ԱԼԵՔ ԴՈՒՐՅԱՆ
Գեղարվեստական ֆիլմերի նկարահանման ժամանակ հիմա շատ տարածված է գրաֆիկական էֆեկտների կիրառումը: Բազմամիլիոն բյուջե ունեցող, լավ ռեժիսորների նկարահանած ֆիլմերում այդ գրաֆիկական աշխատանքն այնքան լավն է, որ շատ դեպքերում չես կարող տարբերել, թե այն ինչ ցույց են տալիս նկարվա՞ծ է, թե իրականում կա: Բայց շատ հաճախ էլ անորակ ֆիլմերում այդ գրաֆիկական ավելացումներն այնքան վատն են, որ միանգամից երևում է դրանց ոչ իրական, կեղծ լինելը: Եվ դա փչացնում է ողջ ֆիլմը՝ անկախ լավ սցենարից ու դերակատարներից: Այդ առումով տարածված է ասել, որ «լավ էֆեկտն այն է, որը չի երևում», այսինքն այնքան լավն է, որ կեղծն ու իրականը չես տարբերում ու իրոք կհավատաս, որ ֆիլմի առյուծը ոչ թե գոյություն չունի ու նկարված է, այլև իրական է:
Քաղաքական դաշտում խլրտոցները միշտ շատ են: Իշխանություն-ընդդիմություն պայքարը շատ հաճախ այնքան բազմաշերտ և խրթին է, որ որոշ դեպքերում արդեն հնարավոր չի լինում կոալիցիոն գործընկերոջը տարբերել ծայրահեղ դեմ ուժից, կամ էլ ընդդիմադիրն ավելի իշխանական է, քան հենց ինքը իշխանությունը: Աշխարհում բազմաթիվ են նման դեպքերը և դրանք դեռևս շատանում են: Եկեք մի կողմ թողնենք համաշխարհային քաղաքականությունն ու փորձենք հասկանալ հայաստանյան քաղաքական դաշտի այս խառնափթոր իրավիճակն ու նաև փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվել ու կատարվում ՀՀ քաղաքական դաշտում:
Ընդհանրապես Հայաստանի քաղաքական դաշտի յուրահատկություններից մեկն այն է, որ ՀՀ քաղաքացուն որպես այդպիսին այսքան տարի ընդհանրապես չի էլ հետաքրքրել, թե որևէ քաղաքական ուժ ինչ ծրագիր է ներկայացնում, կամ թե ինչու է ներկայացնում: ՀՀ քաղաքացին ընտրել կամ մերժել է որևէ քաղաքական ուժի՝ անգամ չպատկերացնելով, թե որպես կուսակցություն, իրեն ինչ են առաջարկում: Նա առաջնորդվել է բացառապես մեկ-երկու անձի գործոնով, կամ երկու «վատ» կերպարից ընտրելով «ավելի քիչ վատին»:
Այս իրավիճակի պատասխանատուները երկուսն են. 1991թ.-ից ձևավորված քաղաքական իշխանությունն ու ՀՀ քաղաքացին: Հիմա դրա խորքային պատճառների մեջ չեմ խորանա, բայց կնշեմ, որ նման անպատասխանատու պահվածքը հանգեցրեց քաղաքական մեռյալ իրավիճակի ու իշխանություն-ընդդիմություն ասվածը կորցրեց իր՝ քաղաքական առումով դասական իմաստը: Անձերը պայքարեցին անձերի դեմ, իսկ կուսակցություններն ուղղակի լեգիտիմացրին երկու հոգու միջև քաղաքական պայքարը: Արդյունքում ստեղծվեցին տասնյակից ավել կուսակցություններ, որոնք գզվռտոցի մեջ մտան միմյանց հետ: Այդ կուսակցություններից շատերը մեկ տարի էլ չդիմացան(եթե չեմ սխալվում, մինչև 2019թ. Հայաստանում մոտ 70 փոքր ու մեծ կուսակցություններ կային): Այդ կուսակցությունները հաճախ ինչ որ անհասկանալի դաշինքներ կնքեցին իրար հետ, որից ՀՀ քաղաքացին ըստ էության ոչինչ չհասկացավ ու առանձնապես չհետաքրքրվեց էլ: Նա ցանկացած դաշինքի ու կոալիցիայի մեջ զուտ անձերի պայքար տեսավ ու առանձնապես չսխալվեց:
ՀՀ քաղաքական դաշտում ծլած բազմաթիվ կուսակցությունները չունեին ո՛չ յուրահատուկ ծրագիր, ո՛չ էլ առավել ևս տարբերվող գաղափարախոսություն: Դրանք գրեթե բոլորը իրարից ոչ մի բանով չտարբերվող, մեկը մյուսին կրկնող, «իրարից արտագրած» ծրագրերով ու լոզունգներով խմբեր էին: Քաղաքական դաշտի այս կլոնավորումը չէր կարող հետևանքներ չթողնել, ինչը ՀՀ քաղաքացին ուշացումով, բայց ի վերջո փորձեց հասկանալ, ու երբ նայեց քաղաքական դաշտ, ապա տեսավ ինչ որ խայտաբղետ կուտակումներ, ինչ որ անհասկանալի խառնուրդ, որոնք իրեն փորձում են հավատացնել, որ միայն իրենց ծրագրով է հնարավոր «փրկել» Հայաստանը:
Քաղաքական այս իմպոտենցիան հանգեցրեց խորը լճացման ու քաղաքական դեգրադացիայի: Կուսակցություն եզրույթն էլ կորցրեց իր իմաստն ու ՀՀ քաղաքացին կորցրեց հավատն ու հարգանքը քաղաքական երևույթների նկատմամբ, իսկ շատ գործիչներ էլ ուղղակի անհետացան այդ գործընթացներում՝ արժեզրկելով նաև նախկին ձեռքբերումները:
Քաղաքական այս անկանոն վայրիվերումները ծնունդ տվեցին մի յուրատեսակ քաղաքական մուտանտի՝ իր տեսակի քաղաքական հիդրայի, որի ամեն գլխի փոխարեն մի կուսակցություն էր: Իսկը քաղաքական դիցաբանություն: Այդ հիդրան ծվատեց ՀՀ քաղաքական դաշտն ու վերջում էլ սատկեց, իսկ այն ինչ հիմա կոչվում է ընդդիմություն, թափառող ուրվական է հիշեցնում՝ նա սարսափելի է թվում, նա վախեցնում է, բայց գոյություն չունի:
Այս խոսքերը կարող են կոպիտ հնչել, բայց ցավալին այն է, որ դրանք համապատասխանում են իրականությանը: Իսկ իրականությունն այն է, որ 90-ականներից սկսած իշխանությունները ստեղծեցին իրենց գրպանային ընդդիմությունը: Այդ ընդդիմությունը տարիներ շարունակ ոչնչացրեց ՀՀ քաղաքական դաշտն ու վերջանակապես փլուզեց Հայաստանում քաղաքական դաշտի կայացումը: Մանավանդ հաշվի առնելով, որ Հայաստանում գործում էր գրեթե «կոմունիստական գործելաոճ», այսինքն մենիշխանություն: Անկախ նրանից, թե ինչպես էին կոչվում այդ դաշինքներն ու կոալիցիաները, ժողովուրդը տեսնում էր մեկ կառավարչի: Իսկ ընդդիմությունն ուղղակի դարձավ գեղեցիկ մի առասպել, խորհրդարանում գոյություն ունեցող դեկորացիա, ու ոչ որևէ ուժ ունեցավ, ոչ էլ կարողացավ քաղաքական մշակույթ ապահովել:
Շարունակելի…