Հակոբ Բադալյան
Նոր գաղափարների, գաղափարական բազմազանությամբ նոր նախաձեռնությունների կարիք Հայաստանը, հայությունը ունի առավել քան երբեւէ: Որքան շատ լինեն հանրային տարբեր խմբերի, շերտերի մոտիվացնող նախաձեռնությունները, այնքան արագ հնարավոր կլինի դուրս գալ անկումից եւ սկսել մեջքն ուղղելու գործընթացը:
Միաժամանակ, կասկած չկա կոնսոլիդացիայի անհրաժեշտության հարցում, որովհետեւ առանց դրա չի ստացվի ոչինչ: Հայաստանում երեւի թե այլեւս որեւէ մեկին չի հաջողվելու ունենալ բացարձակ մեծամասնությամբ որեւէ հավանություն, ըստ այդմ ոչ մեկին ոչինչ չի հաջողելու առանց կոնսոլիդացիոն բաղադրիչի:
Հետեւաբար, բոլոր նախաձեռնությունների հեղինակներին թերեւս խիստ կարեւոր է արձանագրել մի բան՝ եթե նրանց նախաձեռնության բուն նպատակն իսկապես ազգային-պետական շահն է, ոչ թե ավելի մանր շահադիտությունը: Ըստ այդմ, բոլորը պետք է արձանագրեն, որ ամենաաշխույժ եւ լավ իմաստով ագրեսիվ ձեւով առաջ տանելով իրենց գաղափարները, իրենց նախխաձեռնությունները, այդուհանդերձ պետք է նույնքան ջանք թափեն դրանց չմիացողներին, դրանցից դուրս մնացողներին ամենակոշտ ձեւով պիտակավորելու արդեն «ազգային ավանդույթ» դարձած իրողությունից խուսափելու, հրաժարվելու համար: Որովհետեւ, հակառակ դեպքում մենք ստանալու ենք ընդամենը «կղզիներ», ոչ թե «մայրցամաք»: Իսկ մեզ պետք եղածը բազմազանությամբ հանդերձ մայրցամաքի հասնելն է: