Հայաստան

Խաղաղությունը Գործընթաց Է, Ոչ Թե Արդյունք

Խաղաղության գործընթացը շարունակվում է, և թեև ռիսկեր միշտ կան, դրանց մակարդակը էականորեն նվազել է։ Ըստ նրա՝ Հայաստանի ընդդիմությունը պետք է ոչ թե հարվածի խաղաղության գործընթացին, այլ փորձի վերցնել խաղաղության օրակարգի նախաձեռնությունը՝ դարձնելով այն հանրային վերահսկողության մաս։

Անդա Օհանյան

FactorTV-ն տեսակապով զրուցել է Մասաչուսեթսի Սթոնիլ քոլեջի քաղաքագիտության դասախոս Անդա Օհանյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները, ՀՀ ներքին քաղաքականությունն ու առհասարակ ներքաղաքական իրավիճակն ու վերաբերմունքը խաղաղության գործընթացի նկատմամբ։

Անդա Օհանյանը նշեց, որ խաղաղությունը գործընթաց է, ոչ թե ֆիքսված արդյունք։ Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ին ստորագրված Վաշինգտոնյան համաձայնագիրը Հայաստանին տվեց հստակ գործիքակազմ՝ խաղաղության գործընթացում իր դիրքերը բարձրացնելու համար։ Օհանյանը կարևորեց, որ այդ փաստաթուղթը հնարավորություն է տալիս տնտեսական, տրանզիտային կապերի խորացման միջոցով իջեցնել երկար տարիների լարվածության մակարդակը՝ անցնելով ակտիվ պատերազմից դեպի կայուն, կանխատեսելի խաղաղություն։ Նա ընդգծեց, որ այս գործընթացը չի նշանակում, թե պատերազմի ռիսկն ամբողջովին վերացել է․կայուն խաղաղությունը հնարավոր կլինի, երբ Ադրբեջանի պետական տրամաբանությունը փոխվի։ Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը, որը նավթային տնտեսության վրա հիմնված պետություն է, պետք է կարողանա անցում կատարել դեպի նորմալ պետական կառուցվածք։ Օհանյանը հավելեց, որ Ալիևին Վաշինգտոնյան համաձայնագիրը հետաքրքրում է նաև աշխարհաքաղաքական հաշվարկներից ելնելով․ նա փորձում է օգտագործել այդ փաստաթուղթը Ռուսաստանի դեմ, ամրապնդելու իր ռեժիմը։ Այնուամենայնիվ, համաձայնագրի տնտեսական բաղադրիչը, ըստ Օհանյանի, ստեղծում է տրանզիտային նոր արժեք, որը հնարավորություն է տալիս Ալիևին՝ նավթից կախվածության նվազման պայմաններում պահպանել իր իշխանության ֆինանսական հիմքերը։

Խաղաղության գործընթացը շարունակվում է, և թեև ռիսկեր միշտ կան, դրանց մակարդակը էականորեն նվազել է։ Ըստ նրա՝ Հայաստանի ընդդիմությունը պետք է ոչ թե հարվածի խաղաղության գործընթացին, այլ փորձի վերցնել խաղաղության օրակարգի նախաձեռնությունը՝ դարձնելով այն հանրային վերահսկողության մաս։Օհանյանի համոզմամբ՝ խաղաղության գործընթացին հարվածելը թուլացնում է իշխանությունների հաշվետվողականությունը, քանի որ քննարկումը դառնում է ոչ թե խաղաղության արդյունավետության, այլ նրա գոյության հարց։ Նա ընդգծեց, որ Հայաստանը չունի այլընտրանք՝ պետք է գնալ խաղաղության ինստիտուցիոնալացման ճանապարհով, քանի որ ոչ մի երկիր պատրաստ չէ կանգնել Հայաստանի թիկունքում ռազմական առումով։ Նա նաև կարևորեց Հայաստանի ժողովրդավարական կառույցների ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես կայուն պետականության հիմք։ Նրա կարծիքով՝ տարածաշրջանում խաղաղության խորացումից ամենամեծ շահողը հենց Հայաստանը կլինի։

Խոսելով Ռուսաստանի դերի մասին՝ Օհանյանը նշեց, որ Ռուսաստանը չունի կոնֆլիկտների լուծման արդյունավետ մեխանիզմներ, այլ միայն՝ կառավարման։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի միջամտությունը սովորաբար դառնում է կոնֆլիկտների կառավարման գործիք, ոչ թե դրանց հաղթահարման ճանապարհ։ Անդրադառնալով Վաշինգտոնյան համաձայնագրին՝ Օհանյանը հստակեցրեց, որ այն Լեռնային Ղարաբաղի մասին չէր, այլ միջպետական հարաբերությունների կարգավորման մասին փաստաթուղթ էր։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը հղում է անում Ալմաթայի սկզբունքներին և ապահովում է իրավական շարունակականություն, ինչը Հարավային Կովկասի համար կարևոր նախադրյալ է։

Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ նա նշեց, որ 1990-ականներից հետո անջատողական շարժումների շատ փոքր մասն է հաջողության հասել, և դրանց հաջողության հիմքում եղել են ինստիտուցիոնալ կապերը այն պետությունների հետ, որոնցից փորձում էին անջատվել։ Նա ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանից հանելը կտրուկ նվազեցրեց նրա քաղաքական գոյատևման հնարավորությունը։ Առանց Արևմուտքի ճնշման Բաքվի վրա որևէ հաջողություն չէր սպասվելու, իսկ Ալիևից հետո հնարավոր քաղաքական փոփոխությունների դեպքում նոր հնարավորություններ կարող են բացվել՝ վերադարձի իրավունքը միջազգային իրավական դաշտ բերելու համար։ Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը իր հաղթանակը կապում է էթնիկ զտման հետ, և այս փուլում այդ իշխանության հետ քաղաքական բանակցությունները անիմաստ են։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում հնարավոր է իրավիճակի փոխում, եթե Ադրբեջանը թուլանա էներգետիկ առումով։

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության վերջին հայտարարությանը՝ Օհանյանը նշեց, որ հարավային Կովկասը այժմ մոդեռնիզացվում է։ Նրա կարծիքով՝ ենթակառուցվածքների ռազմավարական աշխարհագրությունն ամբողջությամբ փոխվում է, և եթե այս գործընթացը առաջիկա տարիներին արագանա, դա կարող է նպաստել Ադրբեջանի ներսում նոր շահագրգիռ տնտեսական խմբերի առաջացմանը։ Ադրբեջանը դեռ վախենում է բաց տարածաշրջանից, սակայն եթե Ալիևը համոզվի, որ տնտեսական անցումը չի վնասում իր ռեժիմին, դա կարող է փոխել նրա վարքը։ Օհանյանի համոզմամբ՝ նույնիսկ եթե երեք տարի անց իշխանությունը փոխվի ԱՄՆ-ում, գործընթացները հետ չեն գնա, քանի որ արդեն ձևավորվել է Հարավային Կովկասի մոդեռնիզացիայի նոր տրամաբանություն։

Խոսելով «TRIPP» նախագծի մասին՝ նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի ելույթներում զգում է դիտավորությամբ սերմանվող կասկածներ, որոնք նպատակ ունեն թուլացնելու կառավարության նկատմամբ վստահությունը։ Նրա խոսքով՝ համաձայնագրում հստակ նշված է, որ այն կատարվում է Հայաստանի սուվերենության ներքո, և փաստաթուղթը ոչ թե նվազեցնում, այլ ամրացնում է Հայաստանի դիրքերը տարածաշրջանում՝ խորացնելով տարածքային ամբողջականության և սուվերենության նորմերը։Օհանյանը համոզված է, որ փոքր պետությունների համար սահմանների բաց լինելը տնտեսական աճի հիմնական պայմանն է։ Նա նշեց, որ շրջափակված վիճակում ոչ մի փոքր պետություն չի կարող տնտեսական առաջընթաց ունենալ, և ապաշրջափակումը Հայաստանին կտա զարգացման իրական հնարավորություն։ Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները սուվերենության կորուստ չեն, այլ՝ նորմատիվ և ինստիտուցիոնալ ամրացում։ Նրա խոսքով՝ Ամերիկայի հետ համագործակցությունը Հայաստանի համար ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական իմաստով կարևորագույն քայլ է, որը բարձրացնում է Հայաստանի քաշը միջազգային հարաբերություններում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *