ՄԵՐ ՈՒՂԻՆ

4–րդ ՀՀ-ը՝ Առաջինի Արդար Ժառանգորդն Է

Այնպես, ինչպես Առաջին Հանրապետության մեծերը մի կողմ դրեցին երազն ու միֆը ու սկսեցին ապրել իրականությամբ, այնպես, ինչպես որ մի կողմ դրեցին արկածախնդիր առավելապաշտությունը, այնպես էլ մեր օրերում է Չորրորդ Հանրապետությունը համարձակ նայում իրականության աչքերին և ձգտում, որ Արդար/Ինքնիշխան Հայաստանը իր արժանավոր տեղը ունենա Միջազգային Զարգացող Ընտանիքում։

Հարութ Քալայջյան

Հայաստանի ՀՅԴ ղեկավարությունները լինելով իշխանական օղակներում՝ իրենց ստանձնած կարևոր նախարարություններով երբեք չեն գործել իբրև սոցիալիստական կուսակցություն, ընդհակառակը, լողացել են իրենց տերերի Փտածության Ճահճում, փոխադարձ շահակցականության ակնկալիքներով։

Առավե՜լ, նրանք չեն իսկ մտածել իրենց անցյալի պետական այրերի շիրիմները դուրս բերել անշուք ու օտար վայրերից։ Պարզապես նախընտրել են «հպարտանալ» մի անցյալով, որ իրենցը չի եղել բնավ, ինչպես նաև, դարձել են զվարճանքի լոկ համրիչ՝ կուսակցության սողացող  երկարակեցությունը չափելով ու միաժամանակ փշրելով Հայաստանի  Առաջին Հիմնարար Հանրապետության ոսկեշղթան։

Բարեբախտաբար, Թավշյա Հեղափոխությամբ ծնունդ առած այսօրվա իշխանությունը իր 4-րդ Հանրապետության գաղափարաբանությամբ կարծես մտադիր է դառնալ Առաջին Հայակերտ Հանրապետության լիիրավ ժառանգորդը։ Փաստորեն, 2-րդ Հանրապետությունը սովետական էր, իսկ 3-րդը՝ 27 տարի ապրեց սպասարկելով հարստահարողներին, երկիրը դավաճանողներին և միութենական գաղափարներին։

Եվ այդ ամենն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ բացատրության կարոտ չէ, բայց թանձրամիտների ու կասկածախեղդ անինքնավստահների համար այս փոքրիկ համեմատությունը պիտի բավարար չափով հասկանալի լինի։

Առաջին Հանրապետությունը երկնքից ընկած նվեր չէր, ինչպես փորձում են չարախոսել կոմունիզմն իրենց սրտում պահածները, այլ դաժան ու սարսափելի ծանր գնով ձեռք բերված ապրելու անուրանալի իրավունք։ Սեփական պետություն՝ սեփական օրակարգով։ Դա էր, որ ատեցին բոլշևիկները, քանի որ հրամանի էին սովոր։ 1920թ․ պարտադրվեց երկրորդ հանրապետությունը, որտեղ սեփական կամք իսկ գոյություն չուներ և ունենալն արգելված էր։ Ցավոք, 1991թ․ Երրորդ Հանրապետությունը, որ պիտի ազատիչ դառնար 70-ամյա ստրկացված մտքի, ավելի պինդ կապեց այդ շղթաները Մոսկվայի հետ՝ իր ստրկամիտ կառավարիչների ու նրանց պնակալեզ օգնական-ծաղրածուների ջանքերով։ Եթե Առաջին Հանրապետությունը կյանքի ու մահվան կռիվ էր տալիս, ապա Երկրորդն ու Երրորդը Մոսկվայի լուռ կամակատարներն էին։ Իսկ այժմ Չորրորդ Հանրապետության օրն է՝ սեփական օրակարգով, առանց մոսկովյան քայքայիչ շղթայի ու նրանց նշանակված «ազգային փոխարքաների»։ 

Երրորդ Հանրապետության այս գիշանգղերը այսքան ատում են Չորրորդի գաղափարը, որովհետև այն, ինչպես և Առաջինը, մի կողմ է դրել մեծախոսությունն ու ապրում է իրականությամբ։ Այնպես, ինչպես Առաջին Հանրապետության մեծերը մի կողմ դրեցին երազն ու միֆը ու սկսեցին ապրել իրականությամբ, այնպես, ինչպես որ մի կողմ դրեցին արկածախնդիր առավելապաշտությունը, այնպես էլ մեր օրերում է Չորրորդ Հանրապետությունը համարձակ նայում իրականության աչքերին և ձգտում, որ Արդար/Ինքնիշխան Հայաստանը իր արժանավոր տեղը ունենա Միջազգային Զարգացող Ընտանիքում։ Մի բան, որ չարեցին Երրորդի ժամանակ ու իրենց արկածախնդիր ու անհեռանկար առօրյայով հանգեցրին պետության  քայքայմանն ու Արցախի կորստին։ Ու մոսկովյան նախկին չեկիստներն ատում են Չորրորդ Հանրապետությունն այնպես, ինչպես բոլշևիկները՝ Առաջինը, որովհետև  Չորրորդը ուզում է ապրել սեփական կամքով՝ առանց Մոսկվայի բարեհաճության։ Ու կապրի։

Հուսալի է, որ նախքան 2026-ի ԱԺ ընտրությունները, Գործադիր Իշխանությունը նախապատրաստի Մայիս 28-ի 108-րդ տարեդարձի համազգային տոնակատարությունը և այժմից իսկ առնի հետևյալ որոշումները՝

1- Արամի Տունը դարձնել Պետական Թանգարան։

2- Մեկտեղել Պետական Պանթեոնում Առաջին Հանրապետության վարչապետների ու նախարարների շիրիմները իրենց կիսանդրիներով։

Նմանօրինակ աննախադեպ նախաձեռնությամբ՝  զարկ կտրվի մեր պետական մտածողության զարգացմանն ու Հայաստան-Սփյուռք գործընկերության ամրապնդմանը։

31 Հոկտեմբեր 2025

Մուղնի, Հայաստան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *