Գարեգին Միսկարյան
Շուտով կլրանա երեք տարին, երբ հեղափոխական օրակարգով Սերժ Սարգսյանին սուպերվարչապետի պաշտոնից հեռացրած, հեղափոխական օրակարգը կյանքի կոչելու խոստումներով օլիգարխիկ համակարգի վարչական լծակներին տիրացած և հեղափոխական օրակարգին դավաճանած Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է Սերժ Սարգսյանի պաշտոնը։
Այո, Նիկոլ Փաշինյանը դե յուրե Հայաստանի Հանրապետության վարչապետն է, բայց դե ֆակտո զբաղեցնում է վարչապետի պաշտոնը Սերժ Սարգսյանի համար «նախագծած» և Սերժ Սարգսյանի կադրային բազայի ու օլիգարխիկ արժեքներին հարմարեցված համակարգում։
Երկիրը նման ցնցումների գնաց, որովհետև մի մարդ (ՄԵԿ ՄԱՐԴ) իր մասին չարդարացված մեծ կարծիքի էր, և այնքան քաղաքական կարճամիտ, որ մտածում էր, թե ինքն իր մեկ տասնյակ թիմակիցների հետ հարմար տեղավորվելով ժողովրդի կողմից մերժված Սերժի համակարգում, կարող է այն իրենով անել։
Էսօր էլ բոլոր (բացառապես բոլոր) քաղաքական ուժերը, որոնք երբևէ եղել են պետական կառավարման համակարգի մեջ, իմանալով (կամ չիմանալով, որը արդարացում չի), որ եղած համակարգով հնարավոր չի երկիրը առաջ տանել, զարգացնել, փրկել, միևնույն է քննարկում են բացառապես անձերին։
Մեզանից շատերը ի վիճակի չեն պատկերացնելու համակարգ, որը ոչ թե կախված կլինի անձերից, այլ կլինի այնպիսին, որ իր արժեքներին և առաջընթացին խոչընդոտող կադրերին հոնի կորիզի պես դուրս է թքում` հեռու և անվերադարձ։
Դա իրականում ոչ միայն հնարավոր է, այլև պետականությունը չկորցնելու, կայուն զարգացող պետություն ունենալու համար միակ ճանապարհն է։
Ժամանակն է վեր կանգնել անձերից։
Ժամանակն է մերժել բոլոր այն ուժերին, խմբերին, ովքեր գաղափարների ու ծրագրերի, լուծումների ու ճանապարհների մասին խոսելու փոխարեն մերժում կամ գովաբանում են առանձին անձերին։
Ժամանակն է հրաժարվել ցեղային մտածելակերպից։
Ժամանակն է մտածել պետականության մասին։