Հայաշխարհ

Հայաստանի Քաղաքական Կյանքում Երրորդ Ուժի Կարուսելը

Չկա առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ կամ հինգերորդ ճանապարհ: Կա քաղաքականության ճանապարհով անցնող ուժ, որը կարողանում է կամ խաբել հանրությանը՝ վտանգելով պետությունը, կամ հանրության հետ պայմանավորվել շատ կոնկրետ բովանդակության և դրա համար պատասխանատվության, ոչ թե թվաբանության շուրջ

Հակոբ Բադալյան

Հայաստանում ընտրական գործընթացի ծավալմանը, և դրանում նախկին կառավարող համակարգը ներկայացնող ուժերի ներգրավվածության աշխուժացմանը զուգահեռ վերստին հրապարակ է գալիս այսպես ասած երրորդ ուժի կամ երրորդ ճանապարհի գաղափարը, որը Հայաստանում ունի տարիների, եթե ոչ ավելի քան երկու տասնամյակի «պատմություն»: Հայաստանի ներքաղաքական կյանքի տարբեր փուլերում, ներքաղաքական ճգնաժամերի կամ ճգնաժամային թվացող իրավիճակներում այն հայտնվել է հրապարակում ու քննարկվել: Մեծ հաշվով, կամա, թե ակամա, դրա քննարկմանը ներգրավվող սուբյեկտները լեգիտիմացրել են այսպես ասած առաջին կամ երկրորդ ուժերի ստատուս-քվոն: Բանն այն է, որ երրորդ ուժի գաղափարի շրջանառությունը ունեցել է գործնականում մեկ առարկայական արդյունք, կամ ավելի շուտ՝ հետևանք: Այն առաջացրել է կամ խթանել հանրային անտարբերությունը քաղաքական գործընթացների, պայմանական ասած առաջին և երկրորդ ուժերի հանդեպ: Իսկ Հայաստանում կառավարող կամ կառավարած համակարգը, իր իշխանական, ոչիշխանական և տեղ-տեղ ընդդիմադիր սեգմենտներով, աստիճանաբար սկսել է հիմնվել, կենսագործել և վերարտադրվել հենց հանրային ապատիայի վրա:

Հանրային ապատիան խորացնելն ուներ ռազմավարական նշանակություն, որովհետև համակարգը իր վերարտադրության համար ավելի ու ավելի ուներ անաղմուկ տեխնոլոգիաների կարիք, քանի որ ֆիզիկական ուժի կիրառումով վերարտադրությունը դառնում էր միջազգայնորեն ավելի խնդրահարույց: Ըստ այդմ, պետք էին մեխանիզմներ, որոնք կապահովեին անաղմուկ վերարտադրության հնարավորություն, միաժամանակ կասկածի տակ չդնելով արդյունքը: Իսկ այդ գործում էական նշանակություն ուներ ապատիայի առաջացումը կամ խթանումը, քաղաքական գործընթացների հանդեպ հանրային անտարբերության ուղղակի, թե անուղղակի խրախուսումը: Ինչն է այդտեղ երրորդ ուժի գաղափարի խնդիրը, եթե այն օբյեկտիվորեն դառնում է պահանջված որոշակի իրավիճակներում, ինչպես օրինակ թվում է, թե՝ այժմ: Բանն այն է, որ քաղաքականությունը ուժերի թվաբանական հաջորդականության դասավորելը ինքնին մոլորություն կամ գիտակցված շահարկում, նենգափոխում է: Քաղաքականությունը գաղափարներն են, հանրությանը ներկայացվող առարկայական ծրագրային և գաղափարական փաթեթները, տարբեր ներքին ու արտաքին քաղաքական ուղղությունների, անվտանգային խնդիրների վերաբերյալ կոնկրետ մոտեցումներն ու դրանց միջև բովանդակային սկզբունքային տարբերությունը:

Ըստ այդմ, չկա առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ կամ հինգերորդ ճանապարհ: Կա քաղաքականության ճանապարհով անցնող ուժ, որը կարողանում է կամ խաբել հանրությանը՝ վտանգելով պետությունը, կամ հանրության հետ պայմանավորվել շատ կոնկրետ բովանդակության և դրա համար պատասխանատվության, ոչ թե թվաբանության շուրջ: Ըստ այդմ, Հայաստանում այդ իմաստով միշտ կա առաջին և երկրորդ ուժի խնդիր, ուժեր, որոնք կլինեն բովանդակության կրող և հանրության առաջ կմրցեն այդ բովանդակությամբ, ոչ թե կենսագրության այս կամ այն դրվագով, այս կամ այն փուլին առնչություն ունենալ-չունենալով: Այսինքն, այն, որ դու թե նախկին չես, թե ներկա չես, դեռևս որևէ կերպ չի երաշխավորում քաղաքական արդյունավետություն մեկի, կամ մյուսի համեմատ: Եթե դու անգամ ապագայից ավանսով ներկա փոխանցված քաղաքական ուժ ես, միևնույն է չափումը, ըստ այդմ նախկինի կամ ներկայի համեմատ որևէ տարբերության սկզբունքայնությունն ու առարկայականությունը պետք է տեղի ունենա Հայաստանի համար օրակարգային շատ կոնկրետ խնդիրների մատնանշումով և դրանց լուծման հանգամանալից առաջարկների մատուցումով: Հակառակ դեպքում, որևէ տարբերություն չկա, թե քաղաքական ինչ գործիչ կամ ուժ է ասում, որ բոլորը վատն են, իսկ ինքը՝ բոլորից չէ, ուրեմն՝ լավն է: Հայաստանի հանրությունը չափազանց երկար ու հաճախ է տրորել այդ պարզունակ ճանապարհը և պտտվել «ի շրջան յուր»:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *