Վստահ եմ, որ ընտրության հենց հաջորդ օրը ցույցեր կլինեն ու պարտվածները կմեղադրեն հազար ու մի կեղծիքի մեջ, իսկ ընտրայլները գուցե ավելի մեծամտանան, որոնց կարծիքով ժողովուրդն իրենց ոչ թե քվե է տվել, այլ անսխալականության ստատուս:
Արայիկ Մկրտումյան
Հայաստանում քաղաքական դեմքերի ու գործիչների, միմյանց նկատմամբ ունեցած անթաքույց ատելությունն առաջին հերթին խոսում է այս մարդկանց անձնական-անհատական կերպարի ու բարոյական նկարագրի մասին, որը փորձում են ռեալիզացնել հասարակական- քաղաքական դաշտում և որպես կանոն՝ դրա անունը դնում են փրկություն:
Իհարկե այս վիճակը նոր չէ ձևավորվել… այն ինչ կատարվում է ՀՀ քաղաքական դաշտում, ոչ թե հանկարծակի ծլած հիվանդագին նոպա է, այլ տասնամյակներով խնամքով թաքցված ուռուցքի մետաստազներ, որոնց հրեշավոր չափերի վրա զարմանում ենք:
Եկեք մի փոքր հեքիաթ պատմեմ, մանավանդ, որ այսօր հեքիաթ պատմելը շատ արդիական գործ է, բայց իմ հեքիաթը, ոչ թե սուտ խոստում է, այլ իրավիճակի տխուր համեմատություն-նկարագրում:
Մի մարդու տան պատերից մեկը ճաք է տալիս: Մարդը արագ սվաղում, փակում է այդ ճաքն ու գնում իր առօրյա գործերով: Ժամանակն անցնում է, ու տան պատերը մերթ այստեղ, մերթ այնտեղ ճաքեր են տալիս ու մարդն ամեն անգամ սվաղում փակում է այդ ճաքերը: Մի օր էլ վերադառնում է և ինչ տեսնի. տունը փլվել է, ողջ ընտանիքը մնացել է ավերակների տակ և մահացել: Մարդը դառնագին լաց է լինում և ասում ավերակներին.
-Եթե սա էր քո անելիքը, եթե պիտի փլվեիր, ինչո՞ւ չասացիր ինձ, որ կառուցեմ քեզ և կամ ընտանիքս տեղափոխեմ: Ինչո՞ւ այսպես դաժան եղար և լուռ մնացիր:
Ավերակը պատասխանում է.
-Ինչպե՞ս ասեի, մա՛րդ Աստծո, եթե ամեն անգամ խանգարում էիր: Ամեն անգամ բերանս հազիվ բացած, իսկույն սվաղում փակում էիր:
Եվ հիմա պարոնա՛յք ասացեք խնդրեմ. պա՞տն էր մեղավոր, որ փլվեց, թե մարդը ով այդպես էլ չհասկացավ ճաքերի իմաստը և ամեն անգամ սվացեղ, դրսից ամեն ինչ հրաշալի էր, մինչև որ ներսից պատը ճաքեց այնքան, որ ի վերջո միանգամից փուլ եկավ:
Իհարկե մարդը, կասի ցանկացած, քիչ թե շատ առողջ մարդը:
Եվ հիմա ասացե՛ք, ո՞վ է մեղավոր այս սարսափելի փլուզման համար: Մի՞թե կասեք, թե ամեն ինչ հրաշալի էր, և հանկարծ Հայաստանը պարտվեց: Բոլորը հարուստ էին և հանկարծ աղքատացան, քաղաքական դաշտն էլ առողջ էր, հանկարծ հիվանդացավ:
Կույր է պետք լինել այդ ամենը չտեսնելու ու չընդունելու համար: Կամ էլ մեղսակից: Բայց ինչպես ասվում է գրքում. «Եթե ես լռեմ, ապա իմ տեղը քարերը կաղաղակեն»:
Մի՞թե Եռաբլուրում ավելացած շիրիմները մեզ ոչինչ չսովորեցրին:
Եվ հիմա, ՀՀ ներկա ու նախկին ղեկավարությունն արնակալած պայքարի է ելել մեկը մյուսի դեմ: Ոչ ոք մյուսին չի ուզում զիջել ու եթե մեկը պատրաստ է մյուսին առաջ թողնել, ապա միայն նրա համար, որ դանակ խրի թիկունքը:
Այսօր ներկա իշխանությունները մեղադրում են նախկիններին, նախկինները՝ ներկաներին:
Ո՞վ է տուժել ու շարունակում տուժել: Ժողովուրդը և հայրենիքը: Հայրենիքը մասնատվեց, ժողովուրդը սպանվեց: Իսկ ներկա նախկին պայքարն ուղղակի զարմացնում է իր բացառիկ բթությամբ:
Ո՛չ նախկին, ոչ ներկա: Ապագա և միայն ապագա:
Մենք դա չենք հասկանում, մենք դա չենք ուզում տեսնել: Այսօր մեր ցավը հասկանալու ու վերքին նայելու փոխարեն մենք զբաղված ենք ինքնարդարացմամբ ու մեղադրելով:
Եկեք ազնիվ լինենք:
Ո՞ր պետական պաշտոնյան է ասում, որ ինքը պարտվեց ու ինքն է մեղավոր: Ոչ ոք: Ոչ ներկաներն են մեղավոր, ոչ նախկինները: Իսկ ո՞վ: Գուցե ե՞ս, որ որպես քաղաքացի չկարողացավ անել ավելին, որ այս օրը երբեք չգա: Այո՛, ես ունեմ մեղքի իմ բաժինը: Բայց նաև գիտեմ, որ ևս մի քանի միլիոն մարդ ունի մեղքի իր բաժինը: Ու նաև գիտեմ, որ Հայաստանն ունեցել է երեք նախագահ ու այսօր էլ մեկ վարչապետ, որոնք բոլորն էլ սրբի դեմքով են ներկայանում:
Ո՞վ քանդեց մեր հայրենիքը: Ո՞վ էր պատասխանատու այդ ամենի համար:
Ես, դու, նա, մենք՝ բոլորս:
Բայց ինչպե՞ս հավատաս այսօրվա քաղաքական դեմքին, ով ողջ օրը զբաղված է մեղքը սրա նրա վզից կախելով:
ՀՀ ներկա ու նախկին ոչ մի առաջնորդ այդպես չասաց, որ ընդունում է, որ ինքը ավելի թույլ է եղել, քան կար, որ իր օրոք կաշառակերություն է աճել, որ հանցավորություն է ավելացել, որ մեր դիվանագիտական միտքը զբաղված է եղել չգիտեմ ինչով:
Եթե ասեն, ես գուցե հավատայի, որ այս մարդկանց մոտ ինչ որ աճ ու զարգացում կա, որ այս մարդիկ կարող են իրավիճակ գնահատել ու ըստ դրա՝ ինչ որ բան պլանավորել:
Հազար անգամ ոչ: Լևոնից մինչև Նիկոլ, բոլորը զբաղված էին ճաքեր ծեփելով: Մինչև, որ պատը փլվեց: Փլվեց: Փլվեց ու մեր հազարավոր տղաներ ասյօր այլևս չկան, մեր հայրենիքի մի մասն էլի ընկավ սրա նրա ձեռքը, մինչդեռ ամեն տեղ կոկորդ էինք պատռում, որ թուրքը ոչխար է, իսկ մենք՝ առաջին քրիստոնյա:
Մենք վատնեցինք մայիսի 9-ը: Ու վատնեցինք տարիներով:
ՀՀ բոլոր ղեկավարները մերժվեցին իրենց իսկ ընտրած ժողովրդի կողմից: Լևոնն էլ, Քոչարյանն էլ, Սերժինը հո հիշում եք, հիմա էլ Նիկոլն է մերժման փուլում: Հունիսի 20-ի ընտրություններն էլ հավանաբար ճաք սվաղելու նման մի բան կլինեն ու հարցեր չեն լուծի: Վստահ եմ, որ ընտրության հենց հաջորդ օրը ցույցեր կլինեն ու պարտվածները կմեղադրեն հազար ու մի կեղծիքի մեջ, իսկ ընտրայլները գուցե ավելի մեծամտանան, որոնց կարծիքով ժողովուրդն իրենց ոչ թե քվե է տվել, այլ անսխալականության ստատուս:
Իսկ հնարավոր չէ՞, որ բոլոր նախկին ներկաներն ի վեջո թողնեն գնան: Լավ ասենք, թե եղած մի քանի ուժեի առաջնորդները մի գիշերում որոշեն, որ չեն մասնակցելու, ինչ է, Հայաստանն անտե՞ր է մնալու: Ո՞վ է այս մարդկանց համոզել, որ իրենք միակն են ու անկրկնելին: Մանավանդ, որ բոլորն էլ իրենց չափով ատելություն են վաստակել ու ավերակներ թողել:
Իսկ եթե պետական այս այրերը մի քիչ գոնե լրջություն ունենային ու մեղքն ուրիշի վիզը գցելու փոխարեն փորձեին գոնե 50 վայրկյան լսել իրար, գուցե և ինչ որ բան փոխվեր:
Չնայած ինչ եմ ասում, իմ ֆեյսբուքյան ընկերներն ինձ ջնջում են, երբ իրենց հետ համաձայն չեմ լինում, երևի դա էլ է հանուն հայրենիքի:
Իսկ պատերը շարունակում են ճաքեր տալ…