Այ սա է սեփական ժողովրդի գլխին կատարած խաբեությունը: Այ սա է երկակի ստանդարտը:
Արայիկ Մկրտումյան
Կապված հայ- թուրքական հարաբերությունների հետ, նաև ցավալի պարտության հետ առնչված, մենք շատ ցավագին ենք տանում հայ-թուրքական որևէ հարաբերության մասին թեմա ու վճռականորեն դեմ արտահայտվում ցանկացած այդպիսի բանի, քանի դեռ Թուրքիան չի կատարել հայերի հանդեպ կատարած իր ոճիրների ամբողջական փոխհատուցում: Վերջերս նաև կառավարության մեղադրեցին, որ նա պատրաստ է <<թուրքի հետ առևտուր անել>>: Իսկ հիմա ուշադիր՝
Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՕՂԱԿԱՁԵՎ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ – 2007թ. ապրիլի 19( ՍԾՏՀ անդամ պետությունների տրանսպորտի նախարարների համատեղ հայտարարությունը 2005 թվականի հունվարի 28-ին` Սալոնիկում,)
Ողջ հուշագիրը չեմ արտագրում, իմաստ չկա: Միայն ասեմ, որ այն իրենից ենթադրում է տնտեսական համագործակցություն (ի շահ բոլորի) և մեջբերեմ, որ դրա երկրորդ հոդվածում նշվում է, որ անցկացվելիք ավտոճանապարհն ունի 7 հազար կմ, և հիմնական ճանապարհը և նրա հանգույցները կարող են ընդգրկել հետևյալ քաղաքները.
Ստամբուլ (Թուրքիա), Տրապիզոն (Թուրքիա), Բաթում (Վրաստան), Փոթի (Վրաստան), Երևան (Հայաստան), Բաքու (Ադրբեջան), Նովոռոսիյսկ (Ռուսաստան), Դոնի Ռոստով (Ռուսաստան), Տագանրոգ (Ռուսաստան), Մարիուպոլ (Ուկրաինա), Օդեսա (Ուկրաինա), Քիշնև (Մոլդովա), Բուխարեստ (Ռումինիա), Կոստանցա (Ռումինիա), Հասկովո ( Բուլղարիա), Սոֆիա ( Բուլղարիա), Նիշ (Սերբիա), Բելգրադ (Սերբիա), Տիրանա (Ալբանիա), Էդիրնե (Թուրքիա), Կոմոտինի (Հունաստան), Ալեքսանդրապոլիս (Հունաստան), Ստամբուլ (Թուրքիա):
Հա, մի զարմացեք, և՛ Թուրքիա, և՛ Ադրբեջան:
Դրան նախորդում և հաջորդում է ընդհանուր ղեկավարության ֆինանսավորման, ղեկավարման և հազար ու մի այլ կետերի մասին դրույթներ:
Ստորագրված է Բելգրադում 2007 թվականի ապրիլի 19-ին, 11 երկրների կառավարությունների կողմից, այդ թվում և Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի:
Հուշագիրը ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 2009թ. հունվարի 1-ից::
Այս հուշագրի մասին ՀՀ-ն և Ադրբեջանն արել են իրենց առարկությունները:
Դրանից առաջ 2008թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳՆ-ի կողմից առարկություն էր վերահաստատվել Ադրբեջանի առարկության դեմ՝ ասելով, որ Ադրբեջանի առարկությունները խախտում են մի շարք կանոններ, օրենքներ, բայց և այնպես ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը 2011թ. հոկտեմբերի 19-20-ը մասնակցել է Մոսկվայում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի նիստին, որին հաջորդել է ՍԾՏՀ անդամ-երկրների տրանսպորտի նախարարների հանդիպումը (այսինքն նաև Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան):
Հետո, 2016թ. հունիսի 10-ին ընդունվել է որոշում ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ, ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ և ԱՆԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ, ըստ որի 2016 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 2-ը հայ պաշտոնյաները մասնակցել են այդ ՍԾՏՀ ծովային մայրուղիների զարգացման խմբի, ՍԾՏՀ Սևծովյան օղակաձև մայրուղու զարգացման համակարգող կոմիտեի և ՍԾՏՀ տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի նիստերին: Ստորագրված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից:
Լավ, անցնենք առաջ:
Դուք երևի հասկանում եք, որ մենք էսպես թե էնպես թուրքերի հետ համագործակցում ենք: Խոսքը միայն չոր ապրանքի ներկրումն ու ՀՀ-ում վաճառքը չէ, այլ նաև նման մեծ մակարդակի պայմանագրերը: Բայց մենք սրա մասին չենք էլ խոսում ու ՀՀ այդ կառավարությունների ստորագրությունները չենք համարւոմ արյուն ծախելու փորձ: Ու գիտե՞ք ինչու: Որովհետև 2007, իսկ առավել ևս 2005թ. Հայաստանում ինտերնետ, մամուլ կամ միջազգային նորություններ ասվածն ուղղակի չկար, էդ հիմա է, որ մի հարց է բարձրացվում ու միանգամից սկսվում է իռացիոնալ քննարկումների փուլը:
Կներեք էլի: Եթե Թուրքիան ու Ադրբեջանը թշնամիներ են, էլ ի՞նչ տնտեսական միջազգային մակարդակի պայմանագիր, վերահաստատում, ավտոճանապարհ: Էլ չեմ ասում ՀՀ հասարակ քաղաքացիների կողմից Թուրքիայում հանգստանալու հարցերն ու մնացյալ աղբը, որն անում ենք, բայց չենք խոսում: Հիմա թշնամի են, թե ոչ:
Երբ էկոնոմիկայի նախարար Քերոբյանն ասաց, թե հնարավոր է օգտագործել ադրբեջանական շուկան, մեր հասարակությունը կեղտ լցրեց վերջինիս գլխին: Ինչո՞ւ ոչ մի տառ չի ասվում այս ամենի մասին: Որովհետև մենք չգիտենք, կամ էլ նախկին վարչակարգերը սրա մասին առանձնապես չեն բարձրաձայնում: Ձեռք չի տալիս: Էնպես չի, որ Փաշինյանի վարչակարգին ծափ եմ տալիս, ո՛չ: Էնքան սխալներ ունեն, որ մի շաբաթ խոսես չի վերջանա, բայց էս ամենը հե՞չ, հա՞:
Էս ի՞նչ երկակի ստանդարտներ են: Էդ ինչպե՞ս դարձավ, որ Փաշինյանի կողմից թուրքերի հետ տնտեսություն անելու առաջարկը դավաճանական է, իսկ Քոչարյանի ու Սարգսյանի կողմից ստորագրվածները՝ ոչ:
Հիմա թուրքերը թշնամի են թե ոչ, ձե՞ռ եք առնում:
Շատ բան կասեի, բայց գործ ունեմ անելու: Իսկ էս վերջին 30 տարվա կեղտն ու թրիքը մանր-մանր ջրի երես են դուրս գալիս ու հավատացեք ժողովուրդ ջան, որ մի քիչ ավելի տեղեկացված լինելու դեպքում հնարավոր է հիասթափվեք էլ ավելի ցավոտ էն բանից, որ ձեզ ասել են թուրքը թշնամի է, բայց հետը առևտուր են արել միջազգային մակարդակով:
Այ սա է սեփական ժողովրդի գլխին կատարած խաբեությունը: Այ սա է երկակի ստանդարտը:
Խնդրեմ , ստորև հղումները.