Ուշադրություն դարձնելով ՀՀ ֊ում տիրող ճգնաժամային ծանր օրերին կատարվող ներքաղաքական խմորումներին՝ կարելի է արձանագրել հայ ժողովրդի թեկուզ և շատ փոքր մի հատվածի (հղփացած, թալանած փողերով), բայց այն ու ամենայնիվ մեր ժողովրդի մի մասի կողմից դրսևորվող հերթական ամոթալի երևույթի մասին: Երբ իբրև ժողովրդի մասին մտածող որոշ քաղաքական ուժեր հայտարարում են իրենց կոնսոլիդացիայի մասին, մի պահ ուրախանալ կարելի է, չէ որ դա այն է ինչ հիմա մեզ պետք է։ Ենթադրում ես, որ այդ կոնսոլիդացիան հայ ժողովրդի միասնությունը խթանելու ու այս ծանր իրավիճակի դեմ պայքարելու ազգային համախմբվածության միտում ունի, սակայն այս ուժերը փորձում են համախմբվել, ոչ թե պետության և ազգին սպառնացող այս ծանր դրությունից դուրս գալու (փրկվելու) համար, այլ ասել է թե հարմար իրավիճակ է գործող իշխանություններին հարված հասցնելու և վերջինիս դիրքերը թուլացնելու, այն պարագայում, երբ մեզ առավել քան հարկավոր են վճռական և ուժեղ իշխանություններ։ Իհարկե հարմար պահ է, քանի դեռ ձեր այս նենգ ծրագրին հակազդող հիմնական ուժն այն է, որ հայ ժողովուրդը այլ ճակատում է կռիվ տալիս:
«Հարգելի՛» իրար թև թիկունք կանգնած հակապետական ուժեր, հայ ժողովուրդը չի ներելու ձեզ այս դավաճանությունը սեփական պետության և ազգի նկատմամբ, և ոչ ոք չի մոռացել, թե ինչպես ոչ վաղ անցյալում ձեր քաղաքական հայրերը և դուք ինքներդ, հայոց պետության սուվերենությունը օտարին հանձնած, թալանչիների այդ իշխանության դեմ պայքարող յուրաքանչյուր ազնիվ քաղաքացու ԴԱՎԱՃԱՆ էիք անվանում, պատճառաբանությամբ, թե մենք պատերազմող երկիր ենք և յուրաքանչյուր ցնցում կործանարար կլինի և միայն ընտրություններով կարելի է իշխանություն փոխել, և հիմա, երբ այդ նույն պատերազմող երկրի գլխին թափվել է մի նոր ոչ պակաս մահաբեր պատուհաս, դուք ճիգ եք անում համախմբվելու և քաղաքական ճղճիմ քաշքշուկների մեջ մխրճվելու:
Պարոնա՛յք, ձեր ձայնը գնալով փոքրանում է և այս վերջին ճիգն անգամ ի զորու չէ փրկել ձեզ այն անխուսափելի ապագայից, որտեղ դուք հայտնվել եք ձեզ արժանի աղբավայրում: