քանի տարի է՝ բազմաթիվ փաստաթղթերով, ստորագրություններով ու հայտարարություններով ասում ենք, որ մենք որևէ տարածքային պահանջ չունենք որևէ երկրից, իսկ արդեն նախաստորագրած փաստաթղթով ասում ենք, որ նաև հետագայում չենք ունենալու: 

Ոչ մի թաքուն բան չի արվել ու պետք չէ այլ երանգներ տալ, սա հաստատ նման չէ Հանրապետականի գործելաոճին, երբ մեկ գիշերվա մեջ Արարատի պատկերը հանեցին մարզաշապիկի վրայից, երբ ֆուտբոլային դիվանագիտության օրերին Թուրքիայի պատվիրակությունը պետք է գար: 

– Իսկ քննադատությունները, որ, օրինակ՝ ասվում է, թե իշխանությունը սա անում է, որովհետև կա պահանջ Ադրբեջանից ու Թուրքիայից:

– Այո՛, լսել եմ նման բան, բայց գործընկերներս երեկ արդեն իսկ հաստատեցին, որ նման բան չկա, հայկական կողմի հետ նման խոսակցություններ չկան: Մենք ենք խոսակցություն ստեղծել մեր ժողովրդի հետ, ու տևական ժամանակ է՝ Իրական Հայաստանի գաղափարախոսություն ենք առաջարկել մեր հասարակությանը ու ասել ենք, որ մեր գործունեությունը շարունակելու ենք ըստ այդմ, ինչը միտված է Հայաստանի սուվերեն հանրապետության 29 743 քառակուսի կմ տարածքը ու ոչ ավելին զարգացնելուն ու այդ տարածաշրջանում խաղաղ ապրելուն: 

Այդ կեղծ խոսակցությունները, կենացները տեղ չունեն, գնում ենք խաղաղության, իրականում ինչի տակ մենք ստորագրել ենք, իրականում դա ենք ուզում, դրան ենք հավատում ու ամեն ինչ անելու ենք, որ դա էլ լինի: Եթե ուզում են քաղաքականացնել, խնդրեմ, եկեք քաղաքականացնենք, չնայած ասացի՝ խնդիրը տեխնիկական է:

– Իսկ ըստ ձեզ՝ ինչո՞ւ են քաղաքականացնում:

– Խորհրդարանի ընդդիմությունը տևական ժամանակ է՝ օրակարգ չունի, ընդամենը ռեակտիվ արձագանքում են մեր ամեն արածին, միշտ մեր ասածի հակառակ բանն են ասում, սա էլ նույնն է, ինչպես Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգումը դարձրեցին թեմա, որովհետև թեմա չունեն: 

Սա էլ ընդամենը թեմա է, ու քանի որ զգացական է, որովհետև Արարատը մեզ համար խորհրդանշական է, շատ գեղեցիկ է, Երևանի բոլոր անկյուններից երևում է, պատմականորեն կապը գիտենք, ու այս զգացական կապն է ընդամենը, բայց դա բերել պետական մակարդակով սարքել օրակա՞րգ: Սա ճիշտ չէ, էլ չեմ ասում, որ այնքան են պրիմիտիվացնում ամեն բան, որ ասում են՝ Արարատ անունը պետք է դարձնենք Արագած, սա է իրենց մակարդակը:

– Տիկի՛ն Հակոբյան, որոշ ընդդիմադիր շրջանակներ պնդում են, որ իշխանությունը պետական մակարդակով հրաժարման, ուրացման քաղաքականություն է վարում։ Ինչպե՞ս կարձագանքեք այդ դիտարկումներին։

– Ի՞նչն ենք ուրանում:

– Ասում են՝ մեր պատմական արժեքները:

– Ի՞նչն է մեր արժեքը, Արարատը մեր արժեքն է, որ պետք է ուրանա՞նք, ասենք՝ այդ կնիքի վրա չկա Արարատը, դա նշանակում է ուրացո՞ւմ, ինքնության կորո՞ւստ, ես դա չեմ հասկանում: Ուրացում, ինքնության կորուստ չէ՞ր, որ ժամանակին այդ կնիքը ռուսերենով էր դրվում, բայց հիմա որ հայ սահմանապահն է, կնիքի վրա այդ պատկերը չկա, դա ուրացո՞ւմ է: Ընդդիմությունն ուղղակի երևալու, ստատուս գրելու խնդիր ունի, որովհետև բոլորը նրանց մեղադրում են, ասում են՝ ոչինչ չեք անում, չեն կարողանում կոնսոլիդացվել, իմփիչմենթի գործընթաց սկսել, ոչինչ չեն կարողանում անել:

– «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել, իմփիչմենթի գործընթաց է սկսում, ծանո՞թ եք հայտարարությանը:

– Հա, լավ են արել, ինչ ուզում են թող անեն, ինչպես նախորդ անգամ արեցին, այնպես էլ էս անգամ են անելու, դա էլ է պտիչկա դնելու գործողություն, իբր տեսեք՝ մենք գործ ենք անում, մենք Քոչարյանից լավն ենք, բայց երկուսն էլ նույն սանրի կտավն են: 

– Վստա՞հ եք, որ չեն հաջողելու:

– Իհարկե, միանշանակ չեն հաջողելու, բոլորն էլ պատրաստվում են հերթական ընտրությունների, այսինքն՝ ընդդիմությունը ձախողեց իր միակ օրակարգը՝ մեզ հեռացնելը:

– Տիկի՛ն Հակոբյան, ճի՞շտ հասկացա ձեզ, որ այն, ինչ հիմա անում է իշխանությունը, բացառապես ելնում է Իրական Հայաստանի առաջ քաշած գաղափարախոսությունից, ոչ մեկի պահանջի բավարարում չէ:

– Սրա-նրա պահանջ ներկայացնելը միշտ լավ է հնչում, ու այդ կերպ հեշտ է ժողովրդին գրգռել, դրա համար էլ ինչ արել ենք, ասում են՝ Ալիևի պահանջն էր, Էրդողանի պահանջն էր, մենք գործում ենք Իրական Հայաստանի գաղափարախոսության համաձայն, ու շատ լավ կլինի, որ բոլորը ծանոթ լինեն դրան:

– Հիմա, ըստ այդ գաղափարախոսության՝ Արարատը տեղ չունի՞ Հայաստանում, մեզանում:

– Իրական Հայաստանում Արարատը տեղ ունի, Իրական Հայաստանի քաղաքացիներն ամեն օր տեսնում են Արարատ լեռը ու շատ գեղեցիկ է, բայց այդքանը: Լավ՝ մերն է, պետական մակարդակով ի՞նչ են առաջարկում, պետական մակարդակով Դաշնակցությունն է առաջարկում, ասում է՝ պետք է միավորենք մեր հայկական բոլոր հողերն ու մեկ ամբողջական պետություն ստեղծենք, սա կուսակցության նպատակների մեջ է գրված, այդ մարդիկ սա են ասում, մենք ասում ենք՝ ոչ: 

Մենք ունենք մեկ երազանքների հայրենիք՝ Հայաստանի Հանրապետությունը, մենք դադարեցնում ենք փնտրտուքը, որովհետև մենք գտել ենք ամենալավ հայրենիքը 29 743 քառակուսի կմ տարածքով ու վերջ: Դրանից ավելի ոչ մի սանտիմետր չենք ուզում ու հետագայում էլ չենք ուզելու: Մենք գործում ենք ըստ այդմ, Արարատը մեր կյանքում գոյություն ունի այնքանով, որքանով մենք պատմական կապ ունենք, որքանով որ մշակութորեն հաճելի է՝ տեսնում ենք, սիրում են, շատ հաճելի է ու վերջ, թող մեր սրտերում լինի, պարտադիր է մեր փաստաթղթերո՞ւմ լինի: 

Քրիստինե Աղաբեկյան

Աղբյուրը՝ MediaLab.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *