Ռուսները ոչ միայն Կովկասը, այլ մեծ հաշվով ռուսական պետականությունը պահելու այլ տարբերակ չունեն, քան՝ կամ ուղիղ Արեւմուտք, կամ՝ Թուրքիայի միջնորդական դերակատարումով: Այլ կերպ ասած, Թուրքիան կդառնա արեւմտյան «նահանգապետը» Ռուսաստանում:
Հակոբ Բադալյան
Փորձեմ համառոտ, բայց էլի երկար կստացվի, որովհետեւ շատ ծավալուն, անընդհատ ծավալուն թեմա է:
Ռուսաստանը թուլանում է բոլոր ճակատներում, եւ վաղուց: Ռուսները վաղուց ի վիճակի չեն որեւէ ռեգիոնում գերակա դերակատարության, այդ թվում իրենց համար կենսական հռչակված Կովկասում: Նոյեմբերի 9-ից հետո ռուսների համար կարեւոր է էստեղ հասնել հնարավորինս կառավարելի եւ կայուն ռեժիմի, որպեսզի Կովկասում քիչ բեռ ունենան եւ կարողանան զբաղվել այլ հարցերով, որոնք կուտակվում են: Ադրբեջանին ճնշելու լծակ գրեթե չկա, քանի որ Բաքվում կա Թուրքիա: Մնում է կայունության հնարավորինս կանխատեսելի ռեժիմի հասնել Հայաստանի վրա ազդեցության միջոցով: Բայց, դա էլ անսահմանափակ հնարավորություն չէ, որովհետեւ ամեն այդպիսի փորձ զգալիորեն ավելացնում է Ռուսաստանի հանդեպ մեղմ ասած բացասական վերաբերմունքը:
Այդ հանգամանքը շատ լավ պատկերացնում է Արեւմուտքը: Համառոտության համար ձեւակերպեմ այդպես հավաքականորեն, որովհետեւ առանձին առանձին եվրաատլանտյան բևեռում կան շահերի էական տարբերություննեևր: Արեւմուտքը դեմ չի լինի, որ Կովկասում շարունակվի այդ հարաբերականության ռեժիմը, որը թույլ է տալիս ազդել միաժամանակ թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի ու Ադրբեջանի, թե՛ Իրանի վրա: Առավել եւս, որ այդ ռեժիմի համար պատասխանատվությունը Ռուսաստանի եւ Թուրքիայի վրա է: Արեւմուտքի առաջադիմությունը դրսեւորվում է ոչ միայն տնտեսա-քաղաքական, հասարակական, քաղաքացիական, տեխնոլոգիական ոլորտներում, այլ նաեւ աշխարհաքաղաքականության տեխնոլոգիաների: Դրանց շնորհիվ պատասխանատվությունը հմտորեն դրվել է Ռուսաստանի, եւ արդեն նաեւ Թուրքիայի վրա: Մնում է պահել այդ վիճակը, ռուսներին ու թուրքերին պարբերաբար հասկացնելով, թե ով է լայն իմաստով իրականում դրության տերը, եթե անգամ թվում է, թե շատ հեռու է դրությունից:
Թուրքերն իհարկե դա գիտեն ամենից լավ: Եվ հենց դրա շնորհիվ է, որ հասել են Ռուսաստանի հանդեպ տակտիկական առավելության, ստեղծելով մի իրավիճակ, երբ ռուսների համար հիմա դարձել են ընտրություն՝ կա՛մ Արեւմուտք, կա՛մ Թուրքիա: Ընդ որում, դա էլ Արեւմուտք է, բայց արդեն միջնորդավորված: Ամբողջ հարցն էն է, որ պուտինյան կառավարման շրջանում ձեւավորվել է Ռուսաստանի ներքին սոցիալ-հոգեբանական մի միջավայր, որտեղ Արեւմուտք հասկացությունը նույնացվել է դավաճանության հետ:
Մինչդեռ, ռուսները ոչ միայն Կովկասը, այլ մեծ հաշվով ռուսական պետականությունը պահելու այլ տարբերակ չունեն, քան՝ կամ ուղիղ Արեւմուտք, կամ՝ Թուրքիայի միջնորդական դերակատարումով: Այլ կերպ ասած, Թուրքիան կդառնա արեւմտյան «նահանգապետը» Ռուսաստանում, իհարկե շատ պայմանական ձեւակերպումով: Թեեւ, մեծ հաշվով արդեն դարձել է:
Կա իհարկե Չինաստանը, բայց Չինաստանը որեւէ ընտրություն չի թողնում: Պատահական չէ դրակոնի խորհրդանշական կերպարը՝ Չինաստանը կուլ է տալիս եւ վերջ, հարցը` դանդաղ, թե արագ: Իսկ դա գիտեն բոլորը:
ԱՄՆ այժմ բոլորին ըստ էության հիշեցնում է այդ մասին: Այդ թվում Իրանին: Իրանում էլ, Արեւմուտք հասկացությունը դարձվել է «դավաճանության» համարժեք, իսկ օրինակ Չինաստանի հետ 5-ամյա պայմանագիրը փրկություն, բայց իրականում խնդիրը գուցե ավելի պարզ է՝ կամ Իրանը կուլ է գնում Չինաստանին, կամ պահում ռեգիոնալ սուբյեկտությունն ու դերը ԱՄՆ հետ ռազմավարական համաձայնության միջոցով:
Հասկանալի է, որ սա բավականին ընդհանրական ու համառոտ շարադրանք է, տարբեր աստիճանի բազմաթիվ հանգամանքների առկայությամբ: Եվ, բնականաբար սուբյեկտիվ դիտարկում:
Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը այս մեծ շրջանակում է, եւ գործնականում այդ կոնֆլիկտը կառավարելի չէ թե՛ Երեւանից, թե՛ Բաքվից: Մենք սահմանային լարվածության որեւէ դեպքում կփնտրենք լոկալ, ընթացիկ պատճառներ, մինչդեռ կոնֆլիկտի առկայությունը գործիք է ավելի մեծ խաղում, որտեղ փոքր պատճառներ ստեղծելը ուղղակի տեխնիկայի հարց է:
Թե՛ Երեւանը, թե՛ Բաքուն ունեն մի խնդիր՝ կարողանալ «որսալ քամին», ինչի համար անհրաժեշտ է ներքին տնտեսա-ռազմա-քաղաքական դիմադրունակության առավելագույն բարձր աստիճանի ապահովում, եւ իհարկե լուռ աշխատանքի ունակ ուղեղային կենտրոններ:
Մենք օրինակ խոսում ենք ռազմաարդյունաբերության հարցում ժամանակ բաց թողնելու մասին, մինչդեռ պակաս բացթողում չէ այսպես ասած «մտքարդյունաբերության» բացակայությունը, ինչը հատկապես զգալի է դառնում «թեթեւ մտքերի» տեղեկատվա-տեխնոլոգիական դարաշրջանում:
Խոսքը համաշխարհային ուժային կենտրոնների հետ աշխատանքի «հայկական պրոդուկտ» ստեղծելու մասին է, առանց որի չափազանց դժվար է լինելու մանեւրը այդ մեծ շրջանում: