Ազատ բեմ

Անդրադարձ.«Գիտակցված կարգապահության» Չարաշահում

Եթե ժողովրդավարության ձեւականացմամբ հանրության կամքը անտեսվում է, նա կարող է իրենը պարտադրել «հեղափոխության միջոցով»

Նորայր Մելքոմ Մելքոմյան

Ժողովրդավար հանրություններում կա ուղղակիորեն չբանաձեւված, սակայն գիտակցված, գաղափարաբանական-գաղափարախոսական նշանակության շատ հիմնային մի ընկալում, ըստ որի՝ հանրությունն իր առջեւ առկա խնդիրների լուծման համար ընտրությամբ ձեւավորում է իր ղեկավարությունը, լիազորում է նրան՝ իր անունից հանդես գալու եւ պարտավորվում է օրենքի ու կանոնների սահմաններում ենթարկվել նրան, իսկ ղեկավարությունը օրենքի ու կանոնների սահմանած ձեւերով ու պայմաններում իրականացնում է հանրության կամքը եւ իր այդ գործունեության համար հաշվետու է եւ ենթարկվում է հանրության դատողական վճռին։

Այս փոխըմբռնումն իրականում մի ուխտ է՝ պայմանադրություն (covenant), որի դրժման դեպքում հանրությունում տեղի է ունենում փլուզման հանգեցնող այլափոխում, որի շարունակման դեպքում հանրությունը կդադարի, եթե ոչ ձեւականորեն, ապա էականորեն, ժողովրդավար լինելուց։ Վերջում այն կամ կդառնա անկառավարելի (կամ վատ կառավարվող), եթե դրժումը լայն հանրության կողմից է, կամ էլ բռնատիրություն, եթե դրժումը ղեկավարության կողմից է։ Անշուշտ, դրժումը կարող է տեղի ունենալ նաև երկուստեք, առավել ձախող հետևանքներով։ Բոլոր դեպքերում էլ, որպես կանոն, հանրությունն իր առջև առկա խնդիրները լուծելու առումով հեռու չի գնա։ Չի’ կարող գնալ։

Սա վերաբերում է ոչ միայն ժողովրդավարություն դավանող պետական հանրություններին, այլ նաև (ժողովրդավարություն դավանող) կազմակերպություններին, այդ թվում՝ քաղաքական կազմակերպություններին՝ կուսակցություններին։

Որքան մեծ լինի կուսակցության անդամներից «գիտակցված կարգապահության» եւ ղեկավար մարմինների որոշումներին աներկբա ենթարկվելու պահանջը, հատկապես այդպիսի հատկություններով աչքի ընկնող կուսակցություններում, միանգամայն օրինաչափ է, որ նույնքան մեծ լինի կուսակցության ղեկավար մարմիններից՝ կուսակցական անդամակազմի առջեւ իրական հաշվետվողականության պահանջը։

Կուսակցականների՝ ղեկավարության որոշումներին ենթարկվելու կանոնադրական պահանջը բացարձակ, պայմանականությունից զուրկ պահանջ չէ և չի էլ կարող լինել։ Կուսակցականները դատողության և կամքի տեր մարդիկ են (պե’տք է լինեն, այլապես կուսակցությունը կպարպվի ներուժից), ովքեր ընդհանուր նպատակի հասնելու համար կամովի մաս են կազմում հավաքական մի ուխտի։ Այդ ուխտի պայմաններին՝ այդ թվում նաեւ նրա կանոնների տառին և ոգուն ենթարկվելը միայն շարքային կուսակցականների պարտականությունը չէ, այլ նաև ղեկավարության, ովքեր անխտիր կանոնականություն ապահովելու շրջագծում իրենք եւս այդ կանոններին ենթարկվելու առաջնային պարտավորություն ունեն։

Պարզ է, որ այս ուխտի դրժումը, պայմանադրության խախտումը, ո՛ր կողմից էլ որ լինի, կհանգեցնի մյուս կողմի թերարժեքությանը, վերջին հաշվով՝ ընդհանուր ներուժի անկմանն ու կորստին, վերոշարադրյալ անխուսափելի հետևանքներով։ Իսկ ժողովրդավարության խախտումը կարող է լինել անթիվ ձեւերով, մանավանդ՝ ղեկավարության հաշվետվողականությունը ձեւական դարձնելով, «շարունակականություն» կամ «ճիշտ ուղղություն» պահպանելու ցանկությամբ հաշվառու մարմինների կազմը մեքենայությունների միջոցով կանխորոշելով, գործընթացներում այլազան ձեռնածություններ (manipulations) անելով, կանոնները մասամբ կամ ընտրովի կիրառելով, օրինական (legal), բայց ոչ-իրավական (legitimate) «հարմարեցումներով», այլակարծներին պիտակավորելով եւ այլն։

Իսկ սրանք, կազմակերպչականից առաջ ու ավելի, բարոյական խախտումներ են, չարաշահում՝ «գիտակցված կարգապահության»։

Նման իրավիճակներում այլևս չկա ժողովրդավարություն, այլ հանրության կամքի անտեսում․ չկա ղեկավարություն, այլ իշխանություն։

Անշուշտ այս ամենը կարելի է ասել նաև պետական հանրության և պետական ղեկավարության վերաբերմամբ, եթե ինքն իրեն ժողովրդավար համարող հանրության ղեկավարությունը թերանում է օրինականությունը պահպանելու և պարտադրելու, ասել է թե՝ օրենքին ենթարկվելու եւ ենթարկելու իր հիմնական պարտավորույթներից մեկում։

Նման դեպքերում պետական հանրության համար իրավիճակը շտկելու ուրիշ ելք, քան հեղափոխությունը, չի մնում։ Օրենքով չնախատեսված, բայց քաղաքական-տեսական մտքի կողմից ընդունելի միակ իրավական (legitimate) միջոցը սա՛ է։ Եթե ժողովրդավարության ձեւականացմամբ հանրության կամքը անտեսվում է, նա կարող է իրենը պարտադրել «հեղափոխության միջոցով»։

Իսկ կուսակցությունների պարագայու՞մ…

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *