Հայաշխարհ

Կոռուպցիան Այնպես, Ինչպես Որ Կա

Կոռուպցիան այն է, երբ դու վճարում ես ավելի ու ավելի շատ, բայց սկսում ես ապրել ավելի ու ավելի վատ: Դա այն է, երբ Վերահսկիչը հերթական աբսուրդ օրենքն է ընդունում ու հերթական անհասկանալի տուգանքը:

Արայիկ Մկրտումյան

Կոռուպցիայի մասին շատ են  խոսել ու շատ են շարունակում խոսել ու դա լրիվ արդարացված է, որովհետև այդ ախտը ցանկացած ուժեղ ու կայուն երկիր կարող է ծնկի բերել ու ոչնչացնել: Կոռուպցիան մի սոսկալի հիվանդություն է, չխնայող ու սպանող է, այն քայքայում է ու մաշեցնում: Կարելի է ասել, որ կոռուպցիան մի կեղտոտ հիվանդություն է, որը միանգամից չի սպանում, բայց կայուն քայլերով տանում է դեպի մահ, այնպես ինչպես երկարատև ջերմախտը, քաղցկեղը:

Կոռուպցիան դանդաղ ու կայուն զարգացող հիվանդություն է: Կոռուպցիան դատավճիռ է:

Հիմա անցնենք բուն նյութին: Մենք բոլորս լսել ենք այդ բառը և ըստ էության ինչ որ պատկերացումներ ունենք դրա մասին: Գիտենք, որ կոռուպցիա ասված իրենից ենթադրում է այն, որ մարդիկ կաշառք են վերցնում ու տալիս, և սխալ ու անարդարացի որոշումներ են կատարում կամ իրենց գործը չեն անում: Դա ճիշտ, բայց շատ թերի պատկերացում է: Անհրաժեշտ է հիմնովին ու կառուցվածքային առումով սխեմավորել մեր տեղեկատվությունը՝ ամբողջական պատկեր ստանալու ու դրա դեմ պայքարելու համար:

Պատկերացնենք մի այսպիսի վիճակ:

Ամեն աշխատող մարդ, իր աշխատավարձից ու եկամտից որոշակի տոկոս է բաժին հանում այսպես կոչված գլխավոր վերահսկիչ մարմնին՝ կառավարությանը: Այնտեղ, ուր այդ մարդը աշխատում է՝ ընկերություն, կազմակերպություն, այն ևս որոշակի տոկոս է վճարում Վերահսկիչին: Կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք հատուկ տոկոսներ են վճարում արտահանման, ներդրման և արտադրության համար: Բացի դրանից, ամեն ծառայություն և ապրանք ունի իր գինն ու արժեքը, որի համար կրկին տոկոս է վճարվում Վերահսկիչին: Այդ ընկերությունները բազմաթիվ են, այսինքն հսկայական գումարներ են վճարվում Վերահսկիչին: Էլ ավելի բազմաթիվ են անհատ մարդիկ, որ աշխատում են որևէ տեղ և հարկ վճարում: Նրանք միլիոններով են: Այդ միլիոնավոր աշխատող և վճարող մարդկանց անվանում են ժողովուրդ, իսկ ժողովուրդը և մյուս մանր, միջին ու մեծ ընկերությունները միասին կազմում են ընդհանուր հարկային դաշտը, որտեղ բոլորը իրենց տոկոսը վճարում են Վերահսկիչին:

Այդ ամենը պահելու և կարգավորելու համար, անհրաժեշտ են մի շարք երևույթների առկայություն, որոնք առողջ են պահում վերը նշված ոլորտները և թույլ են տալիս աշխատել ու վճարել: Օրինակ բժշկական հաստատություններ, որոնք մարդուն օգնում են հիվանդության ժամանակ, կոմունալ ծառայություն, որոնք մաքուր են պահում շրջակայքն ու վերանորոգում ամեն ինչ, հսկիչ ուժեր կամ բանակ ու ոստիկանություն, որոնք ապահովում են այդ ամենի ներքին ու արտաքին անվտանգությունը, կենսաթոշակ, որը վճարում են արդեն ծերացած մարդկանց, որոնք իրենց ժամանակին վճարել են իրենց բաժինը, գիտական հաստատություններ, որոնք ապահովում են այդ բոլորի զարգացումը և բարձրացնում ամեն ինչի մակարդակը, կրթական համակարգ, որը մարդուն պատրաստում է ժամանակակից կյանքի ու նրան ուժեղ և խելացի դարձնում և այդ ամենն ապահովելու համար Վերահսկիչը իր ստացած գումարները միացնում է իրար և հերթով ուղղում այդ բոլոր կետերի բարելավմանն ու ամրապնդմանը, որն էլ իր հերթին բերում է ամրության, կայունության, հանգիստ, խաղաղ ու ապահով կյանքի: Վերը նշված ոլորտների համար վճարում ես դու, ինչպես նաև վճարում ես Վերահսկիչին, որ նա կարողանա այդ աշխատանքը անել և ապրել:

Իդեալական մոդել է, բոլորը վճարում են, որ ընդհանուր կյանքը նորմալ հունով ապահովել ստացվի:

Դե ի՞նչ, կարծում եմ պարզ է: Հեշտ և հասարակ: Այս ամենը նմա՞ն է մեր կյանքին: Ո՞չ: Զարմանալի է, չէ որ տոկոսները գնում են, իսկ ինչո՞ւ հետ չեն գալիս:

Այս մոդելն աշխատում է այնքան ժամանակ, քանի դեռ Վերահսկիչը անում է իր գործը ազնվորեն, բայց երբ Վերահսկիչ մարմնի մարդիկ ժողովրդից հավաքված փողերին նայում են, ոչ թե որպես ժողովրդի փող, այլ որպես սեփական, ապա նրանց մտադրությունները փոխվում են, ու հավաքված գումարը, ոչ թե հետ է ուղղվում վճարողի կյանքը ապահովելու համար, այլ սկսում է դառնալ գործիք, որովՎերահսկիչը սկսում է ավելացնել իր անձնական ատրիբուտները՝ մեքենաներ, տներ, թանկ զգեստներ, ուտելիք, դղյակ:

Գանձարանում փողը գնալով քչանում է, քանի որ այն ուղղվում է արդեն ոչ թե այնտեղ, ուր նախատեսված էր, այլ Վերահսկիչի անձնական ցանկությունները բավարարելուն: Նման պարագայում սոցիալական ինստիտուտներին հատկացվող փողը գնալով քչանում է, և ի՞նչ է տեղի ունենում:

Նախ ավերվում է բժշկական համակարգը: Դադարեցվում են հիվանդությունների ուսումնասիրությունները, այնուհետև դեղերի արտադրությունը, հետո սկսում են պակասել անվճար դեղերը, սկսում են փակվել անվճար հիվանդանոցները, վճարովիները դառնում են շատ թանկ, սարքավորումները ոչ թե տեղում են արտադրվում, այլ սկսում են գնել արտասահմանից՝ շատ թանկ գնով, այնքան թանկ, որ ասենք ՄՌՏ սարքերը ողջ պետություն լինում են մի քանի հատ՝ սարսափելի թանկ ու միայն կենտրոններում: Ինչո՞ւ, որովհետև բժշկությանը նախատեսված գումարը օրինակ 1 մլնի փոխարեն եկել է 300 հազար: Իսկ դրանով շատ թույլ համակարգ է պահվում: Սկսում են քչանալ բժիշկները, պակասում է նրանց աշխատավարձը, հասունանում է շատ մեծ սթրես բժշկի ու հիվանդի մեջ՝ վատ ծառայության, թանկ դեղերի ու բուժման, անվերջ հերթերի ու մյուս այլ պատճառներով: Բժիշկը և հիվանդը դառնում են անհամբեր, դյուրագրգիռ, անփույթ: 

Իսկ ինչո՞ւ: Որովհետև ոլորտի ֆինանսավորում չկա: Որովհետև ՄԵԾ-ի փոխարեն Վերահսկիչը տվել է շատ ՓՈՔՐ: Իսկ ո՞ւր է փողի մնացյալ հատվածը: Դրանք չեն անհետացել, այլ լռվել են տնօրինողների գրպանում ու ուղղվել են Վերահսկիչի անձնական ատրիբուտների մեծացմանն ու շատացմանը: Իսկ այ թոշակառուների թոշակը չի բարձրացել ու չի շատացել, որովհետև կենսաթոշակային ֆոնդին ուղղված գումաների հետ տեղի է ունեցել այն, ինչ և բժշկական ոլորտի հետ հասկանո՞ւմ եք: Դրան գումարվում է սոցիալական մյուս ծառայությունների գների աճն ու որակի ընկնելը: Աշխատավարձերը չեն աճում, որովհետև այդ գումարների հետ տեղի է ունեցել այն նույն ֆոկուսը, ինչ և մյուս դեպքերում: Ու մարդիկ նկատում են, որ որոշները ապրում են դղյակում, անընդհատ հանգստանում են արտասահմանում, իսկ շատ շատերը դժվարությամբ են հագուստ գնում կամ ուտելիք ճարում:

Այս իրավիճակը կարող է փոխվել, մարդիկ կարող են բարկանալ այս վիճակից, կարող են մտածել ու մի օր էլ որոշեն փոխել ներկայիս վատ վիճակը:

Ի՞նչ անել նման դեպքում: Շատ պարզ: Վերահսկիչը սկսում է ավելի շատ յուրացնել համընդհանուր սեփականությունը և կրճատում է ևս մեկ ու շատ կարևոր ոլորտի հատկացումները՝ կրթության ու գիտության:

Դրանք սկսում են չզարգանալ, նեխել, փչանալ, որակը գցել: Դա բերում է մտքի լճացման, մարդիկ այլևս չեն կարողանում նոր միտք ձևավորել, նրանք այլևս չեն կարողանում նորովի մտածել, այլ մնում են այն նույն մակարդակում, որի պահից սկսած կրթությունն ու գիտությունը սկսել է փչանալ: Նրանք այլևս չեն կարողանում մտածել: Ցածր կրթական համակարգը թույլ չի տալիս լավ աշխատանք ունենալ, մարդիկ սկսում են մնալ անուսում, թերզարգացած և դառնալ անկիրթ ու անտեղյակ մեծամասնություն: Ուղեղը ոսկրանում է: Սկսում են աշխատել գրոշների համար և որ ամենակարևորն է, սկսում են լռել ու հարցեր չտալ:

Աշխատիր ու լռիր, այլապես, եթե հանկարծ որևէ մեկի մտքով անցնում է հարցեր տալ Մեծն Վերահսկիչին, նա շատ արագ ստեղծում է մի օրենք, որով արգելում է հայհոյել, քննադատել ու չենթարկվել: Ու եթե հանկարծ նույնիսկ այդ պարագայում, որևէ մեկը որոշում է հարցեր տալ, նրա դեմ է ուղղվում ներքին ու արտաքին հսկման օղակը՝, ոստիկանությունը, որը նախապես պիտի պաշտպաներ քեզ, բայց դառնում է Վերահսկիչի անձնական թիկնապահը: Եվ ոստիկանության մտքով արդեն չի էլ անցնում, որ նրանք հարստացնում են հենց Վերահսկիչին՝ ճնշելով սեփական հայրենակիցներին:

Փչանում են շուկայական հարաբերությունները: Առողջ ու որակյալ մրցակցության փոխարեն Մեծն Վերահսկիչի հետ հարաբերությունները կառուցվում են կեղտոտ ճանապարհով: Ով ներքին կարգով շատ վճարի, նա էլ կստանա պետական պատվերը, կհաղթի տենդերում: Չկա որակ, չկա խիղճ: Կա կեղտոտ մրցակցություն, որտեղ կաշառքով ստացված տենդերը Վերահսկիչի ու շահողի մեջ պետական պատվերից վերածվում է մասնավոր բինզեսի:

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես են կատարվում ճանապարհաշինարարության, հիվանդանոցների ու դպրոցների կառուցումները ու ինչ գումարներ են հափշտակվում, որոնք այդպես էլ հետ չեն վերադարձվում: 

Ծառայությունների որակն ընկնում է:

Ապրելը դառնում է տանջանք:

Ահա թե ինչ է կոռուպցիան: Կոռուպցիան այն է, երբ դու վճարում ես ավելի ու ավելի շատ, բայց սկսում ես ապրել ավելի ու ավելի վատ: Դա այն է, երբ Վերահսկիչը հերթական աբսուրդ օրենքն է ընդունում ու հերթական անհասկանալի տուգանքը:

-Մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ,-ահա նրանց սկզբունքը: 

Դե պատկերացրեք, եթե այդ ամենը ճնշող ու սարսափելի ազդեցություն է ունենում անհատ մարդու կամ կազմակերպության համար, ապա ինչ աղետալի է այդ ամենը անդրադառնում պետության վրա: 

Այն կործանում է պետությունը: Կոռուպցիան դատավճիռ է:

Որովհետև դրա հետևանքով չկա արտադրություն, չկա հետազոտություն, միայն և միայն փոքր աշխատավարձ, քայքայված տնտեսություն և որպես հետևանք՝ անկայուն երկիր, աղքատ ժողովուրդ՝ անպատրաստ բոլոր մարտահրավերներին:

Եվ կոռումպացված երկրներում մարդիկ զարմանում են, որ որևէ խոշոր գող կարողանում է հանգիստ կերպով ազատվել բանտից և դեռ քաղաքական պահանջներ ներկայացնել, իսկ ահա երեխաների համար հաց գողացող կնոջը, դատում են կրկնակի հանցագործության համար: Մարդիկ նման երկրներում ունենում են անհատական դեգրադացիա, անձնական ողբերգություն: Ամուսինները բաժանվում են, որովհետև այդ զզվելի վիճակի հետևանքի պատճառով նրանք այլևս չեն կարողանում ապրել իրար հետ: Երեխաները հայտնվում են մանկատանը, տարիքով մարդիկ՝ ծերանոցում: Որովհետև ոչ աշխատավարձն է հերիքում երեխային պահելու, ոչ՝ թոշակը:

Կոռուպցիան այն է, երբ ժողովուրդն ունի քիչ ազատություն, քննադատություն, գումար, առողջություն, ստեղծագործական միտք: Ու դրան հակադրվում է Վերահսկիչի ունեցած մոնոպոլիան, անպատժելիությունը, ունեցվածքը, դաժանությունը, ցինիզմը, գումարը:

Հայրենիքը չեն ընտրում, բայց ընտրում են քայքայել ու ոչնչացնել այն, թե զարգացնել ու հարստացնել:

Իսկ ի՞նչ անել նման դեպքում: Նախ առաջինը՝ ընդունել խնդիրը, պիտի ընդունել, որ վարակը կա ու այն շատ շատ ավելի ծանր է, քան էմոցիոնալ լապշան, որ կախում են մարդկանց ականջներից: 

Զարմանալի օրինակ: Տնտեսությամբ աշխարհում առաջին տասնյակում գտնվելող Շվեդիան, ստիպված էր միլիոնների կաշառք վճարել Ուզբեկստանին, որպեսզի իր TeliaSonera ընկերությունը կարողանա գոնե թույլտվություն ունենալ այնտեղ աշխատելու համար: Ահա թե ինչ:

Ինչո՞ւ էր պետք գիտենալ այս ամենը: Դե որովհետև գիտելիքը՝ ուժ է, իսկ ուժով հնարավոր է կառուցել այն երկիրը, որից ոչ թե կփախչես, այլ որտեղ կցանկանաս ապրել քո երեխաների ու հայրենակիցների հետ:

Խոսեք այս մասին, պատմեք ձեր ընկերներին, հասկացեք ու ախտորոշեք ու թույլ մի տվեք, որ Վերահսկիչը ձեր տանջանքը դարձնի ձեր դեմ ուղղված մտրակ՝ հանուն իր ևս մեկ դղյակի ու մեքենայի:

Կոռուպցիան համաշխարհային հիվանդություն է, բայց որոշ տեղերում այն թեթև է անցնում, իսկ որոշ տեղերում՝ հիվանդը կարող է այլևս վեր չկենալ տեղից:

Իսկ ի՞նչ ծանրությամբ եք գնահատում մեր երկիրը:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *