ՄԵՐ ՈՒՂԻՆ

Երեք սերունդ- մաս երրորդ

Միջին սերունդ

Պարադոքսի տարիներ

Արայիկ Մկրտումյան

1953թ․ հայ ժողովուրդը ոտք դրեց վախեցած, ճնշված, պատերազմի թարմ հիշողությամբ, հարյուր հազարավոր զոհերով, տնտեսական չքավոր վիճակում ու արական բնակչության խիստ նվազությամբ։

Այդ ամենին գումարվում էր նաև այն, որ երեսունական տեռորի ու համաշխարհային պատերազմի արդյունքով ոչնչացվել էր մտավորական էլիտայի զգալի մի հատված, իսկ նրանք, որոնք հրաշքով ողջ էին մնացել, ստիպված էին կամ լռել, կամ գովերգել խորհրդային կարգերը։ Այդ վիճակում էին նաև խորհրդային մյուս ժողովուրդները։

Բնական է, որ այս պարագայում և՛ հոգեբանորեն, և՛ ֆիզիկապես վնասված ժողովուրդը սկսեց փոխվել։

 Տնտեսական բարդ դրությունը նրան ստիպեց առժամանակ մոռանալ ամեն ինչ և ողջ թափով լծվել աշխատանքի։ Պետք է խոսոտովանել, որ մոտ քսան տարի հետո ԽՍՀՄ-ը բավական տպավորիչ արդյուքների հասավ գրեթե բոլոր բնագավառներում, ինչում հայերն ունեին նաև իրենց ներդրումը, իսկ դա խոսում է այն մասին, որ մտավորական-գիտնական հատվածը նոր ծիլեր էր տալիս։

Քաղաքական տեռորի թուլացման պայմաններում միանգամից ծաղկեց գիտությունն ու մշակույթը։ Երևան եկան նոր դեմքեր, որոնք կարող էին ողջ ժողովրդի իրական դաստիարակները դառնալ։ Հովհաննես Շիրազ, Համո Սահյան, Պարույր Սևակը, Արամ Խաչատրյան, Վիկտոր Համբարձումյան, Հովհաննես Ադամյան, Օրբելի եղբայրներ, Հրաչյա Ներսիսյան, Վաղարշ Վաղարշյան, Հենրիկ Մալյան և բազում բազում այլ դեմքեր հայտնվեցին, որոնք հսկայական աշխատանք կատարեցին գիտամշակութային կյանքում։ Նրանք կարողացան ինչ որ չափով ցրել կենցաղային մակարդակն ու ժողովրդի սրտում կրկին վառել իր ազգայինն ու իրականը։ Բայց պետք է խոստովանել, որ դրանով հանդերձ ժողովուրդը շարունակում էր ապրել խիստ փակ կյանքով, նրան շարունակում էին արգելել հնարավոր ամեն ինչ։ 60-ականներին սկսված այլախոհական շարժումը միանգամից ենթարկվեց հետապնդման։ Խրուշչովյան համեմատաբար մեղմ քաղաքականությանը հաջորդեց Բրեժնևի լճացման տարիները ու արդեն սկսեցին երևան գալ այն խնդիրները, որոնք ամեն կերպ սքողվում էին խորհրդային ռեժիմի կողմից։

Ամենից առաջ պետք է ընդգծել, որ ԽՍՀՄ-ում անթիվ պատճառներով գործող ու հսկայական չափերի հասնող դժվարություններն ու արգելքները ծնունդ տվին երկու չարիքի, որոնք պարզապես այլասերեցին հասարակ մարդուն՝ բյուրոկրատիա և կաշառակերություն։

Պետական համակարգում աշխատելու թերի մոտեցումը դարձավ սկզբունք, իսկ պետական ուեցվածքի գողությունը՝ օրինաչափ։ Արտաքուստ պահպանվում էր օրենքը, գողությունը կատարվում էր պետությունից, դա բոլորն էլ գիտեին ու ոչ ոք ի զորու չէր դա կանգնեցնելու, քանի որ դրան մասնակիցն էին գրեթե բոլորը։ Նույնիսկ մի անեկդոտ կար, որում ասվում էր, եթե մարդը չի ցանկանում մասնակցել այդ ամենին, ապա նա դատապարտված է ապրելու աշխատավարձով։ Կարծում  եմ սա բավական լավ ցուցանիշ է, թե ինչ էր կատարվում ԽՍՀՄ-ում։

Այս ամենը Խորհրդային միջավայրը վերածում էին մի աբսուրդի ուր ամեն ինչ միաժամանակ լավ էր ու վատ։ Բրեժնևյան լճացումը միայն սրեց առկա դժվարությունները, որոնք էլ ի վերջո հագեցրին մի շարք մեծ խնդիրների ոչ միայն ավելի ուժեղ արտահայտմանը, այլև հանգեցրին դրանց ծայրահեղ սրմանը։

Խորհրդային գափարն ըստ էությամբ արդեն անիմաստ էր դառնում։ Հեղափոխական սերնդի ներկայացուցիչները գրեթե բոլորը մահացել էին կամ սպանվել և արդեն ոչ ոք չէր հիշում, թե այդ ամենն ինչից է սկսվել, ինչի համար է արվել։ Կային զուտ աղոտ պատկերացումներ ու գրքերում արձանագրված պատգամներ, մինչդեռ դրսում կյանքը լրիվ այլ էր։

Կարևոր է խոսել այն մասին, որ 1967թ․ Երևանում՝ Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության զոհերի նվիրված հուշահամալիրի բացումը բացառիկ ու չտեսնված երևույթ էր ողջ միության համար։ Իսկ դա ոչ միայն ազգային տրամադրությունների հաղթանակ էր նշանակում, այլև այդ տրամադրությունների սրում, ուժեղացում, կայացում։

Դանդաղ, բայց հաստատ ձևով խորհրդային պետությունը գնում էր քայքայման։ 1988թ․ գործընթացը դարձավ  անվերահսկելի: Երկրաշարժը, արցախյան հարցի բարձրացումը զուգակցվեցին նաև քաղաքական կառավարման ծայրահեղ լճացմանը, տնտեսական ծանր վիճակին։ Լինում էին պահեր, երբ ամենաանհրաժեշտ  մթերքներն ու պարագաներն անհետանում էին խանութներից։ Ի վերջո 1991թ․ բոլորը որոշեցին, որ ԽՍՀՄ-ն այլևս ոչ ոքի պետք չէ և միաբերան հրաժարվեցին միութենականի կարգավիճակից ու հիմնադրեցին ամեն մեկն իր հանրապետությունը։ Աշխարհի վարչական քարտեզը նորից կտրուկ փոփոխությունների ենթարկվեց, միջազգային իրադրությունը՝ ևս։ Մեկ կայսրության փոխարեն դրա տարածքում հայտնվեցին 15 նոր հանրապետություններ, 15 նոր դրոշ, 15 նոր գաղափարախոսություն ու նպատակ, ինչը խոստանում էր տարածաշրջանը շատ երկար ժամանակ անհանգստության մեջ պահել, ինչը տեսնում ենք մինչ օրս։

Եթե կարճ ամփոփենք, ապա Խորհրդային Միության տարիներին ժողովուրդը ենթարկվեց մշակութային շոկի՝ բոլոր առումներով՝ քաղաքական, մշակութային, գիտական։ Ունեցավ մեծ զարգացումներ ու հրեշավոր կորուստներ, ամեն ինչ դրսևորվեց ծայրահեղ կողմերից։

Հայ ժողովուրդն անշուշտն ունեցավ մեծ ձեռքբերումներ՝ խաղաղություն և ապահովություն, որը սակայն նրան տրվեց ծանրագույն գնով՝ Արցախի ու Նախիջևանի կորստի, հայրենիքի մասնատման գնով, ծանր հալածանքների ու քաղաքական տեռորի գնով։ Նորից եմ կրկնում՝ ԽՍՀՄ-ը աբսուրդի ժամանակաշրջան էր՝ լի լավ և բացասական երևույթներով։ Այդ ժամանակաշրջանում էր ստիպված ապրել և գոյատևել երկրորդ սերունդը, ով ստիպված էր ապրելու անսահամանափակ մենատիրության ու դիկտատուրայի պայմաններում, ուր իրեն ստիպում էին իր կենսափիլիսոփայությանը խորթ գաղափարախոսություն ու նա ստիպված էր մի կողմից պահել ու կրթել ժողողվրդին, մոյւս կողմից՝ դիմանալ այդ սարսափելի դիկատուրային և չայլասերվել։

Պետք է նշել, որ այդ ժամանակաշրջանում մենք ունեցանք մեր մտավորական էլիտան՝ հզոր և գաղափարով լեցուն, բայց մենք ունեցանք նաև քաղաքականությունից ու կառավարման հմտություններից ամբողջովին զուրկ ժողովուրդ, որը ստիպված պիտի լիներ արդեն միայնակ շարունակելու իր ճամփան և դա այն դեպքում, երբ նա արդեն սովորել էր որ իր վաղվա օրը պիտի արդեն սրբագրված լինի։

Սփյուռքի մասին կարելի է ավելի կարճ ասել։ Եվրոպայի հայկական կառույցների վրա մեծ ազդեցություն ունեցավ երկրորդ համաշխարհային պատերազմը։ Որոշ գաղթօջախներ գրեթե ցրվեցին, որոշները փորձեցին վերակազմակերպվել։ Հայությունը մեծապես հեռացավ դեպի ամերիկյան մայր ցամաք։ Ռուսաստանի հայ համայնքը դադարեց համայնք լինելուց և վերածվեց խորհրդային քաղաքացիների խմբի։ Ուժեղացան ամերիկյան հայ համայնքները Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում և հատկապես Միացյալ Նահանգներում։

Խորհրդային ղեկավարության օրոք զրկված լինելով Հայաստանի հետ կապից հայկական երեք կուսակցությունները հաստատված էին Սփյուռքում  և այդ պատճառով էլ մեծապես ուժեղացավ նրանց, մասնավորապես Դաշնակցության ազդեցությունը, ինչպես նաև տարատեսակ հայրենասիրական խմբակցությունների ու միությունների ու եկեղեցու ուշադրությունը գաղթօջախների վրա։ Այսպես ասած, համայքները վերազինվեցին ու շարունակեցին մեծ ուշադրությամբ հետևել Հայաստանում կատարվող իրադարձություններին։ Որոշ համայնքներ ընդհակառակը, մեծ չափով ուծացվեցին, ինչպես օրինակ Լեհաստանում կամ Չեխիայում ու ավելի շատ սկսեցին իրենց վրա կրել արևմտյան մշակույթի ազդեցությունը ու դա լրիվ տրամաբանական էր։ Եղեռնից հետո տարբեր երկրներում հաստատված հայերի նոր սերունդները մեծապես ենթարկվում էին տեխնոլոգիական հասարակության ու մշակութային ազդեցություններին ու դառնում մշակութային հիբրիդ։ Դա հատուկ է բոլոր այն ազգերին, որոնք ստիպված են ապրելու օտար ափերում, չհաշված հրեաներին, որոնց անդրադարձ կարվի հաջորդ նյութում։

Ահա այսպիսին էր երկրորդ սերնդի ճակատագիրն ու կյանքը, ով ստիպված ապրեց այդ պայմաններում ու քնեց վաղվա բարի ու արդար հույսով և մի օր էլ արթնացավ քայքայված կայսրության մեջ, մարտահրավերն ընդունեց և ինքն էր ստիպված լինելու իր բախտը որոշել ու քայլել դեպի անհայտություն՝ իր ժառանագությունը տալով հաջորդ՝ երրորդ՝ ներկայիս սերնդին։

[շարունակելի]

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *