Հայաստան

Անտեսված Ոգին

Ազգը, հայրենիքը…սրբություն է, միտք, շունչ, հոգի: Ահա թե ինչ էր առաջարկում ու պահանջում հայրենիքի անխոնջ գործիչը: Եվ դա այն է, որը մեզ պակասում է հիմա: Դա այն է, որին ձգտում ենք, բայց լավ չենք տեսնում ու հասկանում: Դա այն է, որի չհասկանալով մենք պարտվեցինք 2020թ.:

Արայիկ Մկրտումյան

Մենք շատ ենք սիրում խոսել ազգային թեմաներով և բացի դրանից սիրում ենք ընտրել մեկ-երկու կերպար, որոնք իրենց մեջ ամփոփում են այդ գաղափարը և դարձնում ենք սիմվոլ, խորհրդանշան, որոնք մեզ համար դառնում են կարևորագույն ու անփոխարինելի հենասյուներ, որոնց շուրջ էլ սկսում են պտտվել մեր մտքերն ու ու մեր խորհրդածությունները: 

Բայց կա մի խնդիր, որը շարունակում է մնալ ակտուալ և կարևոր: Այդ խնդիրը արհամարհանքն է: Այն իմաստով, որ մենք շատ հաճախ մոռանում ենք հայոց պատմության մեծագույն կերպարներից ոմանց մասին, նրանց բավարար չափով ուշադրություն չենք դարձնում: Եվ երբեմն նրանց մեջ հանդիպում են այնպիսի հսկաների, որոնք իրենց փառքով կարող են լուսավորել մի ողջ դարաշրջան:

Գաղափարական այս հսկան եղել է ՀՅԴ անդամ և դուրս եկել կուսակցությունից 1935թ.-ին: Նա փայլուն կրթություն էր ստացել, սովորել Բեռլինի քաղաքական դպրոցում, ավարտել Պրագայի համալսարանի փիլիսոփայական բաժինը, ծավալել կրթական ու ուսուցչական ահռելի աշխատանք: Ապրել Բուլղարիայում, 1933թ. Սոֆիայում հրատարակել «Ցեղանենգ շեյթանը», «Մտածումներ հայկական ճգնաժամի», «Հայ հեղափոխության ևՄայիս 28-ի մասին» գրքույկները։

Նա գործուն մասնակցություն է ունեցել ֆաշիստական այն քարոզչության ժխտման գործում, որի համաձայն իբրև թե հայերը ոչ թե հնդեվրոպական արիական , այլ սեմական ծագում ունեն, և որը կարող էր սպառնալիք դառնալ հայերի ջարդի համար, ինչպես այդ տեղի ունեցավ հրեաների հետ։

1944թ․ Բուլղարիայում ձերբակալվել է խորհրդային հակահետախուզության Սեմերշի կողմից, դատապարտվել է տասը տարվա ազատազրկման և մինչև 1955թ․ տառապել խորհրդային բանտերում։

Եղել է Գարեգին Նժդեհի հիմնադրած Ցեղակրոնության գաղափարակիցը։ Համատեղ հիմնադրել և քարոզել են Տարոնական շարժում կամ Տարոնականության հայրենասիրական գաղափարական հոսանքը, տպագրել «Ցեղ և հայրենիք» ամսագիրը։

Նա եղել է Գարեգին Նժդեհի գլխավոր, գուցե և միակ խորհրդատուն…

Այդ մարդը հայ ազգային ոգին բորբոքողներից էր, հայ ազգային պայքարի և գաղափարադիր մեծագույն գործիչներից մեկը: Մարդ, ով իր ողջ էությամբ գաղափար էր ու պայքար:

«Հոգեբան ստրուկը նա չէ, որին քաղաքականորեն ծանր մի դրություն է պարտադրված, այլ նա՛, որ անձնիշխան դառնալու խռովք չունի»,- ահա նրա մտքերից: Մաքուր և ազատ գաղափար, անմնացորդ նվիրում և հսկայական աշխատանք՝ ավանդ հայ ժողովրդին:

Եթե մենք այսօր դեռևս ի վիճակի չենք հասկանալու և ընդունելու նրա ողջ էությունը, ապա միայն այն պատճառով, որ չափից ավելի ենք հեռացել մեր նախնական էությունից, հայությունից, հայրենությունից:

Նա առաջարկում էր, ոչ թե կարճատև զինյալ պայքար, այլ մի ողջ գաղափարական ահեղ պատերազմ: Նա ասում էր, որ հայրենիքը սոսկ հողատարածք կամ ապստամբություն չէ…հայրենիքը այն տիեզերական երջանկությունն է, որը մարդուն կենդանուց կիսաստված է դարձնում: Հայրենիք, ահա նրա հավատամքը:

Նա վեր էր կեղծ ռասիստական-շովինիստական ցուցամոլությունից: Նրա պատկերացմամբ ու սկզբունքներով ազգային պայքարը հենված է հենց գաղափարի, մաքրամաքուր պայքարի վրա: Ազգը, հայրենիքը…սրբություն է, միտք, շունչ, հոգի: Ահա թե ինչ էր առաջարկում ու պահանջում հայրենիքի անխոնջ գործիչը: Եվ դա այն է, որը մեզ պակասում է հիմա: Դա այն է, որին ձգտում ենք, բայց լավ չենք տեսնում ու հասկանում: Դա այն է, որի չհասկանալով մենք պարտվեցինք 2020թ.: 

Ամեն ինչը գալիս է հենց այդ կետից՝ գիտակցումից:

Դեռ չե՞ք հիշում թե ում մասին է խոսքը: Ցավալի է, բայց այսօր իրոք մենք չենք ճանաչում մեզ: Չենք ճանաչում ու հենց այդ պատճառով էլ հնարավոր է դեռ չենք հասկացել, թե ում մասին է խոսքը: Հենց դրա պատճառով է, որ մենք անեկդոտներ ենք պատմում Վարդան Մամիկոնյանի մասին, հենց այդ պատճառով է, որ ասում ենք, թե. «Երկիրը երկիր չէ»:

Մինչդեռ միայն այս մարդու թողածով և ավանդածով մենք կարող ենք ոչ միայն վերականգնվել, այլև ստեղծել պետություն՝ հզորների մեջ հզոր:

Նա միայնակ ու նաև Նժդեհի հետ աշխատելով արեց ավելին քան  մի ողջ ազգային շարժում ողջ Եվրոպայում: 

Մենք պարտավոր ենք հասկանալու և ըմբռնելու նրան: Նա մեր ապագայի հույսերից մեկն է:

1956թ. հունվարի 13-ին նա ասում է իր աղջկան.

– Պատրաստ եմ մահը դիմավորելու, բայց չեմ ուզում, որ ինձ մերկացնեն ու լվան:
Մահվան այդ մեկ-երկու ժամերին նա ապրում է իր սիրելի անհետացող ընկերների հետ՝ հարատևորեն հիշելով Ներսես Աստվածատուրյանին ու Զոր. Գարեգին Նժդեհին: Եվ երեք անգամ, երկինք նայելով, ասում է.
– Ա՜խ Հայաստան, ա՜խ Հայաստան, ա՜խ Հայաստան:
Ու կնքում է իր մահկանացուն սրտի կաթվածով: Այսպես վերջանում է կյանքը ինքնօրինակ, ինքանտիպ, արտակարգ նկարագրի տեր, կարող մտավորականի:

Գաղափարի այդ հսկան Հայկ Ասատրյանն էր։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *