Հայաստան

Հայաստանն Ազատվում Է Գաղութային Վիճակից

Փոփոխությունները տարածաշրջանում արագ են ընթանում, և Հայաստանը պետք է հասցնի օգտվել ներկայիս նպաստավոր իրավիճակից՝ հիմքեր դնելով, որոնք հետագայում դժվար կլինի քանդել։ 

Միքայել Զոլյան

1inTV-ն զրուցել է քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ հատկապես ԱՄՆ և ՌԴ հետ, սահմանների հարցը և սպասվող ռիսկերն ու առավելությունները.

Զոլյանը նշեց, որ Թրամփի գործողությունները կանխատեսելը դժվար է, քանի որ դրանք միայն իրենից չեն կախված։ Սակայն ընդգծեց, որ ցանկացած պարագայում Հայաստանը կարող է շահել՝ լինի դա գործարքի դեպքում կամ առանց դրա։ Նրա կարծիքով՝ խաղաղության օրակարգը և տարածաշրջանային նորմալացման գործընթացը շարունակելու են մնալ ակտուալ, քանի որ եթե ԱՄՆ-ն ու Չինաստանը պայմանավորվածության գան, տարածաշրջանը որոշակի կայունություն կստանա, իսկ եթե չգան, այնուամենայնիվ մեր տարածաշրջանի կարևորությունը կմեծանա երկու տերությունների համար։ ԱՄՆ-ն կարծես վերցրել է նախաձեռնությունը իր ձեռքը, իսկ Հարավային Կովկասը կրկին դառնում է խաչմերուկային տարածք։ Նա ասաց, որ եթե Եվրոպայի հանդեպ Թրամփը վերապահումներ ունի, ապա Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ նա ավելի ակտիվ է՝ կապված Չինաստանի հետ մրցակցության հետ։ Այս համատեքստում Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ հանգույց, քանի որ Ռուսաստանի և Իրանի ուղղությունները փակ են կամ խնդրահարույց։

Զոլյանի դիտարկմամբ՝ Հարավային Կովկասով անցնող նոր ճանապարհները անխուսափելիորեն կշրջանցեն Ռուսաստանը, և այստեղ Հայաստանը կարող է ունենալ առավելություն։ Նա ընդգծեց, որ Վրաստանը գնալով ընկնում է ռուսական ազդեցության տակ, մինչդեռ Հայաստանը կարող է դառնալ ավելի հուսալի գործընկեր՝ կարճ ճանապարհ ապահովելով Չինաստանից Եվրոպա։ Այսպիսով, սահմանների բացումը և Հայաստանի՝ տարանցիկ խաչմերուկ դառնալը համընկնում են նաև Թրամփի աշխարհաքաղաքական ծրագրերի հետ։ Վրաստանի միջազգային մեկուսացումը մեծացնում է Հայաստանի դերակատարությունը։ Նրա խոսքով՝ Վրաստանի հարաբերությունները Արևմուտքի հետ վատացել են, Ռուսաստանի հետ՝ սահմանափակ են, իսկ այդ անորոշ վիճակը կարող էր լինել Վրաստանի առավելությունը, եթե այն կարողանար հավասարակշռել հարաբերությունները։ Սակայն այժմ այդ հնարավորությունը կորսված է, և Հայաստանը պետք է օգտվի ստեղծված պատուհանից։

Զոլյանը շեշտեց, որ փոփոխությունները տարածաշրջանում արագ են ընթանում, և Հայաստանը պետք է հասցնի օգտվել ներկայիս նպաստավոր իրավիճակից՝ հիմքեր դնելով, որոնք հետագայում դժվար կլինի քանդել։ Նա կարևորեց արագ քայլերի անհրաժեշտությունը՝ նշելով, որ «խաղաղության խաչմերուկ» նախագիծը պետք է ամրապնդվի գործնական հիմքերով։ Չինաստանի ներքին քաղաքականությունը փակ է և դժվար հասկանալի, սակայն մեծ հաշվով Չինաստանը կարող է չխոչընդոտել Հարավային Կովկասով անցնող նախագծերին։ Զոլյանը կարծում է, որ Չինաստանի համար տարածաշրջանը առաջնահերթություն չէ, սակայն Հայաստանը պետք է պահպանել հավասարակշռված դիրք՝ ցույց տալով հարգանք Պեկինի հանդեպ, որպեսզի չստեղծվի հակաչինական տպավորություն։

Զոլյանը մեկնաբանեց նաև Ադրբեջանի նախագահի հայտարարությունը՝ նշելով, որ Ալիևը չի ցանկանում գործընթացներից հետ մնալ և այժմ գործում է խաղաղության տրամաբանության մեջ։ Նրա կարծիքով՝ օգոստոսյան համաձայնություններից հետո ձևավորվել է նոր իրավիճակ, որտեղ կողմերը փորձում են չխանգարել միմյանց։ Սա, ըստ Զոլյանի, դրական զարգացում է, քանի որ կողմերը սկսել են մտածել ոչ թե զրոյական գումարով խաղի, այլ փոխշահավետ համագործակցության տրամաբանությամբ, որտեղ կարող են շահել և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը՝ կորցնելով միայն Ռուսաստանի ազդեցությունը։ Ամբողջ տարածաշրջանում ընթանում է ապագաղութացման գործընթաց։ Նա ասաց, որ հետխորհրդային Ռուսաստանը վարել է նեոկոլոնիալ քաղաքականություն, որի հիմնական գործիքը եղել է անվտանգության ոլորտը։ Հայաստանը, ըստ նրա, 1990-ականներին իր անվտանգությունը փոխանցել է Ռուսաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի սպառնալիքների պատճառով։ Սակայն եթե այսօր այդ սպառնալիքները նվազեն և սահմանը բացվի, Ռուսաստանի հիմնական լծակը Հայաստանի նկատմամբ կվերանա։ Սա չի նշանակում Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում, այլ՝ դրանց տեղափոխում ինքնիշխան հիմքի վրա։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է դառնա լիարժեք անկախ պետություն, որն ինքն է որոշում իր արտաքին քաղաքականությունը։

Զոլյանը նշեց, որ տարբեր գաղութային համակարգեր ունեն նույն էությունը, սակայն տարբեր համատեքստ։ Եթե Հայաստանը լիներ, օրինակ, Հյուսիսային Աֆրիկայում, գուցե ավելի վախենար ֆրանսիական նեոկոլոնիալիզմից, բայց պատմականորեն Ռուսաստանի կայսրության մաս է եղել և նրանից էլ փորձում է ազատվել։ Նա զգուշացրեց, որ անկախության ձգտումը չպետք է վերածվի մեկ այլ կախվածության՝ այլ կայսրությունների նկատմամբ։

Հարցազրուցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *