ՄԵՐ ՈՒՂԻՆ

Լուսավորչի Գահի Անկումը

Ի՞նչն է Մայր աթոռին կապում Վարդան Ղուկասյանի եւ այն համակարգի հետ, որ Գյումրիում քաղաքային իշխանության է բերել Վարդան Ղուկասյանին: Եկեղեցին եւ նախահեղափոխական Հայաստանը նույնակա՞ն են, թե՞ Եկեղեցու եւ նախկին իշխանական վերնախավն է նույնական: 

Վահրամ Աթանեսյան

Գյումրիում իրավապահները հատուկ գործողություն են իրականացնում. Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կասկածվում է կաշառք ստանալու մեջ, նրա դեմ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Կասկածվում են նաեւ քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ: Մամուլից տեղեկանում ենք, որ տասնյակ անձինք փորձում են խոչընդոտել իրավապահներին եւ թույլ չտալ, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալվի: Օգնության են շտապել նաեւ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներ, այդ թվում՝ դաշնակցական Գեղամ Մանուկյանը:

Վարդան Ղուկասյանի աջակիցներին, ընդդիմադիր պատգամավորներին ինչ-որ տեղ կարելի է հասկանալ. Գյումրու քաղաքապետը սոսկ անձ չէ, ներկայացնում է նախկին իշխանական համակարգը, այսպես ասած՝ նախահեղափոխական Հայաստանը եւ գալիք խորհրդարանական ընտրություններին կարող էր մեծ աջակցություն ցուցաբերել ընդդիմությանը: Լրատվամիջոցները հայտնում են, ուղիղ հեռարձակումներից տեսանելի է, որ Վարդան Ղուկասյանի համար «կենդանի պատնեշ» են կազմել նաեւ մի քանի հոգեւորականներ, իսկ Գյումրու եկեղեցու զանգերը ղողանջում են: Նման քայլի Հայ առաքելական եկեղեցին դիմում է համազգային սպառնալիքի ժամին՝ ժողովրդին կոչելով միասնության եւ անձնվեր պայքարի: 

Վարդան Ղուկասյանը կասկածվում է քրեական արարք թույլ տալու մեջ: Նա ոչ միայն Հայաստանը, այլեւ Գյումրին չի մարմնավորում, նրա ձերբակալությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին ոչնչով չի սպառնում: Եկեղեցու զանգերի ղողանջն, այսպիսով, խորհրդանշում է Լուսավորչի գահի անկումը, ՀԱԵ վերնախավի բարոյալքվածությունը կամ, թերեւս, վարձահրավիրվածությունը, կամ հաճկատար ենթակայությունը: 

Ի՞նչն է Մայր աթոռին կապում Վարդան Ղուկասյանի եւ այն համակարգի հետ, որ Գյումրիում քաղաքային իշխանության է բերել Վարդան Ղուկասյանին: Եկեղեցին եւ նախահեղափոխական Հայաստանը նույնակա՞ն են, թե՞ Եկեղեցու եւ նախկին իշխանական վերնախավն է նույնական: Ինչ էլ որ լինի, ոչ Ամենայն հայոց կաթողիկոսը, ոչ նախահեղափոխական Հայաստանի վերնախավը չեն կարող արատավորել Լուսավորչի գահը, Եկեղեցին ծառայեցնել քաղաքական շահերի: 

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *