ՀՀ երեք նախագահներն էլ ամեն մեկն իր հերթին ձգձգել է բանակցությունները՝ իր վրա «հող հանձնող»-ի անուն չկպցնելու համար: Այսինքն, եթե Փաշինյանը կարողանար ևս 5 տարի բարեհաջող ձգձգեր այս հարցը և պատերազմը պայթեր նրանից հետո պետության ղեկավար դարձածի օրոք, մի՞թե նույն բանը չէր լինելու:
Արայիկ Մկրտումյան
Մինչ ընտրական քարոզարշավում թեկնածուները խոստանում են միմյանց մուրճով մեխել, դագանակով գլուխ ջարդել ու էլի տարբեր սպառնալիքներ, թե ով ում ինչ է անելու, մենք կարծես, թե մոռացանք, թե ինչ պատահեց Հայաստանի ու Արցախի հետ և կարծես թե չենք էլ հասկանում, թե ինչ է կատարվելու հետո:
Իսկ խնդիրները գնալով շատանում են:
2020թ. նոյեմբերի 9-ի պայմանագրով Արցախի Հանրապետությունից մեծ տարածքներ հանձնվեցին թշնամուն: Այսպես կոչված «օկուպացված», իսկ իրականում ազատագրված յոթ շրջանները և դրան գումարած Շուշին ու Հադրութը, որոնք ԼՂԻՄ մաս էին կազմում, այժմ թուրքերի վերահսկողության տակ են:
Մինչև այժմ Արցախը մնում է չճանաչված հանրապետություն և նրա հետագա ճակատագիրն անորոշ է: Օդի մեջ հնչող «բանակցային գործընթաց» կոչված պատրանքները ոչինչ չտվին մեզ և առաժմ պարզ չէ, թե ինչ են տալու Արցախին: Պատերազմից առաջ մենք վճռականորեն մերժում էինք «կարգավիճակ՝ տարածքների դիմաց» թեզը, քանի որ իրավացիորեն դրանք հայոց հողերն են, միշտ են այդպես եղել, բայց եղավ այն ինչ եղավ ու հիմա մենք կանգնած ենք մի այնպիսի վտանգավոր իրադրության առաջ, որ չենք էլ պատկերացնում:
Ու վրդովեցուցիչ է հատկապես այն, որ այս օրերին ՀՀ ողջ ներուժը փոխանակ համազգային ու համապետական շահերի ծառայի, զբաղված են իրար վրա կոմպրոմատ հավաքել-ցույց տալով, շանտաժով ու անթաքույց ատելությամբ ժողովրդին պառակտել են ու հանել իրար դեմ:
Իսկ ի՞նչ է լինելու Արցախի հետ:
Հարցը տալիս եմ ամենաուղիղ և ամենավատ կասկածանքներով: Գաղտնիք չէ, որ թուրքերը բավարարված չեն նոյեմբերի 9-ի պայմանագրով: Եթե նրանց մնա, ապա նրանք նույնիսկ Երևանն են ցանկանում վերցնել, էլ ուր մնաց Ստեփանակերտը, որի հանդեպ ախորժակը շատ մեծ է ու սարսափելիորեն իրական:
Նոյեմբերի 9-ի պայմանագիրը շատ ավելի խորքային հետևանքներ ունի, քան այդ շրջանների հանձնումը:
Բացի նրանից, որ մենք կորցրինք այդ շրջանները, մենք կորցրինք ընդհանրապես ամեն տեսակի վերահսկողություն Արցախի նկատմամբ, մենք զրկվեցինք նրա ճակատագիրը որոշելու այն բոլոր շանսերից, որ ունեինք մինչև 2020թ. նոյեմբերի 9-ը: Մենք հիմա նույնիսկ չենք կարողանում ՀՀ-Ադրբեջան սահմանագծումը նորմալ վերահսկել, ուր մնաց Հադրութը կամ Շուշին վերադարձնել, ինչպես հայտարարում են ոմանք:
Հասկանո՞ւմ եք, որ հիմա մենք կանգնած են ընդհանրապես ողջ Արցախը կորցնելու ռեալ վտանգի առաջ:
Ադրբեջանը չի վերադարձնի Շուշին ու Հադրութը ու ոչ մի բանակցություն նրան չի ստիպի դա անել: Ամեն դեպքում ոչ մեր կողմից: Մենք հիմա ընդհանրապես ոչ ոքի հետ ոչնչի մասին չենք կարող բանակցել: Այս խայտառակ իրավիճակը, որի լրջությունը չենք կարողանում հասկանալ նոյեմբերի 9-ից սկսած, չի փոխվել մինչև հիմա: Ավելի՜ն, մենք հիմա նույնիսկ մեր գերիների հարցերը չենք կարողանում նորմալ լուծել, հասկանո՞ւմ եք: Ալիևը երեկ Շուշիում հանդիպել է Էրդողանին ու ցույց տալով Ստեփանակերտը՝ հայտարարել, որ իրենք Խանքենդիում, ինչպես իրենք են անվանում Ստեփանակերտը, հյուրանոց են ունենալու: Սա ոչ միայն նվաստացուցիչ է, այլև վտանգավոր կերպով իրական հեռանկար ու միայն այդ միտքը խելագարության է հասցնում:
Մենք ոչ մի դաս չքաղեցինք այս ամենից ու չենք քաղում նաև հիմա:
Արցախի ճակատագիրն ի՞նչ է լինելու: Պուտինն իր խոսքում հայերին անուղղակի մեղադրեց, ասելով, որ նույնիսկ ՀՀ-ի չի ճանաչել Արցախի անկախությունը և ասաց, որ ըստ միջազգային իրավունքի կետերի, Արցախը համարվում է Ադրբեջանի մաս:
Ու հիմա՝ Արցախում կանգնած են ռուսական խաղաղապահ զորքերը, որոնք կարող են հեռանալ այդտեղից, եթե Ադրբեջանը պահանջի այդ: Եվ այս պայմաններում ՀՀ-ի այս ներքաղաքական խեղկատակությունն ավելի է ընդգծում այն, որ այս պահին Հայաստանն ի վիճակի չէ ոչ ոքից ինչ որ բան ուզելու:
Մինչև նոյեմբերի 9-ը ադրբեջանցիների ամեն հայտարարություն մենք ծիծաղով ու արհամարանքով ենք ընդունել: Հիմա՝ վախով ու հայհոյանքով ու մեկ է՝ չունենք ոչ մի սթափ պատկերացում, թե ինչ է կատարվելու Արցախի հետ:
Արցախը ճանաչվելո՞ւ է, որպես անկախ պետություն: Ո՞վ է ճանաչելու: Ովքե՞ր են ճանաչելու: Մենք պատրա՞ստ ենք պատերազմով պաշտպանելու ներկայիս Արցախն ու վերադարձնելու Հադրութն ու Շուշին:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում հայտարարեց, որ Արցախն ի վերջո ադրբեջանցիներին է անցնելու, որովհետև մենք արդեն կորցրել ենք ամեն տեսակի վերահսկողություն ու դրան միջամտելու հնարավորություն: Ու նաև ասաց, որ Արցախի հարցը դեռ 1994 թ.-ից պիտի լուծվեր ու արդեն քիչ է մնում բարկությունից պայթես՝ լսելով նման հայտարարություններ, մանավանդ, որ հենց ինքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանն էր այդ ժամանակ ՀՀ նախագահը: Ու հենց այդ ժամանակ էլ ստորագրվեց այդ անիծյալ Բիշքեքյան համաձայնագիրը, որը նախատեսում էր՝
- ստեղծել ռազմական գործողությունները չվերսկսելու ապահովման մեխանիզմ,
- դուրս բերել զորքերը գրավված տարածքներից,
- վերականգնել հաղորդակցման ուղիների գործունեությունը,
- ապահովել փախստականների անվտանգ վերադարձը։
Եվ լիովին տրամաբանական հարց է առաջանում: Ինչի՞ համար էր այդ համաձայնագիրը կնքվել, մանավանդ, որ հայերը հաղթել էին պատերազմում ու Ադրբեջանն ինքն էր խաղաղություն խնդրում:
Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, թե մենք հիմա ուրախ կլինեինք, եթե Արցախի հարցը լուծվեր այդ 7 շրջանները վերադարձնելով ու չլիներ պատերազմն ու այսքան զոհերը ու նշում է, որ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» ստրատեգիան հայերի կողմից համարվել է դավաճանություն ու մեզ բոլորիս մեղադրում է քաղաքական տհասության ու անհեռատեսության մեջ:
Իհարկե վերջին էտապում շատ է խոսվում «ոչ մի թիզականության» մասին, բայց չի շեշտվում, թե ինչ է լինելու հետո: Այսինքն բոլորն ինչ որ խոսում են տապալված բանակցությունների, բաց թողնված հնարավորությունների մասին ու չես հասկանում, թե ինչ է լինելու հետո:
Հարց եմ ուզում ուղղել ՀՀ բոլոր ղեկավարներին ու Լևոն Տեր-Պետրոսյանին, մասնավորապես: Ինչո՞ւ կնքվեց Բիշքեկյան համաձայնագիրը: Մի՞թե աշխարհում նման բան կա, որ հաղթողն ու պարտվողը նստեն և որոշեն այնպես անել, որ բոլորի համար լավ լինի: Ու եթե Լևոն Տեր-Պետրոսյանը գտնում է, որ դեռ այն ժամանակ պիտի վերադարձվեին այդ շրջանները, ինչո՞ւ հենց այն ժամանակ դա չարվեց: Կամ եթե պիտի վերադարձվեին, ապա ինչո՞ւ գրավեցին: Ասում են անվտանգության գոտի: Ի՞նչ իմաստ ունի ստեղծել անվանգության գոտի՝ ու բանակցել այդ անվտանգության գոտին վերադարձնելու համար, թեկուզ և Արցախն անկախ ճանաչելու համար ու ոչ մի քայլ չանել այդ ուղղությամբ: Ու բացի դրանից ներկայիս պայմաններում, երբ կարելի է ասենք Կասպից ծովում գտնվող նավից ուղիղ նշանառությամբ հարվածել Սիրիային, ապա ի՞նչ արժեք ունի այդ անվտանգության գոտին:
Տեր-Պետրոսյանը հատկապես վերջին ժամանակներս շատ է սկսել կրկնել, որ ինքը ժամանակին զգուշացնում էր, բայց իրեն ոչ ոք չլսեց: Ներողություն եմ խնդրում, բայց պետության ղեկավարը զգուշացնելու համար չէ, այլ գործելու:
Եթե կգտնվեն մարդիկ ու կասեն, որ Լևոնը 94թ. չէր կարող հենց նոր ազատագրված հողերը հանձնել՝ ելնելով բազմաթիվ հանգամանքներից, գոնե հասկանո՞ւմ են, որ նույն բանն արվեց արդեն բնակեցված հողերի հետ: Եթե այն ժամանակ Լաչինում շատ քիչ հայեր կային, ապա 2020թ. նոյեմբերին շատ ավելի շատ էին: Ու հարցը միայն Լաչինը չէ: Այն ժամանակվա հիմարության պատճառով մենք հիմա հասել ենք այնտեղ, որ ադրբեջանցին կրկին Շուշիում կանգած հրանոթի փողն ուղղել է Ստեփանակերտ:
Կամ Լևոն Տեր-Պետրոսյանից հետո պետության ղեկը ստանձնած Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որ մշտապես բանակցել են այդ 7 շրջանները հետ վերադարձնելու համար, ի՞նչ էին կարծում, ի՞նչ պիտի լիներ: Այդ ինչպե՞ս պիտի հետ վերադարձվեր, որ հայերը համաձայնվեին դրան:
Այն տպավորությունն է, որ ՀՀ երեք նախագահներն էլ ամեն մեկն իր հերթին ձգձգել է բանակցությունները՝ իր վրա «հող հանձնող»-ի անուն չկպցնելու համար: Այսինքն եթե Փաշինյանը կարողանար ևս 5 տարի բարեհաջող ձգձգեր այս հարցը և պատերազմը պայթեր նրանից հետո պետության ղեկավար դարձածի օրոք, մի՞թե նույն բանը չէր լինելու:
Ու եթե Բիշքեկյան համաձայնագրով ի թիվս այլ բաների նախատեսված էր, հայկական զորքերի էվակուացիան Արցախից, ապա էլ ի՞նչ իմաստ ուներ այս ամենը սկսելու:
Վերջերս կարծիք հնչեց, որ Արցախի շուրջ բանակցությունները կարող էին դեռ 30 տարի էլ հետաձգել: Այսինքն այս ահավոր պատերազմից կարելի էր խուսափել ու այն ջարդել 30 տարի հետո եկող սերնդի գլխին, ճիշտ այնպես, ինչպես 26 տարի ձգձգեցին ու ջարդեցին մեր գլխին:
Ի վերջո ո՞րն էր ճիշտը Արցախի հարցում: Ոչ մի պաշտոնյա չի համարձակվում ասել: Բոլորն աշխատում են ապացուցել, որ իրենք ամենաճիշտն են մտածել ու հասկացել և մեղավորը հաջորդն է:
Իսկ ի՞նչ է լինելու հետո: Մենք հասկանո՞ւմ ենք, որ էլ ոչ մի Բիշքեկ, ոչ մի Մադրիդյան սկզբունք, Կազան կամ Քի Վեստ: Վերջ: Այդ ամենն արդեն գրողի ծոցն է ուղարկվել ու հիմա մենք ունենք ծվատված Արցախ, որին տիրություն են անում ռուսներն ու թուրքերը, ու հիմա թուրքերը լայն բացած ախորժակով նայում են Արցախին ու հատկապես Ստեփանակերտին:
Ցավն այն է, որ այսօր, երբ մենք հայտնվել ենք այս խայտառակության մեջ, քաղաքական դաշտն ապշեցնում է իր պարզունակությամբ: Փոխանակ համախմբվելու՝ քաղաքական առաջնորդները մի կողմից կեղծ խոստումներ են տալիս՝ խոստանալով վերադարձնել Հադրութն ու Շուշին, և մեղադրում միմյանց:
Հայ ժողովուրդը չի կարող մտածել անգամ Արցախը թուրքերին հանձնելու կամ այն ադրբեջանական ճանաչելու մասին: Այդ միտքը միայն բավական է կաթված ստանալու համար, իսկ քաղաքական առաջնորդները չեն ասում ոչ մի հստակ ու հասկանալի բան:
Ոմանք կարծում են, թե Մինսկի համանախագահները ի վիճակի կլինեն լուծելու այս հարցը ու գուցե ԱՄՆ, Ֆրանսիան և այլն կարող են մեծացնել ճնշումն այնքան, որ Արցախը ճանաչվի անկախ պետություն: Այո՛, կարող են, բայց միայն այն դեպքում, երբ իրենք ցանկանան, իսկ մեզ հարցնող չկա:
Մենք դա չհասկացանք ու էլի չենք կարողանում հասկանալ: Ու քանի դեռ Հայաստանը խեղդվում է սեփական քաղաքական անկայունության ու անորոշության մեջ, Արցախի ճակատագիրը գնալով ավելի ու ավելի անորոշ ու վտանգավոր է դառնում: