ՄԵՐ ՈՒՂԻՆ

Երրորդ ուժ՝ Հնարավորություն թե՞ արգելք

Այո, գուցե եւ դաշինքներով հնարավոր լինի հեշտ լուծել քվեների հարցը, բայց էստեղ էլ կա փոխադարձ վստահության ու գաղափարական միասնության հարցը։ Դաշինք կազմելն ամեն դեպքում խաղ ու պար չէ ու ծանրակշիռ պատճառներ են պետք դաշինքի համար ու եթե այդ դաշինքը խարսխված է զուտ քվե կիսելու համար, ապա այդ դաշինքը ձախողված է։

Արայիկ Մկրտումյան

ՀՀ քաղաքական դաշտը շարունակում է եռալ։ Թուլացում ոչ միայն չի սպասվում, այլև ամեն անցնող օրը բերում է իր բաժին լարվածությունն ու խոստանում, որ ՀՀ-ում մոտակա ժամանակները ներքաղաքական հանդարտության մասին կարելի է միայն երազել, իսկ ահա գործնական մակարդակում ամեն ինչ ավելի է սրվում ու խառնվում իրար։ Եվ այսպես, հունիս 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այդ մասին հայտարարվելուց հետո քաղաքական դաշտում արվող խաղադրույքներն ավելի են մեծացել, շատացել են պայքարողները, իսկ ահա այս թնջուկի լուծումը դեռևս չի երևում։ Քաղաքական դաշտի այս աբսուրդն ավելի է սրվում, երբ հաշվի ենք առնում երկու կարևոր հանգամանք՝

 1․ Իշխանության ու ընդդիմադիր ուժերի նկատմամբ հավատի բացակայությունը

2․ Նորահայտ ուժերի խայտաբղետությունը

Սկսենք սկզբից։

 Իշխանության փոխանցման հետ կապված, ՀՀ-ում երեք տիպի տրամադրություն է գերակշռում, դրանցից առաջինն իշխանական է, ըստ որի խորհրդարանական մեծամասնությունն ու իր կողմնակիցները հույս ունեն կրկին մեծամասնություն ունենալ խորհրդարանում և պաշտպանում են իրենց շահերը, կան ընդդիմադիրներ, որոնք համոզված են, որ իշխանությունն իրենց պիտի բաժին հասնի՝ բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ու հասարակության մի մեծ հատված, որ ոչ մի կողմին էլ չի ուզում տեսնել, այլ երրորդ ուժի, այլընտրանքի է սպասում։

Իսկ կա՞ այլընտրանք։ Ազնիվ լինելու համար նշեմ, որ քաղաքական այս ակտիվությունն աննախադեպ է ՀՀ-ի  համար։ Ընտրությունները խոստանում եյն ընթանալ շատ լարված պայքարում, կողմերից ոչ ոք չի ուզում զիջել։ Եկեք մի կողմ թողնենք իշխանությանն ու ընդդիմությանը ու խոսենք երրորդ ուժի, այլընտրանքի մասին։ Միանշանակ է այն, որ երրորդ ուժն իրոք անհրաժեշտ է ՀՀ ներքաղաքական դաշտի թարմացման, լիցքաթափման համար։

Բազմիցս խոսել ենք այն մասին, որ ՀՀ-ում քաղաքական գործընթացներ չեն կատարվել, որպես այդպիսին։ Մեկը պայքարել է մյուսի դեմ, նրանցից ամեն մեկի հետևից գնացել է իր խումբը, իսկ հասարակությունն էլ ի վերջո շատ կասկածելի ընտրություն է արել, որն է ի վերջո ավարտվել է անհաջողությամբ, մեղադրանքներով ու թշնամությամբ։ Քաղաքական ուժերը երբևէ գաղափարական, ինստիտուցիոնալ պայքար չեն տարել ու քաղաքականություն ասվածը Հայաստանում դարձել է զուտ անձնային պայքար՝ օծված կուսակցական տերմիններով ու սքողված օրենսդիր, գործադիր, դատարան բառերով ու այլ ճռճռան տերմիններով, որին մարդիկ վաղուց է ինչ չեն վստահում ու հավատում։

Ի վերջո հենց այնպես չի, որ ՀՀ-ում այն տեսակետն է ձևավորվել, որ պատգամավորը պիտի լինի գործից չհասկացող, անբան մարդ, նախարաը՝ գող, դատավորը՝ կաշառակեր, պաշտոնյան՝ հանցագործ։ Թերևս Խորենացին կտխրեր՝ տեսնելով, որ իր «Ողբ»-ում ներկայացված իրականությունը շարունակում է ակտուալ մնալ նաև այսօր։

Եվ այսպես։ Մենք բոլորս հասկանում ենք, որ այդ «Երրորդ ուժ» ասվածն է ինչ որ թեթևացում բերելու, որ միայն «Երրորդ ուժով կա հայոց փրկություն», որովհետև 1991թ․ սկսած այն ինչ կատարվել ու կատարվում է առ այսօր, ի վերջո հասարակ քաղաքացու աչքում արժեզրկում է ոչ միայն ինչ որ ինստիտուտներ, այլև ի վերջո ՀՀ-ն՝ որպես պետություն, գաղափար ու սկզբունք։

Երրորդ ուժի կայացման համար կան բազմաթիվ նախադրյալներ ու ամենակարևորի մասին արդեն ասեցինք։ Դա այն է, որ իշխանությունն ու ընդդիմությունը հասցրել են իրենք իրենց արժեզրկել հնարավոր բոլոր առումներով։

Փաշինյանն էլ չկարողացավ այդ իրավիճակը վերացնել։ Նա եկավ, փոխեց միայն կադրերին ու դերակատարներին, իսկ ընդհանուր մթնոլորտը մնաց ու այսօր «Քաղաքացիական պայմանագիրը» եթե ինչ որ բան էլ շահի, ինչ որ զանգված ընտրի նրանց, ապա միայն այն պատճառով, որ չեն ուզում իշխանության ղեկին տեսնել նախկիններին։ Ահա ՔՊ-ի ողջ  ռեսուրսը, դրա համար էլ նրանք ջանք չեն խնայում ամեն կերպ սևացնել առանց այն էլ սևացած նախկիններին։ Իսկ նախկիններն էլ փորձում են այնպես անել, որ ՔՊ-ն ավելի սև երևա, որ նրանց ֆոնին իրենք այլընտրանք դառնան։

Ահա այստեղ է, որ պիտի երրորդ ուժը գա։ Այն կարող է լինել մեկ քամ մի քանի նոր կուսակցություններ կամ դաշինքներ, կարևոր է, որ գոնե այս անգամ նրանք գան իրոք գաղափարախոսությամբ, գան «հանուն»-ի, ոչ թե «ընդդեմ»-ի, չլինեն ներկան-նախկին տանդեմի գրպանային հավելումներից մեկը, լինեն իրոք կամային մարդիկ, ովքեր հստակորեն կհասկանան և՛ իրենց՝ գաղափար լինելը, և՛ Հայաստանի խնդիրների ու ողբերգության չարյաց արմատը։ Հակառակ դեպքում շատ արագ կդառնան կամ հերթական անհայտ կուսակցությունը, կամ էլ դեռ նոր ծնված՝ կդառնան նախկին։

Իսկ ի՞նչ խնդիրներ ունի երրորդ ուժը։ Նախ և առաջ այն, որ եթե այդ ուժը մաքուր է, պատվիրված չէ, ապա նրա համար տիտանական բարդ կլինի այս խելահեղության ու քաոսի մեջ իր ձայնը տեղ հասցնել։ Իշխանությունն ու ընդդիմությունը հսկայական մեդիա ռեսուրսներ ունեն ու այդ ողջ աղմուկի մեջ միանգամայն սթափ ու ռացիոնալ խոսքը հեշտությամբ կարող է կորչել ու աննկատ մնալ։

Երրորդ ուժը կանգնած է նաև ինքն իր գոյության արդյունավետության խնդրի առաջ։ Միայն անցած 10-20 օրում ութ նոր կուսակցություն է բացվել։ Իսկ դա խնդիր է, մանավանդ, որ մարդիկ արդեն տհաճությամբ են լսում կուսակցությունների մասին նորություններն ու որպես կանոն նոր կուսակցությունները ստանում են կամ արհամարանք, կամ ծաղր, երբեմն էլ երկուսը միասին։

Խնդիր կա այն առումով, որ այս նորահայտ կուսակցությունները նաև ուզած-չուզած պիտի խանգարեն իրար, քանի որ նոր են, շատ են ու հասարակ քաղաքացին արդեն գլխացավ է ընկնում նայելով քաղաքական դաշտին՝ մի կողմից իրար ատող իշխանություն ու ընդդիմություն, մի կողմից էլ տասից ավելի լրիվ նոր կուսակցություններ, որոնց չեն ճանաչում և հետևաբար դժվար է նրանց վատ բան ասելն ու մեղադրել, բայց նաև դժվար է  վստահել ու դրանում ոչ այդ կուսակցություններն են մեղավոր, ոչ էլ այդ քաղաքացին, որին անընդհատ շոկի են ենթարկում ու այնքան շատ որ ի վերջո նա սկսում է զզվել կուսակցություններից էլ, քաղաքականությունից էլ ի վերջո։ Ու այդ ամենը խնդրի մի մասն է միայն։ Հարցն այն է, որ այդ վիճակը հագեցնում է նրան, որ քաղաքականություն ասվածը, քաղաքականներն ու հասարակությունը սկսում են մեկուսանալ իրարից, չճանաչել ու բնականաբար չվստահել։ Հիմա հենց այդ վիճակն է ու այդ խնդրի առաջ է կանգնած երրորդ ուժը։

Ի՞նչ անի երրորդ ուժը, որը մաքուր սրտով իրոք ուզում է գործ անել, բայց արդեն կասկածի տակ է։ Նրա մաքուր անցյալը երբեմն հենց իր դեմ է շրջվում։

Բոլոր խոստումներն արդեն տրվել են ու չեն կատարվել, բոլոր երդումներն արդեն տրվել ու դրժվել են։ Երրորդ ուժին բաժին է հասել կատաստրոֆիկորեն քայքայված ու ավերված մի  դաշտ, որտեղ նա ոչ միայն պիտի փորձի պետությունը հանել ճգնաժամից, այլև վերականգնել պետության ու հասարակության մեջ առաջացած խորխորատը։

Ամեն դեպքում ոչինչ չանելու պարագայում անհաջողությունը երաշխավորված է, այնպես, որ այդ երրորդ ուժը պիտի թեկուզ կաշվից դուրս գա, բայց փորձի հաղթահարել իր առջև ծառացած բոլոր խնդիրները և այդ ընթացքում էլ կայանա որպես ուժ ու գաղափար։ Երրորդ ուժը հիմա շատ լավ հնարավորություն ունի ապացուցելու, ինքը ինչ որ հերթական անցողիկը չէ, թեև այդ ամեն շատ շատ բարդ կլինի։ Իսկ ոչ ոք չէր խոստացել, որ հեշտ կլինի, ի վերջո խոսքը պետություն ղեկավարելու, իշխանություն վերցնելու, միլիոնավոր մարդկանց ճակատագիրը տնօրինելու մասին է, ոչ թե ձվածեղի, այնպես որ հասկանալի է բարդության մակարդակը։

Եթե խոսենք ավելի գործնական, ապա այստեղ առաջանում է նաև դաշինքների հարցը։ Գաղտնիք չէ, որ այդ բոլոր նորահայտ կուսակցությունների համար բավական դժվար կլինի միայնակ առաջ գնալ, որքան էլ ամուր ու կայուն լինի նրանց գաղափարը(իսկ գուցե և հենց այդ պատճառով, գաղտնիք չէ, որ սկզբունքային լինելը հաճախ նաև խանգարող է լինում), ուստի առաջանում է նաև դաշինքների պահը։ Այո, գուցե և դաշինքներով հնարավոր լինի ավելի հեշտ լուծել քվեների հարցը, բայց այստեղ էլ կա փոխադարձ վստահության ու գաղափարական միասնության հարցը։ Դաշինք կազմելն ամեն դեպքում խաղ ու պար չէ ու բավական ծանրակշիռ պատճառներ են պետք դաշինքի համար ու եթե այդ դաշինքը խարսխված է զուտ քվե կիսելու համար, ապա այդ դաշինքը ձախողված է։

Ինչ վերաբերվում է ընտրական օրենսգրքի չարչրկված փոփոխություններին, ապա այս անգամ զարմանալիորեն կարող է այն հարթ անցնել։ Վարչապետն իր ելույթում նշեց, որ խորհրդարանական ուժերը ռեյտինգայինը հանելու հարցը թողել են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը, այսինքն չեն քվեարկի, բայց սկզբունքորեն դեմ չեն, որ ռեյտինգայինը դուրս գա։ Դա անշուշտ դուր կգա նաև նորահայտ երրորդ ուժ համարվող կուսակցություններին, որոնց համար ռեյտինգայինի դուրս բերումը կհեշտացնի մուտքը ԱԺ, մանավանդ, որ իջեցվում է նաև անցողիկ շեմը։ Այնպես, որ այստեղ մտածելու շատ բան կա։

Եվ ի վերջո։ Եթե նորահայտ կուսակցությունները ի վիճակի եղան մտնելու ԱԺ, ապա բոլորիս սպասվում է շատ խայտաբղետ, բազմագույն ու անծանոթ խորհրդարան։ Այդ խորհրդարանը կարող է բաղկացած լինել բազմաթիվ մանր ուժերից, որոնք առանձին-առանձին թույլ կլինեն որևէ օրինագիծ հաստատելու ու մերժելու համար, այնպես որ գուցե և դաշինքների պահը իրոք հասունանա։ Չի բացառվում նաև առավելագույն ձայներ ստացած ուժի կոալիցիան մեկ երկու փոքր խմբակցության հետ։ Դա նույնիսկ դուր կգա նրան։ Կոպիտ ասած, կայսրությունն իրեն կշրջապատի փոքրիկ հանրապետություններով։ Դա թույլ կտա և՛ վերահսկել քաղաքական դաշտը, և՛ միաժամանակ մենակ չմնալ։

Եզրափակելով նշեմ նաև մի կարևոր հանգամանք։

Եկեք մի փոքր համեմատություն անենք բիզնեսի և խորհրդարանի մեջ։ Եթե համարենք, որ ԱԺ-ն մի մեծ կոնցեռն է, ապա պարզ է դառնում ցանկացած դեպքում պետք է այնպե անել, որ բաժնետերերը ո՛չ չափազանց թույլ լինեն, ո՛չ էլ չափազանց ուժեղ։ Շատ արտասահմանյան կոնցեռններում հենց այդպես էլ աշխատում են ու մեկ խոշոր ընկերությունը կարող է պատկանել մի քանի հարյուր մարդու որոնցից ամեն մեկը ունի մի քանի տոկոս բաժնեմաս, այլ ոչ թե մեկն ունի 90 տոկոս և մնացյալը ունեն ամեն մեկը՝ 1-2 տոկոս։ Այդպես ռիսկը շատ է։ Քիչ իրավունքը նաև քիչ պատասխանատվություն է ենթադրում, այնպես որ եթե խոշոր շահույթի դեպքում քիչ ես շահում, ապա սնանկացման դեպքում նաև քիչ ես կորցնում։ Բայց դա բիզնեսում։ Իսկ մեր ԱԺ-ն բիզնես չպիտի լինի, այն բացի իրավունք-պատասխանատվությունից, նաև սրտացավություն ու բարոյական չափանիշներ է ենթադրում, որոհետև ի վերջո հարցը վերաբերվում է հայրենիքին ու պետականությանը։

Մի խոսքով մտահոգվելու շատ բան կա։ Մնում է հուսալ, որ ՀՀ քաղաքական դաշտը ի վերջո կկարողանա ինքնակազմակերպել ու վերջապես դուրս բերել երկիրն այս ինքնասպան ճգնաժամից՝ միաժամանակ կայացնելով քաղաքական դաշտն ու ստիպելով որ օրենսդիրն ուգործադիրը հիշեն, թե իրենք ինչի համար են։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *