Ապավինել ուրիշի, թեկուզ եւ՝ամենամերձավոր դաշնակցի, հավաստիացումներին, որ Ադրբեջանին «թույլ չի տա հարձակվել»,-իսկ Հայաստանը շուրջ երկու տասնամյակ Ռուսաստանից դա է ակնկալել,- բացարձակ անմտություն է:
Վահրամ Աթանեսյան
Ընդդիմադիր ոչ մի քաղաքական գործիչ կամ նախկին զինվորական, որքանով հասկացվում է նրանց հրապարակային ելույթներից, հարցազրույցներից, սոցցանցային գրառումներից, երբեք չի ասել եւ չի ասում, որ եթե ինքը իշխանություն կամ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, ռազմաճակատի կամ Պաշտպանության բանակի հրամանատար, կամ Արցախի նախագահ լիներ, ապա Ադրբեջանը քառասունչորսօրյա պատերազմում չէր հաղթի:
Բոլորը մտասեւեռված են մի խոսույթի վրա. «Պատերազմից կարելի էր խուսափել» կամ «պատերազմը հնարավոր էր կանգնեցնել, այդ դեպքում զոհեր եւ տարածքային կորուստներ քիչ կունենայինք»:
Պատերազմից խուսափելու միակ հնարավորությունը հակառակորդի նկատմամբ սպառազինությունների, զինամթերքի, մարդկային ռեսուրսների առումով կրկնակի-եռակի առավելություն ունենալն է, այսինքն պետք է լինի իրավիճակ, երբ հարձակման նախապատրաստվողը հաշվի առնի իր համար դրա վտանգավոր հետեւանքները:
Հինգ տարի առաջ Ադրբեջանը նման մտահոգություն չի ունեցել եւ չէր կարող ունենալ, որովհետեւ նախընթաց տասնհինգ տարիներին սպառազինվել էր եւ գիտեր, որ Հայաստանը համարժեք միջոցներ չունի:
Ապավինել ուրիշի, թեկուզ եւ՝ամենամերձավոր դաշնակցի, հավաստիացումներին, որ Ադրբեջանին «թույլ չի տա հարձակվել»,-իսկ Հայաստանը շուրջ երկու տասնամյակ Ռուսաստանից դա է ակնկալել,- բացարձակ անմտություն է:
Պատերազմը կանգնեցնում է այն սկսողը, երբ հասնում է իր առջեւ դրված խնդրի ամբողջական կամ սկբունքային լուծմանը:
Քառասունչորսօրյա պատերազմի գլխավոր դասը դա է. պետք է ապավինել միայն սեփական հնարավորություններին եւ գործել դրանց իրացնելիության սահմաններում:
