Մենք՝ ՀՅԴ-ից հեռացված երիտասարդներս, դատապարտում ենք աշխատանքի անձնական, նեղ ու շահագրգիռ տրամաբանությունը, որն արդեն հասցրել է ջարդել ՀՅԴ ողնաշարը, և նաև խորը հարված հասցրել ՀՀ-ին որպես պետություն, քանի որ ՀՅԴ-ն առավել քան որևէ այլ ուժ պատասխանատու է հայության համար: Մենք առաջնորդվում ենք աշխատանքի ինստիտուցիոնալ, գաղափարական համապարփակ և կառուցվածքային տրամաբանությամբ։
Ինչպես տեղյակ եք 2019 թվականի դեկտեմբերին մենք հեռացվեցինք կուսակցության շարքերից և միտումնավոր դուրս մղվեցինք կուսակցական առօրյայից՝ հնարավորություն չունենալով քաղաքական գործունեություն ծավալել Հայաստանում որպես դաշնակցական։ Սակայն դա չկոտրեց մեր դաշնակցականի ոգին, ու մենք փնտրեցինք այլընտրանքներ մեր պոտենցիալը հայրենիքին ծառայեցնելու։ Սկզբում որպես հասարակական կազմակերպություն, ապա՝ հիմնադրամ, իսկ հիմա արդեն որպես քաղաքական նախաձեռնություն, մենք՝ ՆԱՈՒՄ ընկերներս, հավատարիմ մնալով ՀՅԴ գաղափարախոսությանը, պայքարում ենք հանուն հայրենիքի շենացման։
Մենք ծանոթացանք 2021թ. հոկտեմբերի 9-10-ին ՀՅԴ Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեի կազմակերպած խորհրդաժողովի բովանդակությանն ու էությանը և կարող ենք արձանագրել, որ միանշանակ դրական ենք գնահատում այդ քայլը: Խորհրդաժողովի ժամանակ ամերիկյան ընկերներներն ըստ էության քննարկել են նույն հարցերն ու նույն մտահոգություններն են արտահայտել, որը բարձրաձայնեցինք 2019թ., որից հետո ամենաանհեթեթ մեղադրանքներով հեռացվեցինք կուսակցությունից: Մենք և՛ այն ժամանակ, և՛ հիմա շարունակում ենք հավատարիմ մնալ դաշնակցականի կերպարին և ՀՅԴ ազգային գաղափարախոսությանը, որում արտահայտված են Հայաստանի, հայի և հայրենիքի մասին մեր հասարակական մտահոգություններին ուղղված քայլերը: Մենք լիովին կիսում ենք ՀՅԴ Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեի ընկերների մտահոգությունները տիրող իրավիճակի առումով, վերահաստատելով, որ այսօր ՀՅԴ-ն և ՀՀ-ն գտնվում են անասելի ծանր իրավիճակում, որի հետևանքներն իրոք լինելու են էլ ավելի ծանր, քան 2020թ. պարտությունն ու դրան ուղեկցող արհավիրքները:
Մենք՝ ՀՅԴ-ից հեռացված երիտասարդներս, դատապարտում ենք աշխատանքի անձնական, նեղ ու շահագրգիռ տրամաբանությունը, որն արդեն հասցրել է ջարդել ՀՅԴ ողնաշարը, և նաև խորը հարված հասցրել ՀՀ-ին որպես պետություն, քանի որ ՀՅԴ-ն առավել քան որևէ այլ ուժ պատասխանատու է հայության համար: Մենք առաջնորդվում ենք աշխատանքի ինստիտուցիոնալ, գաղափարական համապարփակ և կառուցվածքային տրամաբանությամբ, և այդ պատճառով էլ դեռևս 2019թ. մերժեցինք այն ինքնասպան ուղին, որը բռնել է կուսակցական վերնախավը: Մենք շատ ուրախ ենք՝ տեսնելով, որ հայության ու գաղափարի համար մտահոգության համար մղվող այս պայքարում միայնակ չենք և տեղեկացնում ենք, որ այն մարդիկ, ովքեր առաջնորդվում են թարմ և կայուն գաղափարախոսությամբ, կարող են լիակատար և անվերապահորեն հույս դնել մեր աջակցությանն ու գաղափարական հենքին:
Ցանկանում ենք հիշեցնել, որ մեր հեռացումով, կամ այլ ակտիվ և մտահոգ ընկերների մեկուսացումով ՀՅԴ հարցերը շարունակում են խորանալ և ինքնասպան պայթյունը մի օր վերջնականորեն կործանելու է իրենց հեղինակությունն ու պատիվը մի քանի նախարարական պորտֆելներով և բիզնես-առավելություններով վաճառած անձանց խնամքին հանձնված կուսակցությանը: Այդ մարդիկ մի օր լքելու են ՀՅԴ-ն, երբ հասկանան, որ այլևս ոչինչ հնարավոր չէ գրպանել և կուսակցության այն ընկերները, որ այսօր մեզ մեղադրանքներ են հնչեցնում, մնալու են անգիտության ու մեծ հիասթափության մեջ: ՀՅԴ ճակատագիրը շատ ավելի սարսափելի է, քան պատկերացնում են:
Մենք լավ հասկանալով և գիտակցելով պահի լրջությունն ու կարևորությունը, նորից ու նորից հայտարարում ենք, որ լինելով դաշնակցական գաղափարախոսության պաշտպանն ու արժեվորողը, դուրս ենք ցանկացած չնչին շահամոլ տրամաբանությունից և պատրաստ ենք ձեռք մեկնել այն բոլոր մարդկանց, ովքեր այլևս չեն հանդուրժի ինքնախաբության ու դավադրության այս մթնոլորտը:
Թե՛ պատերազմից առաջ, և թե՛ դրանից հետո մեր խնդիրը մեկն է եղել՝ ունենալ հզոր հայրենիք, հզոր իշխանությունով։
Մեր նպատակներից մեկը եղել և շարունակում է մնալ ՀՅԴ առողջացումը: Մենք կարևոր ենք համարում ոչ թե պարզապես դատարկ խոսքերով դատապարտելը կամ, ժամանակ առ ժամանակ ցուցադրական վեճերով ինքնագովազդը, այլ ձեռնարկել ենք հայի ու դաշնակցականի արքետիպային մաքուր կերպարի պահպանումն ու ամրացումը ենթադրող գործողություններ:
Մեզ չեն հասկացել այ ժամանակ, չեն ցանկանում հասկանալ հիմա:
Մենք դեռևս կուսակցության շարքերում եղած ժամանակ մշտապես փորձել ենք ձևավորել հարցին ուղղված գիտական, լուրջ և պատասխանատու մոտեցում ու մշտապես ստացել ենք աղավաղված ու անորոշ վերաբերմունք: Նույնը շարունակվում է հիմա ու ՀՅԴ վերնախավը պատերազմ է սկսել այն բոլոր մարդկանց նկատմամբ, ովքեր ցանկանում են դուրս գալ այս թմրության ֆոնից: Մենք պայքարել ու պայքարում ենք դաշնակցականի ու հայի կերպարի համար: Մենք մի կողմ ենք դրել առօրյայի սիրողական տրամաբանությունը և ամեն կերպ փորձում ենք կայունացնել ներկան ու փրկել ապագան:
Դա կարևոր է այնքանով, որ մենք փորձում ենք ուշադրություն դարձնել այն հարցերի վրա, որոնք լինելով կենսական կարևուրության, մշտապես անուշադրության են մատնվել՝ ավելի խորացնելով կուսակցական ներքին անկայունությունը և կուսակցական շրջանակներին մեկուսացնլով միմյանցից՝ անհնարին դարձնելով կուսակցական շրջանակների կապը միմյանց հետ։ Դա կործանման հստակ սցենար է:
Լինելով դաշնակցական գաղափարախոսության կրողը և կարևորելով պետության կայացումը, առաջնորդվելով ընկերվարական սոցիալիստական սկզբունքներով՝ հավատում և հավաստում ենք, որ մենք անկախ ամեն ինչից շարունակել ու շարունակելու ենք երկրի կայունացմանը միտված գործունեության։ Ողջունում և մեր գոտեպնդումն ենք հայտնում բոլոր իրական ու գաղափարական դաշնակցականներին:
ՆԱՈւՄ ընկերներ