Սփյուռքի ներկայացուցիչներն իրենց ելույթներում միանգամայն անկեղծ էին եւ արդարացի: Ադրբեջանն իր նավթադոլարները ծախսել է ոչ միայն արդիական սպառազինությունների ձեռքբերման, այլեւ ղարաբաղյան կարգավորման հարցում միջազգային ընկալում ձեւավորելու նպատակով: Ինչ չարժեր միայն «Արդարություն Խոջալուին» քարոզարշավը, որ գլխավորում էր Իլհամ Ալիեւի ավագ դուստրը: Եւ դա դեռ «այսբերգի երեւացող մասն էր»։
Վահրամ Աթանեսյան
Թվականը կոնկրետ չեմ հիշում, Սփյուռքի նախարարությունը նոր էր ձեւավորվել, Սերժ Սարգսյանի եւ Բակո Սահակյանի պաշտոնավարման երկրորդ շրջանն էր, Ստեփանակերտում փոխվարչապետ էր նշանակվել ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Աղաբեկյանը: «Էրեբունի» հյուրանոցի կոնգրես-սրահում կազմակերպվել էր ԼՂՀ նախագահի եւ Սփյուռքի բոլոր կառույցների պատասխանատուների հանդիպում: Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկել էին նաեւ տողերիս հեղինակին՝ որպես Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի: Դա այն շրջանն էր, երբ Ստեփանակերտում որպես ղարաբաղյան կարգավորման հզոր կռվան քարոզվում էր Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, եւ տասնյակ հազարավոր մարդիկ իրականում հավատում էին, որ Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում մենք «հզոր, այդ երկրների իշխանությունների որոշման վրա ծանրակշիռ ազդեցություն ունեցող լոբբի ունենք»:
Միջոցառումը վարում էր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, բավական հուզական ելույթ, որ նախապատրաստվել նաեւ Բակո Սահակյանի համար: Հանդիսավոր մասն ավարտվեց, Հրանուշ Հակոբյանը ելույթի համար խոսք էր տալիս Սփյուռքի ներկայացուցիչներին: Եւ ի՞նչ: Նրանք անխտիր խոսում էին իրենց երկրներում կազմավորված ադրբեջանական «համայնքների», նրանց կապերի, ձեռնարկած քարոզչական եւ այլ բնույթի միջոցառումների մասին եւ պարտադիր շեշտում, որ Ադրբեջանի կառավարությունը հարյուրավոր միլիոն դոլար գումարներ է ծախսում: Բոլորը հարկ էին համարում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուշադրությունը հրավիրել արտերկրում հայկական եւ ադրբեջանական լոբբիստների ֆինանսական հնարավորությունների անհամեմատության վրա՝ ի վնաս մեզ, իհարկե: Պետք էր տեսնել Բակո Սահակյանի այլայլված դեմքը, նրա թիմի անդամների կատարյալ շփոթվածությունը: Եւ «փրկություն» էր, որ հանդիպման երկրորդ մասին մամուլը ներկա չէր:
Սփյուռքը, որ հնարավորությունների մասին հատկապես Ստեփանակերտում գերչափազանցված պատկերացումներ կային, կանգնել եւ գրեթե միաձայն կրկնում էր Օտյանի հանրաճանաչ հերոսի խոսքը. «Փող ղրկեք»: 2000-ականների սկզբներին էլ արտգործնախարար Վարդան Օսկանյանն էր Սփյուռքի, Հայաստանի եւ Արցախի գործարար շրջանակների մի քանի հանդիպում կազմակերպել: Չէ՞ որ 1998-ի իշխանափոխությունը նաեւ այն վստահությամբ էր իրականացվել, որ Սփյուռքի տարեկան մինչեւ 300 միլիոն դոլարի ներդրումներ կանի Հայաստանում եւ Արցախում: Չստացվեց:
Սփյուռքի ներկայացուցիչներն իրենց ելույթներում միանգամայն անկեղծ էին եւ արդարացի: Ադրբեջանն իր նավթադոլարները ծախսել է ոչ միայն արդիական սպառազինությունների ձեռքբերման, այլեւ ղարաբաղյան կարգավորման հարցում միջազգային ընկալում ձեւավորելու նպատակով: Ինչ չարժեր միայն «Արդարություն Խոջալուին» քարոզարշավը, որ գլխավորում էր Իլհամ Ալիեւի ավագ դուստրը: Եւ դա դեռ «այսբերգի երեւացող մասն էր», որին պետք է գումարել նաեւ Թուրքիայի ահռելի աջակցությունը, իսլամադավան երկրների համերաշխությունը: Արտառոց էր, որ երեւանյան այդ կատարելապես ձախողված հանդիպումից հետո անգամ Ստեփանակերտը մազաչափ իսկ չվերանայեց «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության» քարոզչությունը:
Միամտություն կլինի ասել, թե Բակո Սահակյանի համար Սփյուռքի ներկայացուցիչների գրեթե հուսահատական խոսույթն անակնկալ էր: Կամ Սփյուռքի նախարարը տեղյակ չէր իրականությանը: Ստեփանակերտից բռնագաղթած մտավորականը ֆեյսբուքում ամենօրյա գրառումներ է անում եւ ամեն անգամ ամփոփում, որ «Արցախը դավաճանվել է»: Այո, բայց Արցախն առաջին հերթին դավաճանվել է իր զավակներից, ովքեր գիտեին ճշմարտությունը, հարյուր հիսուն հազար մարդու ներշնչում էին, որ «բռունցք կդառնանք եւ կհաղթենք»:
