Հայաստան

Եկեղեցին Մաքրել Քաղաքականությունից

Ես չեմ ուղղորդում ոչ մի իրավապահի, բայց մարդկանց ցույցերին մասնակցելու պարտադրանքը հենց այն նույն իրավական հոդվածի դաշտում է, որով վերջերս հոգևորականներ են ենթարկվել քրեական հետապնդման։

Լիլիթ Մինասյան

1inTV-ն զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են վերջին օրերի իշխանություն-եկեղեցի հարաբերությունների լարվածության աճը, հրապարակված սկանդալային հեռախոսազրույցը և այլն։

Պատգամավորը Լիլիթ Մինասյանը ասաց, որ ինքն առայժմ տեղյակ չէ, թե ով է հրապարակել սկանդալային ձայնագրությունը, և չի կարող մանրամասներ նշել․ նա միայն որոշ չափովտեղեկացել է լուրերից, քանի որ զբաղված էր այլ քննարկումներով։ Հասկանալի է՝ ձայնագրությունը վերաբերում է հոգևորականների հեռախոսազրույցին, որտեղ խոսվում է նրանցից որոշներին հակաիշխանական ցույցերին մասնակցելու պահանջի մասին։ Նրա խոսքով՝ ըստ ձայնագրության բովանդակության, որոշ հոգևորականներ հակառակվել են այդ պահանջին, ինչի արդյունքում նրանց նկատմամբ ճնշումներ են գործադրվել կամ հեռացվել են ծառայությունից։

Նա դիտարկեց, որ այդ ձայնագրությունը առաջ է բերում շատ ցավալի պատկեր. «Մենք ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում», – ասաց նա՝ ընդգծելով, որ հասարակությունը սովոր է հոգևորականների ձերբակալությունը համարել ամոթ, սակայն չի քննարկում այդ հոգևորականների իրական վարքագիծը կամ գործունեությունը։

Լիլիթ Մինասյանը նշեց, որ երբ մի հոգևորական իր ազատ խոսքն է արտահայտում և ընդդիմանում է բռնաճնշումներին, նրան մեղադրում են դավաճանության մեջ, իսկ մյուսներին, որոնք քաղաքական կոչեր են անում, հասարակությունը երբեմն նույնիսկ սրբադասում է։ Վերջին օրերին հասարակական քննարկումներում գերակշռում է մի փոքր, բայց բարձրաձայն խումբ, որն ունի մեծ մեդիառեսուրսներ և սոցիալական ցանցերում վարում է պիտակավորման և լռեցման քաղաքականություն։

Պատգամավորը ընդգծեց, որ հույս ունի՝ այս ձայնագրությունները կդառնան քննության առարկա իրավապահ մարմինների կողմից․«Ես չեմ ուղղորդում ոչ մի իրավապահի, բայց մարդկանց ցույցերին մասնակցելու պարտադրանքը հենց այն նույն իրավական հոդվածի դաշտում է, որով վերջերս հոգևորականներ են ենթարկվել քրեական հետապնդման»։

Նա շարունակեց, որ չի կարող կարծիք հայտնել, թե արդյոք դա եղել է կաթողիկոսի հրահանգով, քանի որ փաստեր չկան։ Սակայն նշեց, որ եթե ձայնագրության մեջ մեկը խոսում է կաթողիկոսի անունից և մյուսը չի ժխտում դա, ապա պետք է հասկանալ՝ ինչ իրավական ընթացք կունենա դա։ Մինասյանը հավելեց, որ անընդունելի է հոգևորականների այս կարգի ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին․ «Մարդիկ պետք է ծառայեն Աստծուն և հոգևոր արժեքներին, ոչ թե քաղաքական շահերին»։

Նա ընդգծեց, որ պետք է հիշել՝ նախկինում, օրինակ 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո, երբ տեղի ունեցավ եկեղեցու ներսում ճգնաժամ, պետությունն ու եկեղեցին անցան բարդ փուլերով։ Նրա խոսքով՝ այսօր որոշ շրջանակներ կրկին փորձում են քաղաքականացնել եկեղեցին և հակադրել այն պետությանը։ Պատգամավորը նշեց, որ հասարակության մի զգալի մասը չի խորանում բովանդակության մեջ, այլ գնահատում է միայն ձևը․«Մենք չենք հերքում, որ եղել են քրեական գործընթացներ, սակայն եկեղեցին հայտարարում է, թե դրանք անօրինական են՝ առանց փաստերիներկայացման»։ Այդ «անօրինական քրեական հետապնդում» ձևակերպումն ինքնին պահանջում է ապացույցներ, և եթե դրանք չկան, ապա խոսքը պարզապես քաղաքական շահարկման մասին է։Մինասյանը շեշտեց, որ պետք է վերջ տալ անցյալի հետ անընդհատ համեմատություններին․ «Անցյալում չկային ոչ դատարաններ, ոչ դատախազներ․մարդկանց ուղղակի տանում ու փակում էին։ Իսկ հիմա մարդիկ ամիսներով դատարանների բակում ցույցեր են անում։ Սա տարբեր իրականություն է»։

Պատգամավորը եզրափակեց, որ կոմպրոմատներով և գաղտնի ձայնագրություններով պայքարելը ոչ մի բարի հետևանք չի ունենա․ «Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ապացուցել իր ճշմարտացիությունը, թող դա անի իրավական ճանապարհով, ոչ թե գաղտնալսումներով ու հրապարակումներով»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *