Սփիւռք

Բյուրոն Երեխայական Մոտեցումներով Կսպառի Կուսակցության վարկը

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեն հոկտեմբերի 9-10 հրավիրած կուսակցական խորհրդաժողովի արդյունքում հանդես եկավ հայտարարոթյամբ, որով կոչ էր անում «Վերականգնե՛լ Դաշնակցութեան Գաղափարական Հնոցը»: Այս նյութի շուրջ Առաջին լրատվականը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի որոշումով ՀՅԴ շարքերից հեռացված մտավորական, ՀՅԴ գաղափարախոս Նազարեթ Բերբերյանի հետ:

-Օրերս ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն խորհրդաժողով է գումարել, ընդունել հայտարարություն, որտեղ ասվում է, որ ՀՅԴ-ն կորցրել է իր քաղաքական հեղինակությունն ու տագնապալի օրեր է ապրում, որ ՀՅԴ վարկանիշը Հայաստանում ընկել է՝ հասնելով նվազագույն աստիճանի: Նրանք կոչ են արել աշխարհի բոլոր դաշնակցական մարմիններին՝ սատար կանգնելու Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ այս ընտանիքին՝ վերականգնելու համար Դաշնակցության գաղափարական հնոցը և որ թույլ չեն տա որևէ մեկին պառակտել իրենց կառույցը: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, ինչո՞ւ են անհանգիստ ԱՄՆ-ի դաշնակցականները:

-Այս մասին ես շատ եմ խոսել, սա շարունակվող պրոցես է: Մենք խոսել ենք սրա մասին այն ժամանակից, երբ Բյուրոն միջամտեց և ամեն ինչ արեց, որ շրջանում իրեն ցանկալի կենտրոնական կոմիտե ընտրվի: Բյուրոն նշանակեց Կենտրոնական կոմիտե, որը չընդունվեց: Այսօր Ամերիկայի արևմտյան շրջանում կա երկու կենտրոնական կոմիտեություն: Կազմակերպական երկու շրջան կա նույն Արևմտյան գոտու մեջ: Այդ պրոցեսն է, որ գնում է. Նույնիսկ «Ասպարեզը», որ այսքան տարվա պաշտոնաթերթն է Արևմտյան շրջանի  ՀՅԴ-ի, Բյուրոն հայտարարում է, որ դա կուսակցության հետ կապ չունեցող թերթ է: Այսպիսի ծիծաղելի, երեխայական վիճակ է: Բյուրոն այսպիսի երեխայական մոտեցումներով կսպառի կուսակցության վարկը: Անշուշտ բյուրոներով չէ պայմանավորված ՀՅԴ-ի վարկը մեր ժողովրդի մոտ, դաշնակցականները պահում են իրենց կուսակցության արժեքը, գաղափարական բնույթն ու նշանակությունը, բայց արդեն կապ չունեն կազմակերպության հետ, հանդիսատեսի պես հետևում են: Այնտեղ, որտեղ ունեն պաշտոնապես գրանցում և իրենց հովանու տակ ունեն տասնամյակներով ստեղծված թերթեր, ակումբներ, դպրոցներ, որոնք իրենց ուղեկից կառույցներին են պատկանում, այդտեղ իր ուզած մարդկանց են բերում տնօրեն, ուսուցիչ, խմբագիր: Նրանք փորձում են հայաստանյան ֆորմուլան կիրառել նաև Սփյուռքում և հավանաբար նաև հաջողեն, որովհետև  մարդիկ արդեն զզվել են այդ իրավիճակից:

-Ամեն դեպքում վերափոխվելու, վերակազմավորվելու շանս  ունի՞ Դաշնակցությունը, այսինքն՝ այլ մոտեցում ցուցաբերելով փրկել կառույցը:

-Ոչ, չեմ կարծում, թե կարող են: Հիմա ըստ ՀՅԴ կառույցի, ըստ կանոնադրության, մինչև հունվար-փետրվար պետք է նոր Ընդհանուր ժողով գումարվի և նոր Բյուրո ընտրվի: Դա նախատեսվածն է, բայց կառույցի մեջ կազմակերպական իրավիճակ չեն թողել մարդիկ, որ Ընդհանուր ժողով գումարվի այն իմաստով, որ տարբեր տեսակետներ, տարբեր մոտեցումներ կողք կողքի գալով մեր ազգի, մեր երկրի առջև ծառացած խնդիրներին դիմագրավելու վերաբերյալ գաղափարների բախում առաջացնեն, տեսակետների համադրում տեղի ունենա: Նման բաների համար ժամանակն անցել է, գնացքը գնացել է: Մնացածը գաղափարական իմաստով աղբակույտ է: Այսինքն՝ չկան այդ մտավորականները, որ մեր ժողովրդի, հայրենիքի, պետականության առջև ծառացած մեծ հարցերի լուծման ուղին գտնեն։ 65 թվականից այս կողմ մեր պահանջատիրական շարժման ամբողջ թափը, անցած ուղին վերարժևորելու, վերաքննելու, հաշվեհարդարի ենթարկելու սույն հրամայականին կդիմագրավի մեր ժողովուրդն ամբողջությամբ։ Սա ազգի խնդիրն է, ամբողջ հայ քաղաքական միտքը ամլացած է, չգիտեն՝ որ ուղությամբ պետք է «նավը» տանել։ Համակարգն է ՀՅԴ-ն կորցրել, չունի համակարգ, ունի անձեր, բայց նրանցով օրակարգ չի կարող կազմվել։ 1920-ական թվականներին, երբ Բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Ջամալյանը ևս հեռացվեց ՀՅԴ-ից, մինչև 31-ի ընդհանուր ժողովը ամբողջ կուսակցությունը իր ղեկավարներով, իր մտավորականների հետ Ջամալյանի դեմ վայրիվերումների մեջ մտավ այն աստիճան, որ 28 թվականի Ընդհանուր ժողովի ժամանակ կարողացավ հայտարարել, որ կուսակցությունը բոլշևիզմի՝ դեպի սփյուռք ներթափանցման խնդիրներով էր զբաղվում, Ջամալյանին դարձրել էին մամուլի քննարկման, բամբասանքի նյութ, օրակարգ։ Բանուգործ թողած Ջամալյան էին քննարկում։ Հիմա էլ զբաղված են Նիկոլ և Քոչարյան և այլ անձանց քննարկելով, մինչդեռ Ռուսաստանը Արցախը արդեն վերցրեց իր կազմած ծրագրերով։ Եվ հիմա նորից օրակարգ չկա, Արևմտյան շրջանում Դաշնակցությունը երկու կազմակերպության է վերածվել, իսկ Հայաստանում Իշխան Սաղաթելյանով և Հրանտ Մարգարանով Դաշնակցությունը իր պատմական երթը պետք է առաջ տանի՞․․․ այս խեղկատակությանը արժանի չէ մեր ազգը, հետևաբար, նոր օրակարգ փնտրեք, սրանք փուչիկ բաներ են, սկսել են մարդկանց փուչիկով զբաղեցնել։ Եվ հիմա անընդհատ անջատողական ռազմավարությունը կործանման է տանում։

Ստորև հայտարարության տեքսը:

«Համազգային տագնապի օրեր կ՛ապրի այսօր հայութիւնը, դիմագրաւելով վերջին տասնամեակներուն յարաբերակցութեամբ աննախընթաց մարտահրաւէրներ, որոնք կը սպառնան հայրենի հողին, վերելքի կարողականութեան եւ ժողովուրդի միասնութեան:

«Քաղաքական իր հեղինակութիւնն ու հմայքը կորսնցուցած՝ տագնապալի օրեր կ՛ապրի նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը: Անցած տասնամեակներուն, Հայաստանի քրէաօլիկարգիկ իշխանութիւններուն հետ համակերպելու կուսակցութեան քաղաքական վարքագիծը Դաշնակցութիւնը հասցուց գաղափարական եւ քաղաքական հարազատ ինքնութեան կորուստի վտանգին: Ժողովուրդէն ծնած եւ ժողովուրդին ծառայելու կոչուած Դաշնակցութիւնը կ՛օտարանայ՝ յաչս հայրենի մեր ժողովուրդին, որուն մօտ կուսակցութեան վայելած վստահութեան վարկանիշը ինկած է՝ հասնելով նուազագոյն աստիճանի: Այս մէկը անարդար է ՀՅԴի 130ամեայ ծառայութեան եւ աւանդին, ու անոր դրօշին տակ զոհաբերութիւն ցուցաբերած նուիրեալներու յիշատակին նկատմամբ:

«Դաշնակցութեան մէջ տիրող ապագաղափարականացումի հեղձուցիչ մթնոլորտը բնականաբար իր բացասական անդրադարձները կ՛ունենայ նաեւ կուսակցութեան կազմակերպական կեանքին վրայ: Կուսակցական ժողովները կը վերածուին ծիսակատարութիւններու՝ հետզհետէ զրկուելով պատասխանատուութեան կանչելու եւ հաշուառու ըլլալու իրենց դերերէն: Ղեկավարութեան վրայ գտնուողներ կը գործեն ըստ իրենց անձնական ու քաղաքական նպատակայարմարութիւններուն, եւ ոտնակոխելով կուսակցութեան կանոնագրային սկզբունքները՝ կամայական տնօրինումներով կը հարուածեն կազմակերպական մեր միասնութիւնը: Այս նոյն վարքագիծով, քաղաքական քննարկումի կամ տարակարծութիւններու հանդէպ անհանդուրժողութիւն կը ցուցաբերուի, եւ ի զուր կը փորձուի անդամալուծել դաշնակցական միտքը, ճնշել ու գաղափարական կուռ նկարագիրէ զրկել դաշնակցական մամուլը:

«Կուսակցութեան համար ստեղծուած պատմական ծանրակշիռ այս պահուն, ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի այս խորհրդաժողովը կը մերժէ կուսակցութիւնը իր հունէն հանելու եւ պառակտելու արտաքին թէ ներքին ամէն փորձ, եւ կը հաստատէ, որ իբրեւ ազգային, ընկերվարական, գերազանցապէս ժողովրդավար կուսակցութիւն՝ պիտի շարունակէ գործել իր ինքնուրոյն գաղափարախօսութեան եւ արժեհամակարգին ամբողջական նուիրումով ու տեղական օրէնքներուն համաձայն, որպէսզի իր առաքելութիւնը չկաղայ որեւէ այլ կառոյցի կողմէ:

«Այսօր, հայ ազգին համար ամէն ժամանակէ աւելի կենսական է առողջ, վերանորոգ եւ նպատակասլաց ՀՅ Դաշնակցութիւն:

«Հայ ազգի ամբողջական ազատագրութիւնը, արտաքին թշնամիներու դէմ կռուելով, թէ ներքին շահագործումներու դէմ դնելով՝ այլընտրանք չունի: Մեր ժողովուրդը ներքին ցեցերէն ազատագրելու եւ ընկերային արդարութեան հետամուտ ըլլալու կոչումով առաջնորդուող Դաշնակցութեան համար ընդունելի չէ ի՛ր իսկ գաղափարախօսութեան եւ ազգային հայեցակարգին հակադրուող ուժերու հետ որեւէ զինակցութիւն: Յա՛տկապէս անընդունելի է գործակցութիւնը քաղաքական ուժերու հետ, որոնք կասկածի տակ կը դնեն մեր պետականութեան անկախութիւնը բացարձակ արժէք համարելու հանգամանքը:

«Վերջին երեսուն տարիներուն, մեր հայրենիքի անցած դժուար ճանապարհին, եւ մանաւանդ անցեալ տարուան աղիտալի պատերազմի դառն փորձառութեան լոյսին տակ, այլեւս անառարկելի հրամայական է ժողովրդավարութեան հաստատումը մեր հայրենիքի մէջ՝ իբրեւ միակ երաշխիքը անկախ եւ ինքնիշխան պետականութեան գոյատեւման:

«Հայրենիքի թէ Սփիւռքի մէջ, հայ ժողովուրդը խոր մտահոգութեամբ կը դիտէ 44օրեայ պատերազմին ընթացքին, ու մանաւանդ սահմանային վերջին իրադարձութիւններուն գծով պարզուող անորոշ քաղաքականութիւնը: Այս բոլորի պատճառները, ըլլա՛ն իշխանական անփորձութիւն, քաղաքական ապիկարութիւն, թէ՝ մտածուած ուղեգիծի ձախողութիւն՝ անընդունելի են ու դատապարտելի: Եթէ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները չկարենան շատ արագ սթափիլ եւ ցոյց տալ յաւելեալ կազմակերպուածութիւն եւ վճռակամութիւն թշնամիին եւ մեծապետական խաղերուն դէմ, մենք ազգովին շատ սուղ գին պիտի վճարենք, աւելին քան մինչեւ այս պահս գրաւուած հողերը եւ հազարաւոր զինուորներու կեանքերը:

«Հայ ազգի ամբողջական ուժերով պէտք է աշխատիլ՝ ամրապնդելու պետական հիմնարկութիւնները եւ բանակը, առողջացնել արդարադատութեան համակարգը եւ հաստատել օրէնքի բացարձակ գերակայութիւնը: Հայաստանի մերօրեայ իշխանութիւնները եւս պէտք է հասկնան, թէ ազգի տարբեր հատուածներուն հետ գործակցելու եւ, յա՛տկապէս Սփիւռքի հսկայ ներուժը Հայաստանի պետականութեան հզօրացման ծառայեցնելու ծանր պատասխանատուութիւնը ունին: Այսօր, ամէն ժամանակէ աւելի, անհրաժեշտ է մէկդի դնել հատուածական շահերը եւ ազգի ուժերը համախմբել մեր պետականութեան շուրջ: Հաստատապէս, պիտի չյաջողինք մեր ազգային իրաւունքներուն վերատիրանալ, եթէ չենք ամրապնդած մեր պետականութեան հիմնասիւները եւ նուիրականացուցած անոր արժէքները: Անցնող տասնամեակներուն, այս ծիրին մէջ համազգային թերացումը մեր պարտութեան հիմնական պատճառներէն մէկն է:

«Կը հաստատենք եւ լիարժէք վստահութեամբ կը յայտարարենք որ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը պիտի վերադառնայ իր գաղափարախօսութեան ակունքներուն եւ իր երբեմնի բարձունքին: Իր Ծրագիրի գաղափարական թռիչքի վեհութեամբ, վերանորոգուած կանոնագրութեամբ եւ անսակարկ յանձնառութեամբ՝ Դաշնակցութիւնը անգամ մը եւս իր ներուժն ու ծառայութիւնը ի սպաս պիտի դնէ Հայաստանի հզօրացման եւ Արցախի դատին՝ ի հարկին այլընտրանքային այլ ուղիներ բանալով եւ հայապատկան հողերը իր իրաւական տիրոջ՝ հայ ազգին վերադարձնելու յանձնառութեամբ:

«Ահա՛ այսպիսի տեսլականով եւ առաջադրանքով հայ ժողովուրդին, եւ ի՛ մասնաւորի աշխարհացրիւ դաշնակցական ընկերներուն կը ներկայանան այսօր Արեւմտեան Ամերիկայի մէջ գործող դաշնակցական ողջամիտ մարմինները եւ անդամները: Կը յորդորենք կուսակցական մեր ընկերներուն, որ հեռու մնան անհեթեթ ու անտեղի շահարկումներու ճամբով մեր միասնութիւնը հարուածող քայլերէ:

«Կոչ կ՛ընենք աշխարհի բոլոր դաշնակցական մարմիններուն եւ ընկերներուն՝ սատար կանգնելու Արեւմտեան Ամերիկայի ՀՅ Դաշնակցութեան այս ընտանիքին՝ վերականգնելու համար Դաշնակցութեան գաղափարական հնոցը»:

    

One Response to “Բյուրոն Երեխայական Մոտեցումներով Կսպառի Կուսակցության վարկը”

  1. Zareh Arzoumanian Reply

    The Bureau of ARF joining the criminal and corrupt Robert Kocharyan party committed a mortal coup to the 130 years old ARF ORGANIZATION. Corrupt members of the Bureau became the “SERVANT” of Robert Kocharyan’s personal extremely dangerous projects. Diaspora Armenians and ALL ARF OPERATING GOMIDES MUST HAVE AN TOTALLY INDEPENDENT ARF DIASPORA BUREAU. The ARF BUREAU is not ideaologically, politically, socially, financially, MORALLY continue to keep a HEALTY ARF ORGANIZATION ANYMORE IN ALL DIASPORA ARMENIAN COMMUNITIES. Diaspora Armenian ARF organizations have ABSOLUTE MAJORITIES IN ALL FIELDS, memberships, educated professional, leadership, organizational perpetual capabilities, and financial means. Let end the corrupt and criminal association of ARF BUREAU IN ARMENIA AND OPEN A NEW CHAPTER BY SUPPORTING THE NEW LEADERSHIP UNDER THE NEWEST ARF WISE LEADERSHIP WHICH IS OPPOSING THE CORRUPT AND DESTRUCTIVE ORDERS OF ARF BUREAU MERCENARIES SOLD OUT TO CRIMINAL ELEMENTS UNDER Robert Kocharyan, Serje Sargsyan and HOOLIGAN STREET GANGS. Diaspora Armenians deserve a BETTER ARF DYNAMIC ORGANIZATION. We will survive.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *