Հայաստան

Իշխանությունները Պիտի Զգուշանան Մոսկվայի Միջամտությունից

Պետք է տեղեկատվական բացատրական աշխատանք տարվի, բացահայտվեն մանիպուլյացիաները և ապատեղեկատվությունը։ Անհրաժեշտ է բացահայտել և կանխել ռուսական ֆինանսական ներհոսքերը, որոնք կարող են օգտագործվել ընտրություններին ազդեցություն գործելու համար։ Իշխանությունը պետք է ունենա քաղաքական կամք և իրավական գործիքներ նման երևույթների դեմ։

Լևոն Բարսեղյան

1inTV-ն զրուցել է Գյումրու  «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտելու տեսանելի ռիսկն ու իշխանությունների գլխավոր առաջադրանքը։

Լևոն Բարսեղյանը նշեց, որ Մայա Սանդուն փաստորեն համաձայն է իր և շատ այլ մասնագետների հետ, որոնք երկար ժամանակ է տարբեր հարթակներում քննարկում են Ռուսաստանի ազդեցության հարցը և փորձում լուծումներ առաջարկել ինչպես իշխանություններին, այնպես էլ հասարակությանը։ Նա ընդգծեց, որ նորություն չէ՝ Ռուսաստանը որպես նախկին կայսրություն փորձում է վերահաստատել իր ազդեցությունը կորցրած տարածքների վրա։ Ռուսաստանը տարբեր ժամանակներում տարբեր ձևերով է կորցրել իր ազդեցության գոտիները՝ Ֆինլանդիայից ու Լեհաստանից մինչև նախկին խորհրդային հանրապետությունները։ Այժմ այն կատաղի պայքար է մղում Ուկրաինայում, բայց հաջողում է միայն ավերակներ ստանալ՝ իր իսկ վնասների գնով։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանը անպայման կփորձի վերականգնել ազդեցությունը Հայաստանում և այլ նախկին խորհրդային տարածքներում՝ կամ ուղղակի կառավարման միջոցով, կամ տեղական դրածոների օգնությամբ։

Բարսեղյանը ընդգծեց, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ապացուցել են հավատարմություն Կրեմլին և այժմ էլ պատրաստ են լինել նրա «գործընկերները», սակայն իրականում խոսքը վերաբերում է բելառուսական մոդելին՝ կախվածության ու ինքնիշխանության կորստին։ Նա օրինակ բերեց Մոլդովայի փորձը՝ նշելով, որ այնտեղ իշխանությունը պայքարում է Կրեմլի ազդեցության դեմ և փորձում չեզոքացնել նրա ֆինանսական ու քարոզչական ներթափանցումները։ Նրա խոսքով՝ Հայաստանը ևս պետք է ձեռնարկի նման քայլեր՝ պետական մակարդակով, քանի որ հակառակ դեպքում վտանգները կմեծանան։ Հայաստանը դեռ չի իրականացրել երկարաժամկետ անհրաժեշտ գործընթացներ՝ ապասովետականացում, ապակոմունիզմացում, լյուստրացիա։ Նա ասաց, որ Մոլդովան կարողացավ նվազեցնել Կրեմլի ազդեցությունը նաև կարճաժամկետ գործողություններով՝ չեզոքացնելով ռուսական փողերի հոսքերը, քարոզչությունը և գործակալական ցանցերը։Հայաստանի իշխանությունները չափազանց հանգիստ են վերաբերվում այս հարցին՝ կարծելով, թե ժողովուրդը ժողովրդավարության կողմնակից է և ինքնուրույն կճշգրտի իրավիճակը։ «Սա կոպիտ սխալ է»,– ընդգծեց նա։

Բարսեղյանը նշեց, որ եթե իշխանությունը ցանկանում է տանել Հայաստանը դեպի իրական անկախություն, պետք է ուսումնասիրի Կրեմլի ազդեցությանմեխանիզմները Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Կենտրոնական Ասիայի օրինակներով։ Նա ասաց, որ Ռուսաստանը տարբեր երկրներում տարբեր գործիքներ է կիրառում՝ կախված աշխարհագրական դիրքից, կրոնական կառույցների ազդեցությունից և տեղական գործակալական ցանցերից։

Բարսեղյանի համոզմամբ՝ Կրեմլը կիրառում է հինգ հիմնական գործիք՝

1. ուղիղ պրոպագանդա Մոսկվայից,

2. միջնորդավորված քարոզչություն տեղական պրոկրեմլական ուժերի միջոցով,

3. ֆինանսական աջակցություն և փողերի հոսքեր,

4. խորհրդատվություն ու կազմակերպչակա նաջակցություն,

5. տեղական ռազմական ներկայության կամ գործակալական ցանցերի օգտագործում։

Նա զգուշացրեց, որ որոշ դեպքերում հնարավոր է անգամ ռազմական միջամտության ձև՝ «կանաչ մարդուկների» սցենարով, ինչպես եղավ Ղրիմում։

Բարսեղյանը շեշտեց, որ այս ամենի դեմ հիմնական գործողը պետք է լինի իշխանությունը՝ իր ամբողջ կարողությամբ։ Սակայն, ասաց նա, պրոպագանդային պարզապես ալիքներ փակելով հակազդել չի ստացվի․պետք է տեղեկատվական բացատրական աշխատանք տարվի, բացահայտվեն մանիպուլյացիաները և ապատեղեկատվությունը։ Անհրաժեշտ է բացահայտել և կանխել ռուսական ֆինանսական ներհոսքերը, որոնք կարող են օգտագործվել ընտրություններին ազդեցություն գործելու համար։ Նրա կարծիքով՝ իշխանությունը պետք է ունենա քաղաքական կամք և իրավական գործիքներ նման երևույթների դեմ։

Բարսեղյանը հավելեց, որ եթե իշխանությունը չգիտի ինչպես վարվել, կարող է դիմել Մայա Սանդուին փորձի փոխանակման համար։ Նա նաև ընդգծեց, որ քաղաքացիական հասարակությունը պետք է տեղեկացված և պատրաստ լինի՝ վերլուծությունների և բացատրական աշխատանքի միջոցով։ Այս ամենը չպետք է վերածվի գործող իշխանության օգտին քարոզչության։ «Սա գործողության պահանջ է, ոչ թե զգոնության կոչ»,– ասաց նա։ Իշխանությունը պարտավոր է կոնկրետ և օրինական գործողություններով պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը։ Եթե ցանկություն կա, միշտ հնարավոր է գտնել միջոցներ, եթե չկա՝ միայն արդարացումներ են հորինվում։

Վերջում Բարսեղյանը նշեց, որ իշխանությունը կարող է օրինակ վերցնել Մոլդովայից՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է դիմագրավել նման հիբրիդային պատերազմին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *