Եկեղեցին գործել է ստվերից՝ համակարգելով տարբեր շարժումներ, այդ թվում՝ «Հայրենիքի փրկության շարժումը», որն իր հերթին սատարում էր նախկին իշխանություններին։ Դա ամենավտանգավոր փուլերից էր՝ պետության թուլացած վիճակում նման ճգնաժամը կարող էր հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։
Ստյոպա Սաֆարյան
Հանրային Ռադիոն զրուցել է Միջազգային և Անվտանգության Հարցերի Հայկական Ինստիտուտի(ՄԱՀՀԻ) հիմնադիր-տնօրեն, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ներքաղաքական մի շարք հարցեր՝ մասնավորապես եկեղեցի-իշխանություն հարաբերությունները։
Ստյոպա Սաֆարյանը, նշեց, որ եկեղեցին վաղուց է մտել քաղաքականություն։ Նրա խոսքով՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր վեհափառի ընտրության շարժման օրերին իշխանությունը, հակառակ կարծիքներին, չէր խառնվում և նույնիսկ չէր ցանկանում, որ այդ շարժումը շարունակվեր։ Սաֆարյանի դիտարկմամբ՝ այն ժամանակ կար երեք ինստիտուտ, որոնց հեղափոխական ալիքը չէր դիպչում՝ եկեղեցին, բանակը և Արցախը, և հենց դա էր պատճառը, որ հետագայում առաջ եկան լուրջ հակասություններ։
Քաղաքագետը նշեց, որ պատերազմից հետո եկեղեցին դրսևորեց անսպասելի ակտիվություն քաղաքական դաշտում՝ փորձելով ազդեցություն ունենալ իշխանափոխության գործընթացների վրա։ Նրա պնդմամբ՝ պատերազմից հետո եկեղեցու ներկայացուցիչները անմիջական մասնակցություն էին ունենում հանրային խորհրդում՝ կառավարության դեմ հայտարարություններ և նիստերի նախաձեռնություններ կազմակերպելով։ Ինքն անձամբ ականատես է եղել, թե ինչպես էին որոշ եկեղեցականներ փորձում տորպեդահարել վարչապետի հետ նախատեսված հանդիպումները՝ համոզելով մյուսներին չմասնակցել։ Նրա խոսքով՝ այդ ամենը փաստում է, որ եկեղեցին որոշ փուլերում դարձել էր քաղաքական դիրիժոր, և նա նույնիսկ պատրաստ է հրապարակել համապատասխան նամակագրությունները։
Քաղաքագետը եզրակացրեց, որ եկեղեցու ներգրավվածությունը քաղաքական պրոցեսներում խորացրել է հասարակական պառակտումը։ Նա հիշեցրեց, որ անգամ պատերազմի շրջանում եկեղեցին պահպանեց լռություն, սակայն հետպատերազմյան փուլում միացավ իշխանափոխության կոչերին։ Սաֆարյանի գնահատմամբ՝ դա վտանգավոր էր պետության կայունության համար, որովհետև այդ ժամանակ ցանկացած իշխանական փլուզում կարող էր վերածվել պետականության կոլափսի։ Եկեղեցին պարտավոր էր մնալ ապաքաղաքական ինստիտուտ՝ հավասար հեռավորություն պահպանելով բոլոր քաղաքական ուժերից՝ ինչպես դա անում են, օրինակ, արքունիքները ժողովրդավար երկրներում։ Սակայն եկեղեցին նախընտրեց մասնակցել քաղաքական գործընթացներին՝ փորձելով ազդել հանրային և պետական կառույցների վրա։
Սաֆարյանը պատմեց, որ հանրային խորհրդում ինքը բազմիցս փորձել է բացատրել՝ այդ մարմինը նույնպես պետք է ապաքաղաքական մնա, քանի որ սահմանադրությունը քաղաքական հարցերը թողնում է կուսակցական համակարգին։ Սակայն եկեղեցին, նրա դիտարկմամբ, գործել է ստվերից՝ համակարգելով տարբեր շարժումներ, այդ թվում՝ «Հայրենիքի փրկության շարժումը», որն իր հերթին սատարում էր նախկին իշխանություններին։ Դա ամենավտանգավոր փուլերից էր՝ պետության թուլացած վիճակում նման ճգնաժամը կարող էր հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Նա ընդգծեց, որ եկեղեցին ոչ միայն կողմ էր ներքաղաքական պայքարում, այլ նաև արգելակում էր դրա հանգուցալուծումը՝ երբեմն գործելով ընդդեմ ընտրությունների միջոցով լուծման։
Սաֆարյանը հիշեցրեց նաև, որ այդ ժամանակ Գլխավոր շտաբը հայտարարություն էր արել վարչապետի հրաժարականի պահանջով, իսկ որոշ եկեղեցականներ բացահայտ շփումներ ունեին այն շրջանակների հետ, որոնք ձգտում էին իշխանության տապալման։ Նրա խոսքով՝ եկեղեցին հայտնվեց նույն գործընթացների մեջ, որոնք ուղղված էին սահմանադրական կարգի դեմ։Ներկայումս տեղի ունեցող ձերբակալությունները՝ կապված եկեղեցականների հետ, պետք է դիտարկել այդ ամբողջ շղթայի համատեքստում։ Նրա կարծիքով՝ իրավապահ համակարգը ստիպված է արձագանքել, երբ տեսնում է, որ որոշ եկեղեցականներ ներգրավված են պետության դեմ ուղղված վտանգավոր քննարկումների մեջ։
Սաֆարյանը նաև նշեց, որ իրավապահ մարմինների գործողությունները միշտ չէ, որ կատարյալ են, երբեմն դրանք իրականացվում են կոպիտ ձևով կամ որոշ շրջանակների կողմից՝ հակաիշխանական տրամադրություններով։ Այնուամենայնիվ, ըստ նրա, դա չի փոխում հիմնական փաստը՝ եկեղեցին խորը ներգրավված է քաղաքական պրոցեսներում և դրա հետևանքները շարունակում են բացասաբար անդրադառնալ երկրի ներքին կայունության վրա։Եկեղեցին պետք է վերադառնա իր բնական՝ համազգային և համահավատացյալ միավորող դերին, այլ ոչ թե քաղաքական հակասությունների կենտրոն դառնա։ Ըստ նրա՝ եթե այս ուղին չփոխվի, ապա պետական և հոգևոր կառույցների միջև անընդհատ լարվածություն է պահպանվելու, ինչը խոչընդոտելու է հասարակական համերաշխության վերականգնմանը։
Ամբողջական հարցազրույցը՝
